29 07 2023

Նույնիսկ քաղաքական թիմի ու ավագանու նախնական ցուցակ կազմելու հարցում են դժվարանում․ «Ժողովուրդ»

Նույնիսկ քաղաքական թիմի ու ավագանու նախնական ցուցակ կազմելու հարցում են դժվարանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի շրջապատի որոշ ներկայացուցիչներ ջանք չեն խնայում համոզելու, որպեսզի վերջինս հայտարարի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին: Ըստ մեզ հասած լուրերի՝ այս առումով հատկապես ակտիվ են նրա նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանն ու Արտակ Գասպարյանը՝ Արտաչոկը, որը նախկին «կավեենշիկ» է ու հայտնի է Ռուսաստանում իր կապերով (նա կարճ ժամանակ զբաղեցրել է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնը):

Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայկի քաղաքական թիմի ու ավագանու նույնիսկ նախնական ցուցակ կազմելու հարցում են դժվարանում. գործընթացն ընթանում է շատ դանդաղ ու անհաջող. նույնիսկ Մարությանի շնորհիվ հանկարծ լուրջ պաշտոն ստացած մարդիկ են ցրվել տարբեր կողմեր ու չեն ցանկանում կոմֆորտ գոտուց դուրս գալ եւ դառնալ ընդդիմություն այս իշխանություններին, կարճ ասած՝ «թռել են Հայկի թիմից»:

Հանրային կարծիք ուսումնասիրող ընկերություններից մեկի մեր աղբյուրը փոխանցեց, որ Հայկ Մարությանի կողմից թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարությունն ուշացնելն արդեն իսկ լրջորեն ազդել է նրա վարկանիշի վրա, մասնավորապես՝ անցած շաբաթ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը գրանցել է ամենացածր մակարդակը՝ վերջին երկու տարիների նմանատիպ հարցումների համեմատ, ու օգոստոսին, ամենայն հավանականությամբ, նա այլեւս չի լինի երկրորդ տեղում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ