14 12 2023

Պատահական չէ, որ իշխանության պայքարը սկսվեց «Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ բողոքով. «Փաստ»

Պատահական չէ, որ իշխանության պայքարը սկսվեց «Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ բողոքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշինյանի իշխանությունը հաճախ է սիրում օգտագործել աննախադեպ, բացառիկ բառերը: Իրականում այս իշխանության կառավարման ժամանակաշրջանն իսկապես կարելի է նման արտահայտություններով բնութագրել, սակայն ոչ թե ձեռքբերումների առումով, այլ այնպիսի տապալումների տեսակետից, որ Հայաստանի պատմության մեջ ուղղակի բացառիկ են։ Համավարակի տարածման ժամանակ ականատես եղանք կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմանն ու հազարավոր մահերի։


Առաջինն ու հիմնականն այն է, որ Փաշինյանի ու իր իշխանության պատճառով Արցախյան պատերազմում խայտառակ պարտություն կրեցինք, ու երեք տարի շարունակ Հայաստանը ստիպված միայն զիջում է հակառակորդին։ Իսկ այսօր էլ մեր պետության ինքնիշխանությունն է դրված զոհասեղանին։ Բայց այդպես էլ մինչև հիմա պարզ չի դարձել, թե կոնկրետ ով ինչի համար էր պատասխանատու, ինչ թերացումներ են եղել, ինչն էլ բերել է այսպիսի ողբերգական հետևանքների։ Ճիշտ է՝ ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ձերբակալություններ, աղմուկ բարձրացրած դատավարություններ, սակայն վերջում, որպես կանոն, պարզվել է, որ այդ գործերը փուչ էին։ Արդյունքում նույնիսկ թշնամուն տեղեկություն փոխանցելու մեջ մեղադրվող անձինք ազատ արձակվեցին։

Այսինքն, խնդիրը ոչ թե կոնկրետ ուղղություններով բացահայտումներ անելն ու մեղավորներին պատժելն է, այլ ընդամենը շոուն, աղմուկ բարձրացնելը, մեղավորներ նշանակելն ու քաղաքական դիվիդենտներ շահելը։ Մյուս կողմից էլ՝ խորհրդարանական մեծամասնությունը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով է ստեղծել, որի աշխատանքներին տարբեր պաշտոնյաների են հրավիրում, լսում ու տպավորություն են թողնում, որ շուտով շատ լուրջ ու էական բացահայտումներ են անելու, բայց իրականում, ինչպես նշում են փորձագետները, այդ հանձնաժողովից որևէ էական բացահայտում սպասել պետք չէ։ Այս իշխանություններն ինչքան բացահայտումներ արեցին Ապրիլ յան պատերազմի մասով, այնքան էլ բացահայտումներ կանեն հիմա։ Ապրիլ յան պատերազմի հարցով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն այդպես էլ անհայտ մնացին հանրության համար։

Եվ սա նույնիսկ սպասելի է. չեն կարող որևէ իշխանության օրոք բացահայտումներ արվեն այդ նույն իշխանության մեղավորության վերաբերյալ: Պարզ է, որ նշյալի առաջնային պատասխանատվությունն ուղիղ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա: Իսկ նրա իշխանությունը, բնականաբար, ամեն ինչ անելու է և անում է՝ այլ մեղավորներ «նշանակելու» և մեղքը Փաշինյանից հեռացնելու համար:

Բայց առանց այդ բացահայտումների էլ, ինչպես ասում են՝ անզեն աչքով էլ տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանի ու իր թիմակիցների առաքելությունն է եղել Հայաստանի քայքայումը, քանի որ ի սկզբանե նրանք պարտությանը նպաստող գաղափարներով էին գալիս իշխանության։ Պատահական չէ, որ իշխանության համար նրանց պայքարը սկսվեց «Ազգ-բանակ» կոնցեպտի դեմ բողոքով։ Ու եթե ժամանակին այս հայեցակարգը գործարկվեր, ապա միգուցե լրիվ ուրիշ իրավիճակ ունենայինք։

Սակայն ամենավատն այն է, որ գործող իշխանությունները նույնիսկ հետևություններ չեն անում իրենց սխալներից։ Սխալներից՝ լավագույն դեպքում: Դրա համար էլ բանակի հզորացմանը ու հանրային իմունիտետի բարձրացմանը նպաստող նախաձեռնություններով ու նախագծերով չեն հանդես գալիս։ Ավելին՝ իրենց քայլերով իշխանություններն ավելի են բարոյալքում մեր բանակը՝ թիրախավորելով սպաներին ու զինվորականներին։ Օրինակ՝ խոսում են, թե 11 հազար դասալիք է եղել։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն անընդհատ հայտարարում է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման մասին, բայց այդպես էլ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Նախ՝ եղած պաշտպանական համակարգն է պետք կարգի բերել, հետո միայն խոսել պրոֆեսիոնալ բանակի մասին։ Իսկ եթե քայլեր էլ ձեռնարկվում են, ապա դրանք կիսատ-պռատ են ու էական փոփոխության չեն կարող հանգեցնել, իսկ որոշ դեպքերում էլ՝ ուղղակի եղած համակարգն են քանդում։

Օրինակ՝ երկամսյա հավաքներ են կազմակերպում կամ էլ նախագիծ են ներկայացնում բանակից գումարով ազատվելու վերաբերյալ։ Այս ամենով որևէ էական հարց չի լուծվելու։ Պատահական չեն կարծիքները, թե իշխանությունները միտումնավոր են այսպես վարվում, որ արժանանան արտաքին որոշակի ուժերի բարեհաճությանը և մնան իշխանության, չէ՞ որ դրսի ուժերին հզոր անվտանգություն ունեցող Հայաստան պետք չէ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ