18 03 2023

Փաշինյանի սրտով էլ չի եղել Հրաչյա Սարգսյանի հեռանալը․ «Ժողովուրդ»

Փաշինյանի սրտով էլ չի եղել Հրաչյա Սարգսյանի հեռանալը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես եւ սպասվում էր, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարական տվեց:

Իր հեռանալու մասին հայտարարությունը նա արեց Երեւանի քաղաքապետարանում հրավիրած գործակարգավարական նիստի ընթացքում՝ հավելելով, որ շարունակելու է մնալ քաղաքական թիմի անդամ:

Ակնհայտ էր, որ հրաժարականի մասին հայտարարելիս Սարգսյանը բավականին հուզված էր, խոսելու ընթացքում կուլ էր տալիս տառերը, շնչակտուր էր խոսում։

«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Հրաչյա Սարգսյանի այս որոշումը անակնկալ է եղել ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ողջ ՔՊ-ի համար:
Սարգսյանը տեւական ժամանակ կապի դուրս չի եկել ավագանու «Իմ քայլը» ֆրակցիայի իր թիմակիցների հետ, նրանց անորոշ վիճակի մեջ է դրել: Երեկ, երբ մամուլը գրեց հրաժարականի մասին, նա անհետացել էր…

Տեղեկացանք, որ արդեն նախկին քաղաքապետը մի քանի անգամ ակնարկել է իր հեռանալու մտադրության մասին, սակայն վերջնական որոշում կայացրել է այս շաբաթ, բայց թիմակիցներին հստակ ոչինչ չի ասել:
Սարգսյանի որոշումն անակնկալ է եղել անգամ Փաշինյանի համար, որն ընդամենը օրեր առաջ իր ասուլիսում, լրագրողների հարցին ի պատասխան, համոզմունք հայտնեց, որ քաղաքապետը հրաժարական չի տալու:

Ըստ էության, Փաշինյանի սրտով էլ չի եղել Հրաչյա Սարգսյանի հեռանալը, քանի որ պաշտոնավարման ողջ ընթացքում հլու-հնազանդ ենթարկվել է իրենց բոլոր որոշումներին:
Մեր տեղեկություններով՝ հենց ՔՊ թեկնածու Տիգրանն Ավինյանն է այնպիսի իրավիճակ ստեղծել քաղաքապետարանում, որպեսզի Սարգսյանն ինքնակամ հեռանա, քանի որ ինքն էլ գիտակցել է, որ, ավագանու ընտրություններին ընդառաջ, Հրաչյա Սարգսյանի վարկանիշը բարձրանում էր:

Այսպիսով, քաղաքապետի հրաժարականից հետո ՔՊ-ն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է գնա ավագանու արտահերթ ընտրությունների, կա՛մ էլ ավագանու անդամներից մեկին ժամանակավոր պաշտոնակատար ընտրի մինչեւ ավագանու հերթական ընտրություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ