24 05 2023

«Ֆակտորի փրոդաքշն»-ը՝ գնումների առաջատար․ «Ժողովուրդ»

«Ֆակտորի փրոդաքշն»-ը՝ գնումների առաջատար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆակտորի փրոդաքշն»-ը շարունակում է պետական տարբեր գերատեսչությունների սիրելի ընկերությունը լինել՝ մեկ անձից գնումներ կատարելու առումով: Այս անգամ Արտաքին գործերի նախարարությունն է մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր ստորագրել ընկերության հետ՝ 736 հազար դրամի չափով: Այս գումարով ՀՀ ԱԳՆ-ն ձեռք է բերել 120 հատ թղթապանակ, 120 նոթատետր, 120 գրիչ: Իհարկե, սա փոքր գումար է՝ այն գումարների համեմատ, որոնք այս ընկերությունը ստացել է նախկինում:

Օրինակ՝ «Ֆակտորի փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 750 մլն 192 հազար դրամ էր հատկացվել 2022 թ. մայիսի 21-31-ը Երեւանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով: Սա միակ գնումը չէ. «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 2019-20 թթ.-ին 325 մլն դրամ էր վճարվել Երեւանում ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիշեցնենք, որ այս ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանը եւ Ռուդիկ Տեր-Գալստյանն են: Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ դրա ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այժմ մերձ հարաբերություններ ունեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործունյա եղբոր եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ – գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ