21 03 2023

Տիգրան Ավինյանի քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքերին․ «Իրավունք»

Տիգրան Ավինյանի քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքերին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կուլիսներում փնթփնթում են վաղաժամ քաղաքապետի թեկնածու հռչակված Տիգրան Ավինյանի անհամբերությունից: Վերջինս պահանջում է օր առաջ իրեն Երեւանի քաղաքապետ կարգել, իսկ վերին օղակներում ամենեւին էլ նման մտադրություն չկա: Իշխանության օրակարգում շարունակում է մնալ սեպտեմբերին հերթական ընտրություններ անելը, քանի որ վստահություն չկա, որ ընտրության արդյունքում այս անգամ չեն կորցնի մայրաքաղաքային իշխանությունը»:

Իսկ թե ինչո՞ւ Հրաչյա Սարգսյանը շտապեց լքել քաղաքապետի պաշտոնը, սա էլ հերթական տուրքն էր Տիգրան Ավինյանին, որպես ապացույց եւ հոգու հանգստություն, որ ՔՊ-ն չի պատրաստվում վերջին պահին «գցել» գահավիժող վարկանիշով Ավինյանին եւ սեպտեմբերյան ընտրություններին քաղաքապետ։ դարձնել Հրաչյա Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանը սրանով նաեւ չեզոքացնում է Տիգրան Ավինյանի կողմից հնարավոր դավադրությունները՝ ուղղված նիկոլապետության սասանման:

Ի դեպ, Հրաչյա Սարգսյանի այսքան նվաստացումները եւ հրաժարականի հուզիչ ու առանց կսմիթների հայտարարությունը եւս ուներ իր պատճառները: Հայկ Մարությանից ազատվելու գործուն մասնակցության եւ իր բախտի բերմամբ թե պատահմամբ ձեռք բերած քաղաքապետի աթոռն այսքան հեշտությամբ լքելու համար, իհարկե, նախագահ Վահագն Խաչատուրյանն առնվազն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ պետք է շնորհեր Հրաչյա Սարգսյանին, բայց որոշել են բավարարվել Նիկոլ Փաշինյանի կողմից գործադիրում աշխատանքի տեղավորելով:

Ընդ որում՝ սա թեթեւ ապտակ է նաեւ Տիգրան Ավինյանին, ով կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում պարծեցել էր, թե գործադիրում աշխատելու փորձառությամբ է պայմանավորված՝ քաղաքապետի փոխարեն գործադիրի նիստերին իր մասնակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ