14 04 2023

2 դիվերսանտին էլ սյունեցիները բռնեցին․ «Հրապարակ»

2 դիվերսանտին էլ սյունեցիները բռնեցին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․  Նախօրեին ԱԺ ամբիոնից կառավարության հետ հարցուպատասխանի ժամին Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ օրերս ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողները փախել են զորամասից՝ համածառայակիցների կողմից ճնշումների եւ նվաստացումների ենթարկվելու պատճառով: Այսինքն՝ դիվերսիայի մասին խոսք լինել չի կարող։ Սակայն այս հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ Սյունիքում կրակոցներ են հնչել, Կապան վարչական շրջանի ծայրամասում՝ Շղարշիկ վարչատարածքում, սպանել են ԶՄՊԿ-ի պոչամբարներից մեկի պահնորդին։ Հենց առաջին րոպեներին Կապանում անհանգիստ էին, օպերատիվ տեղեկությունները վկայում էին դիվերսիայի մասին։ Երեկ հաստատվեց դիվերսիայի փաստը. ԶՄՊԿ-ի 56-ամյա աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին, ըստ նախնական տվյալների, սպանել է Սյունիքի մարզում հայտնված ադրբեջանցիներից մեկը։


Իսկ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ Սիսիանի Բնունիս եւ Աշոտավան գյուղերն ադրբեջանցիներ են մտել, մեկին բնակիչները բռնել էին, մյուսը փախել էր։ Նա, փաստորեն, ոտքով ավելի քան 50 կիլոմետր Սիսիանից կտրել-հասել է Կապան եւ սպանել ԶՊՄԿ-ի պահնորդին։ Սպանելուց հետո ադրբեջանցին վերցրել է սպանվածի հեռախոսը, դրանով ուղիղ եթեր մտել, սպառնացել հայերին, ուղերձ հղել իր հայրենակիցներին ու հանգիստ հեռացել: Այսինքն՝ մինչ Սյունիքում դիվերսիա էր պատրաստվում, վարչապետը շարունակում էր խաղաղության դարաշրջան բացել եւ խոսելով Տեղ գյուղում օրերս տեղի ունեցած միջադեպի մասին՝ պնդում էր․ «Այո, երեկ միջադեպ է տեղի ունեցել, մենք զոհեր ենք ունեցել, բայց ես արձանագրում եմ հետեւյալը․ զոհեր ունեցել են նաեւ ադրբեջանցիները, ըստ ամենայնի, ավելի շատ` կրկնակի զոհեր։ Ես սա ինչո՞ւ եմ ասում, որ, միեւնույն է, մեր ռազմավարական խնդիրն այն է, որ մենք համակեցության բանաձեւը գտնենք, ուրիշ տարբերակ չկա։ Որեւէ միջադեպ մեր ռազմավարական նպատակը չի փոխում»։ Ապա հանգիստ պատմում էր այն մասին, որ Հայաստան ներթափանցած ադրբեջանցիներից մեկին չեն գտել, եւ փափուկ բարձ էր դնում, թե` «փնտրվող երկրորդ ադրբեջանցի զինծառայողը, ըստ առկա տվյալների, սահմանը հատելուց շատ չանցած՝ հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է, ուզում է վերադառնալ»։

Դատելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից, ադրբեջանցիները եթե նույնիսկ մի քանի տասնյակ նման դիվերսիաներ իրականացնեն, միեւնույն է՝ ՀՀ իշխանությունը հետ չի կանգնելու իր «ռազմավարական» նպատակից՝ փորձելով կյանքի կոչել խաղաղության պայմանագիրը։ Կապանից մեզ ասացին, որ դեպքից շատ չանցած՝ բնակիչների շրջանում արդեն լուրեր են տարածվել, թե կան օպերատիվ տվյալներ, որ կատարվածը դիվերսիա է։ Մարզպետարանի աշխատակիցն էլ տեղեկացրեց, որ ողջ գիշերը որոնողական աշխատանքներ են տարվել` ադրբեջանցուն հայտնաբերելու համար: Մեր տեղեկություններով, դրոններ են օդ թռցրել` անտառների վրա։ Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը տեղեկացրեց, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւս անձամբ մասնակցել է որոնողական աշխատանքներին․ «Լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ են իրականացվել, մասնակցել են շատ կողմեր, որոնց թվում՝ «Հայանտառի» աշխատակիցները: Իմ ունեցած ինֆորմացիայով՝ ադրբեջանցուն նկատել է հենց Կապանի «Հայանտառի» աշխատակիցը, այնուհետեւ օգնության են եկել, կամ գուցե աշխատակցի հետ որոնողական աշխատանքներին մասնակցել են նաեւ բնակիչներ, հայտնաբերել են Աճանանի տարածքում։ Եվ քանի որ տարբեր ուղղություններով, խմբերով են մասնակցել այդ աշխատանքներին, մոտ տարածքում նաեւ ոստիկանական խումբ է եղել, կարելի է ասել` համատեղ ջանքերով հայտնաբերել են»։ Մարզպետի խորհրդականին տեղեկացրել են, որ ադրբեջանցու մոտ հայտնաբերվել է սպանվածի հեռախոսը․ «Եղել է նաեւ բլոկնոտ, ատվյորտկա, փամփուշտներ, սակայն զենքը մոտը չի եղել։ Գուցե շպրտել է, գուցե՝ թաքցրել, դրա մասին արդեն չգիտեմ»։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն էլ հաստատեց, որ ԶՄՊԿ սպանված աշխատակցի հեռախոսը գտել են ադրբեջանցու մոտ: Իսկ Աճանանի գյուղապետը պատմեց, որ մայրուղու տարածքում գյուղացիները կեղտոտ, ադրբեջանական զինվորական համազգեստով մեկին են տեսել, որը կասկածելի է թվացել իրենց։ Ոստիկանություն են դիմել, որից հետո ադրբեջանցին ձերբակալվել է։ Ստացվում է, որ Սյունիք ներթափանցած 2 ադրբեջանցուն էլ բնակիչները բռնեցին, իսկ ՀՀ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը զբաղված են բացառապես Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելով եւ պատերազմից մազապուրծ, հուսահատությունից վարչապետի վրա հովանոց նետած կնոջն ու զոհվածների ծնողներին ճնշելով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ