04 11 2024

Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք. Սունդուկյանի անվան թատրոն

Նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք. Սունդուկյանի անվան թատրոն

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հայտարարություն է տարածել․

«Այսօր՝ 2024թ․ նոյեմբերի 4-ին  Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ընդունեց ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնք եկել էին լուսաբանելու նախկին «Գոյ» թատրոնին վերաբերող հարցը։ Հանդիպմանը ներկա էին նաև Սունդուկյան թատրոնի իրավաբան Արմինե Մելքոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը, Նելլի Շահնազարյանը, դերասաններ Լևոն Ավետիսյանը, Ալեքսան Թադևոսյանը, լրատվության և հասարակայնության պատասխանատու Անի Ներսիսյանը, իսկ նախկին «Գոյ» թատրոնը ներկայացնող փաստաբան Կարո Ասատրյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սարգիս Արզումանյանը դուրս եկան հանդիպումից։

Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին այն առաջարկները, որոնք ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից ներկայացվել են նախկին «Գոյ» թատրոնի աշխատակիցներին՝ առողջ և արդյունավետ համագործակցության ստեղծման նպատակով։ Մասնավորապես, առաջարկվել է աշխատել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում կամ, մասնավոր թատրոն դառնալու պարագայում, ստանալ մեկ տարվա պետական սուբսիդավորմանը համարժեք դրամաշնորհ և շաբաթ-կիրակի օրերին ներկայացումներ խաղալ թատրոնի չորրորդ հարկի դահլիճում։ Նշված առաջարկները մերժվել են նախկին «Գոյ» թատրոնի անունից բանակցողների կողմից։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 2-ին նախկին «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությանը, ըստ որի Արդարադատության նախարարությունն իբրև թե փաստել էր, որ 9 ամիս «Գոյ» թատրոնի գործունեությունը ապօրինաբար դադարեցված էր, այսօր փաստաբան Կարո Ասատրյանը պետք է ներկայացներ տվյալ հայտարարության հիմքը։ Ներկայացված փաստաթուղթը, սակայն, փաստում է միանգամայն այլ պատկեր։ ՀՀ Արդարադատության նախարարության Գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Տիգրան Արեյանի պատասխանը փաստում է, որ «Արդարադատության նախարարությունը (...) լիազորված չէ մեկնաբանելու դատական վեճի առարկա որևէ վարչական ակտ կամ գնահատականներ տալու, թե այս կան այն պահանջի պայմաններում արդյոք կասեցվե՞լ է այս կամ այն իրավունքի իրացումը»։ Պատասխանում հստակ նշվում է նաև, որ վարչական գործով ներկայացվել է ճանաչման հայց (ոչ թե վիճարկման), և խոսք չի կարող լինել  վարչական ակտի կատարման՝ օրենքի ուժով կամ դատարանի համապատասխան որոշմամբ կասեցման մասին։

Ինչ վերաբերում է այս կամ այն կազմակերպության կողմից գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքի կասեցված լինելուն (չլինելուն) կամ կազմակերպությանը գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունք վերապահված լինելու (չլինելու) հարցերին՝ հարկ է նշել, որ նշված հարցերը կարող էին քննարկման առարկա դառնալ բացառապես դատարանի որոշմամբ հայցի ապահովում կիրառված լինելու պայմաններում։

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Վարչական դատարանը ս․թ․ սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է թիվ ՎԴ/2195/05/24 վարչական գործով հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։

Վերոնշվածից բխում է, որ նախկին «Գոյ» թատրոնի հայտարարությունը չունի որևէ իրավական հիմք։ Այս մասին տեղեկացվեց լրագրողների հետ հանդիպմանը։

Լիահույս ենք, որ այսուհետ կդադարեցվեն փաստերի խեղաթյուրումը, անհիմն հայտարարությունների տարածումը և միակողմանի մեկնաբանությունները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ