31 05 2023

Պարզվում է՝ ԱԳՆ-ն մեկ անձից գնումների ջատագով է․ «Ժողովուրդ»

Պարզվում է՝ ԱԳՆ-ն մեկ անձից գնումների ջատագով է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնումների ջատագով է: Պետական այս կառույցը մայիսի 24-ին պայմանագիր է կնքել «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ՝ 100 հազար դրամ տրամադրելու, որպեսզի տրանսպորտային ծառայություն մատուցի ՆԱՏՕ-ի ներկայացուցչին: Իսկ «Հասմիկ Բարխուդարյան» ԱՁ-ի հետ կքնված պայմանագիրն էլ 160 հազար դրամ է արժեցել, որով գնվել է հայերեն-ֆրանսերեն համաժամանակյա թարգմանություն:

Կրկին թարգմանության ծառայությունների համար ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել նաեւ «Անահիտ Ավանեսյան» ԱՁ-ի հետ՝ 180 հազար դրամ արժողությամբ: Չկարողացանք պարզել, թե անուն-ազգանվան համընկնումը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունի, թե ոչ: Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցը Հայաստան ժամանած հյուրերին, բնականաբար, նաեւ հյուրասիրում է, համենայնդեպս, այդ մասին են վկայում այս կառույցի պայմանագրերը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ այս կառույցի կնքած պայմանագիրը կազմել է 1 մլն 754 հազար դրամ, որով 43 անձի համար ճաշ է մատուցվել՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի շրջանակներում: Այդ նույն այցի ժամանակ էլ հյուրանոցային ծառայությունների համար ԱԳՆ արարողակարգի վարչությունը ծախսել է 568 հազար դրամ: Իհարկե, խոշոր գնումներն այսքանով չեն ավարտվում: Օրինակ՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունից ԱԳՆ-ն մոտ 740 հազար դրամի գնումներ է կատարել։ Այդ գումարով կառույցը գնել է թղթապանակներ, նոթատետրեր, գրիչներ։ Նաեւ «Վինո-Վինո» ՍՊԸ-ի հետ է պայմանագիր առկա՝ 225 հազար դրամի, որով էլ «Ազնավուր» եւ «Դվին» կոնյակներ են գնվել։

Այս գնումների մեծ մասն իրականացվում է մեկ անձից գնումների եղանակով: Կարճ ասած, այն, ինչ մերժում էր Արարատ Միրզոյանը, հիմա իրագործում է հաճույքով, առանց ամաչելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ