17 03 2023

Ավինյանը գնդակը նետել է Փաշինյանի դարպասը․ «Հրապարակ»

Ավինյանը գնդակը նետել է Փաշինյանի դարպասը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է պատրաստվում գրել, գուցե արդեն գրել է, որի մասին դեռեւս չեն հրապարակում։ Մեր աղբյուրներն ասում են, որ ներքին քաղաքական քննարկումներ են ընթանում, որով պայմանավորված՝ դիմումը կարող է հրապարակվել անգամ վաղը կամ երկուշաբթի, եթե ինչ-որ ֆորսմաժոր չխանգարի եւ այն չչեղարկվի, ինչպես վերջին ամիսներին Սարգսյանի գրած մի քանի դիմումները։

Մենք ժամանակին գրել ենք, որ Երեւանի դե ֆակտո քաղաքապետը Տիգրան Ավինյանն է, ով ձգտում է արտահերթ ընտրություններով նստել քաղաքապետի աթոռին, սակայն գործող քաղաքապետի հրաժարականը քաղաքական պատճառներով հետաձգվում է։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրության չգնալը պատճառաբանում է Ավինյանի չաճող վարկանիշով։ Իշխանական աղբյուրներն էլ ասում են, որ ուզում է փոխել թեկնածուին, քանի որ Ավինյանի մեջ տեսնում է իր իշխանության իրավահաջորդ-մրցակցին։ Իսկ եթե Ավինյանը դառնա Երեւանի քաղաքապետ, ապա նրա դեմն առնելը դժվար է լինելու։ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի ձերբակալությունը կարծես արագացրել է գործընթացները, մամուլը գրեց, որ փոխքաղաքապետի դեմ հարուցված՝ քովիդի վերաբերյալ քրեական գործով Փաշինյանը փորձում է գահընկեց անել Ավինյանին, ով քովիդի ժամանակ պարետատունն էր ղեկավարում։

Փոխքաղաքապետի կալանավորման առիթով անգամ ներիշխանական «բազառներ» են եղել, Ավինյանն ամեն գնով փորձել է կանխել կալանավորումը, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Հիմա նա համոզել է Հրաչյա Սարգսյանին՝ հրաժարականի դիմում գրել, որով կստուգի, թե ինչ տրամադրվածություն կա «վերեւներում» իր՝ քաղաքապետ դառնալու վերաբերյալ։ Եվ չնայած քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ Հրաչյա Սարգսյանը համաձայնել է դիմում գրել, սակայն դա դեռ չի նշանակում՝ գնալու են արտահերթ ընտրությունների, թե ոչ, դրա վերաբերյալ պետք է քաղաքական որոշում կայացվի։

«Երեւանի մասին» օրենքի համաձայն՝ եթե քաղաքապետը հրաժարական ներկայացնի, ապա հրաժարականից հետո առաջիկա երեք օրերին ավագանին պետք է ավագանու արտահերթ նիստ գումարի եւ նշանակի քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Եթե երկշաբաթյա ժամկետում ավագանու կազմից քաղաքապետի թեկնածու չառաջադրվի, կամ առաջադրված թեկնածուն չհավաքի բավարար ձայներ, ապա, համաձայն նույն օրենքի 17-րդ հոդվածի, կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակել արտահերթ ընտրություններ։ Ըստ ամենայնի՝ այս տարբերակը չի աշխատի, քանի որ Տիգրան Ավինյանն ավագանու ցուցակում չկա, ուստի չի կարող քաղաքապետի թեկնածություն առաջադրել, իսկ իր կուրացիայի տակ գտնվող ավագանին, բնականաբար, այլ թեկնածուի չի ընտրի։ Եթե այս սցենարը չի աշխատում, օրենքը թույլ է տալիս քաղաքապետի փոխարինող նշանակել՝ ավագանու կազմից, քաղաքապետի տեղակալներից առաջինին, այս դեպքում՝ Լեւոն Հովհաննիսյանին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների որոշում կայացվի, ապա կառավարությունն ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ