07 07 2023

Այս տարրական ճշմարտությունը Անահիտ Մանասյանը չգիտի կամ չի ցանկանում իմանալ․ «Ժողովուրդ»

Այս տարրական ճշմարտությունը Անահիտ Մանասյանը չգիտի կամ չի ցանկանում իմանալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եթե որեւէ դատարանում նախատեսված է դռնբաց դատական նիստ, նշանակում է, որ լրագրողները ազատ կարող են մասնակցել, լուսաբանել եւ հանրայնացնել այն: Հայաստանի որեւէ ներպետական օրենքով կամ միջազգային կոնվենցիաներով արգելված չէ դռնբաց նիստի լուսաբանումը:

Այս տարրական ճշմարտությունը ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը չգիտի կամ չի ցանկանում իմանալ, դրա համար երեկ, պատասխանելով լրագրողների հարցի, թե ինչ իրավունքով է ԲԴԽ-ն արգելել իր դատական նիստի լուսաբանումը, որտեղ քնվում էր դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման հարցը, ասել է. «Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում։ Ես չեմ խոսի ԲԴԽ-ի մասին, որովհետեւ խոսքը դատական վարույթի մասին է, եւ Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող է խնդրահարույց իրավիճակ ձեւավորվել։ Պետք է լինի հստակ կանոնակարգ, որը կուղղի լրագրողների եւ քաղաքացիների ներկայացվածության պրոցեսը։ Մենք հիմա միջազգային չափանիշների ուսումնասիրություն ենք իրականացնում»։

Հատուկ օմբուդսմենի համար ընդգծենք, որ արդարադատության իրականացումն ապահովելու կարեւորագույն բաղադրիչներից է արդարադատության իրականացման հրապարակայնությունը: Վերահսկողություն պետք է լինի դատական իշխանության նկատմամբ, եւ, ամենակարեւորը, դատական իշխանությունը հաշվետու պետք է լինի հասարակությանը:

ՀՀ-ն` որպես մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է մարդու իրավունքներին վերաբերող կարեւորագույն միջազգային փաստաթղթեր, որով պարտավորվել է հարգել մարդու իրավունքները, այդ թվում` արդար դատաքննության իրավունքը, որն իր մեջ պարունակում է հրապարակային դատաքննության իրավունքը:

Ի՞նչ միջազգային չափանիշներ է ուսումնասիրում օմբուդսմենը, երբ դրանք վաղուց կան, գրված են, պարզապես պետք է պահպանվեն, ինչը Նիկոլ Փաշինյանի իշխանության պայմաններում չի արվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ