«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարբեր հարթակներում բանակցային գործընթացին զուգահեռ նաև ուշագրավ այլ քննարկումներ են ընթանում։ Մեր դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրի շահագրգիռ կենտրոնները, հատկապես Արևմուտքում, հասկանալով, որ փաստաթղթի ստորագրումից հետո կարող է շատ լուրջ խնդիր դառնալ Նիկոլ Փաշինյանին իշխանության ղեկին պահելու հարցը, այս օրերին ակտիվ քննարկումների մեջ են այլընտրանքային, «պահեստային» տարբերակ ունենալու առումով։
Այդ կենտրոնները գիտակցում են, որ ստորագրելուց հետո Փաշինյանին պահելը կարող է ոչ միայն անհնար, այլև ոչ նպատակահարմար լինել, փորձում են գտնել «պլան Բ»։ Ըստ նույն աղբյուրների, Փաշինյանին փոխելու հարցն այսօր առանցքային է նաև սեփական քաղաքական հետաքրքրությունները պահելու և մինչև վերջ առաջ տանելու առումով, որպեսզի հետագայում տարածաշրջանային գործընթացներից «դուրս չմնան»: Ըստ այդմ, քննարկվում են հնարավոր մի քանի թեկնածուներ, որոնք, իհարկե, հարում են արևմտյան թևին:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ թեկնածուների թվում են ինչպես Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ ներքաղաքական կյանքում ներկայում ակտիվ գործունեություն չծավալող գործիչներ։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, այս թեմայով նման քննարկումներ եղել են նաև Մոսկվայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը