«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Քիշնևում նախ տեղի ունեցավ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ կարճատև հանդիպումը, ապա նրանց միացան նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Փաշինյան-Ալիև-ՄիշելՄակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը տևեց ընդամենը մեկուկես ժամ։ Այն իր բնույթով միջանկյալ հանդիպում էր, և ի սկզբանե պարզ էր, որ դրանից մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ, չնայած մինչ այդ հանդիպումը Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, թե հնարավոր է՝ հունիսի 1-ին խաղաղության պայմանագիրը կնքվի։ Պետք է նաև նկատի ունենալ, որ նման բարձր մակարդակի հանդիպումներից առաջ կամ հետո Ադրբեջանը, իր սովորության համաձայն, սրացումների է գնում՝ դիմելով տարբեր սադրանքների, որպեսզի լրացուցիչ ճնշում գործադրի հայկական կողմի վրա։
Ու, որպես կանոն, նախապատրաստվող հերթական ագրեսիաների ու ահաբեկչական քայլերի անոնսները կատարում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից։ Այս անգամ քիշնևյան հանդիպումից առաջ Հասանովը հայտարարեց, թե Ադրբեջանը շարունակելու է ձեռք բերել ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Նա հանձնարարեց նախապատրաստվել «հայերի հնարավոր սադրանքը» կանխելու համար։ Հասկանալի է, որ իր հանցագործությունները շարունակելու համար Ադրբեջանին թևեր է տալիս այն հանգամանքը, որ իր գործողությունները որևէ լուրջ արձագանքի չեն արժանանում Բրյուսելի կողմից։ Եվ Բաքուն, օգտագործելով այն առիթը, որ ԵՄ-ն ադրբեջանական էներգառեսուրսների կարիքն ունի, ավելի սանձարձակ ու լկտի գործելակերպ է որդեգրում։
Հնգակողմ հանդիպումը ևս մեկ հնարավորություն կարող էր լինել Ադրբեջանին ստիպելու կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ հումանիտար խնդիրներից սկսած, սակայն Շառլ Միշելը, ամփոփելով դրա արդյունքները, նշեց, թե իրենք անդրադարձել են մայիսի 14-ին Բրյուսել յան հանդիպման թեմաներին՝ քննարկելով սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները: Ըստ Միշելի, հնգակողմ հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստություն հուլիսի 21-ի բրյուսել յան հանդիպման համար։ Բայց Միշելի պնդումների արդյունքում կարող է հարց ծագել՝ եթե Քիշնևում տեղի ունեցած հանդիպումը կոնկրետ պայմանավորվածություններ չէր արձանագրելու, ապա ո՞րն էր դրա նպատակը։ Ըստ էության, շատ փորձագետների համոզմամբ, հանդիպումների շարքի միջոցով ԵՄ-ն փորձում է ցույց տալ, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում ստանձնել է գլխավոր միջնորդի դերակատարությունը՝ ի հակադրություն ՌԴ-ի միջնորդական ջանքերի։
Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հնգակողմ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների որոշակի դետալներ բացեց։ Նա նշեց, թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն 1975 թվականի քարտեզը հետագա սահմանազատման համար հիմք ընդունելուն։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանն արձանագրեց, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին վերադարձնել անկլավները։ Այս ամենը նշանակում է, որ հուլիսի 21-ի բրյուսել յան հանդիպման ժամանակ կողմերը փորձելու են համաձայնության գալ կոնկրետ այս թեմաների շուրջ։ Ըստ Արևմտյան պլանի ու Փաշինյանի հայտարարությունների, բացառապես ի վնաս Հայաստանի ու Արցախի: Հետաքրքիրն այն է, որ այս քննարկումները Փաշինյանը արդարացնում է այն պատճառաբանությամբ, թե Հայաստանը դրա արդյունքում «կադաստրի թուղթ» է ստանում։ Բայց պետք է նկատի ունենալ, որ այդ «կադաստրի թուղթը» նախևառաջ պետք է Ադրբեջանին, որպեսզի վերջնականապես փակի Արցախի թեման։
Այսինքն, դրանով Ադրբեջանը ձեռքերին ազատություն տալու հնարավորություն է ստանում։ Եթե Հայաստանը միջազգայնորեն ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, ապա ոչ ոք չի կարող դատապարտել Ադրբեջանին Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու և «իր տարածքում» ցանկացած հանցագործություն իրականացնելու համար։ Պետք է նաև նշել, որ Ադրբեջանը, իր սովորության համաձայն, բանակցությունների ամենավերջին պահին, երբ թվում է, թե բոլոր դետալները համաձայնեցված են, կարող է նոր պահանջներ դնել, ինչպես կատարել էր Ալիևը կազանյան պայմանավորվածության ժամանակ։ Պարզ է, որ ստանալով իր ուզածը՝ Ադրբեջանը կարող է տապալել բանակցությունները և հիմքեր ստեղծել Հայաստանի ու Արցախի նկատմամբ նոր ագրեսիայի համար, մանավանդ այն պայմաններում, երբ վայելում է Թուրքիայի ու Արևմուտքի աջակցությունը։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքվի, ապա Ադրբեջանը պայմանավորվածությունները չի պահելու։ Սա դոգմա է. Բաքուն երբեք չի պահել ոչ մի պայմանավորվածություն ու փաստաթուղթ: Այս պայմաններում անիմաստ է ակնկալիքներ ունենալ, թե արտաքին դերակատարները կարող են սանձել Բաքվին։ Ադրբեջանի գործողությունները ձևականորեն կդատապարտեն, իսկ հետո չեն հիշի այդ մասին, ինչպես եղավ Լաչինի միջանցքի փակման դեպքում։ Միջնորդներին միայն իրենց շահն է հետաքրքրում։ Եթե ավելի ռեալ մոտենանք իրադրությանը, ապա Ադրբեջանի համար բանակցություններն ընդամենն իմիտացիա են իր դիրքերն առաջ մղելու նպատակով։ Եթե Բաքուն տրամադրված լիներ խաղաղության, ապա երկու տարին բավական ժամանակահատված էր այդ համոզումը ցույց տալու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը