12 12 2023

ՀՖՖ նախագահի մոտեցող ընտրությունները խոստանում են առանձնանալ սենսացիոն բացահայտումներով․ «Ժողովուրդ»

ՀՖՖ նախագահի մոտեցող ընտրությունները խոստանում են առանձնանալ սենսացիոն բացահայտումներով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՖՖ նախագահի մոտեցող ընտրությունները խոստանում են կտրուկ ընթացք ստանալ ու առանձնանալ սենսացիոն բացահայտումներով ու դեպքերի անկանխատեսելի զարգացմամբ: Առաջադրված թեկնածու, գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին առաջադրել է «Անի» ֆուտբոլային ակումբը, որի հիմնադիր Խորեն Հովհաննիսյանը ստիպված է լինում պատասխանել մամուլի հրապարակումներին, որոնք վերաբերում են իր ակումբի կողմից պայմանավորված խաղերի մասին հարցերի, ավելին՝ հայտնի չէ, թե այս ակումբն ինչ ֆուտբոլային գործունեություն է ծավալել 2019թ.-ից, երբ պայմանավորված խաղերի կասկածով փակվեց առաջին լիգան, որտեղ վերջին տեղով ընթանում ու տարօրինակ հաշիվներով պարտվում էր:

Ինչեւէ, անցած շաբաթ «Հետք»-ի մեր գործընկերները, ըստ էության, սենսացիոն հոդված հրապարակեցին, որտեղ ներկայացված էին փաստեր բարձրագույն խմբում հանդես եկող «Վեսթ Արմենիա» ՖԱ-ի սեփականատիրոջ եղբորորդու մասին, որը Բելգիայում պայմանավորված խաղերի սինդիկատի դեմքերից է ու կապ ունի նաեւ հայկական թիմի հետ: Դժվար չէ կռահել, որ այս թիմը եւս հայտարարել է Արմեն Մելիքբեկյանին սատարելու մասին, իսկ նման հրապարակումներով դեռեւս չկա քրեական գործ հարուցելու մասին հայտարարություն. թերեւս իշխանությունները չեն ուզում մինչեւ դեկտեմբերի 23-ը նսեմացնել Մելիքբեկյանի «հեղինակությունը»: Սա դեռ հարցի մի կողմն է. պարզվում է՝ ՀՖՖ նախագահի թեկնածությանը դեմ են հայկական երկու առաջատար թիմերի՝ գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու»-ի եւ առաջնության ներկայիս առաջատար ու թերեւս այս պահին ամենաշատ երկրպագուներ ունեցող «Փյունիկ»-ի սեփականատերերը: 

Առաջինի սեփականատեր Ջեւան Չելոյանցն անցած շաբաթ տված հարցազրույցում խստորեն քննադատել է Մելիքբեկյանին ու մեղադրել վերջինիս բազմաթիվ ֆուտբոլային «մեղքերի համար», իսկ «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաղուց է բացահայտ քննադատում ֆեդերացիայի նախագահին, իսկ վաղը հավիրել է մամուլի ասուլիս, եւ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, սպասվում են բացահայտումներ ոլորտում կատարված չարաշահումների մասին: Ի դեպ, այս երկու ակումբների սեփականատերերը ամենամեծ ներդրումն են արել հայկական ֆուտբոլում եւ դա կատարել են սեփական միջոցներից: Մասնավորապես, «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակադեմիաները ամենաշատ երեխաներն են մարզում, բաց աղբյուրների ուսումնասիրությունները խոսում են համապատասխանաբար 1400 եւ 1700 սաներ ունենալու մասին, ինչը հսկայական սոցիալական ու սպորտային ներդրում է Հայաստանում:

Փաստացի նման մարդկանց վստահությունը չվայելող Արմեն Մելիքբեկյանը դառնում է ֆեդերացիայի նախագահ՝ ունենալով ֆուտբոլային աննշան գործունեություն ծավալող ՀԿ-ների «անվերապահ» աջակցությունը: Իշխանություններն իրենց այս քայլով ցույց են տալիս, որ այդքան էլ չի հուզում ո՛չ հասարակական կարծիքը, ո՛չ ֆուտբոլային ապագան, ո՛չ էլ հռչակված ազատ ընտրություններն են իրական»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ