«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ինչինչ, այդ թվում՝ վարկանիշային հաշվարկներից ելնելով՝ իշխանությունները ցանկություն ունեին Երևանի ավագանու ընտրություններն անցկացնել ոչ թե աշնանը, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ, այլ արտահերթ կարգով՝ մայիսին: Դրա համար նախատեսված էր կիրառել իրենց «սիրելի» գործիքակազմը, այն է՝ խոշորացումը, երբ Երևանին կմիացվեր մեկ կամ երկու համայնք (ասենք՝ Փարաքարը): Սակայն Արցախի շրջափակումը, Ազատ գյուղի կացարանի հրդեհն ու 15 զինվորի մահը էապես խառնել են նրանց պլանները:
Բանն այն է, որ իշխանությունները ևս հասկանում են, որ իրենց՝ առանց այդ էլ չափազանց ցածր վարկանիշն էլ ավելի է ընկել: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է չգնալ արտահերթի ճանապարհով ու ընտրություններն անցկացնել «ժամանակին», այսինքն՝ սեպտեմբերին՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր մանիպուլյացիաների, «ծածկադմփոցների», արհեստական օրակարգերի, «բռնեմ-փռեմ ասֆալտին» օպերացիաների միջոցով կկարողանան մի փոքր շտկել վարկանիշային կատաստրոֆան: Հավելենք, որ այս ընթացքում տարբեր տեղեկություններ են շրջանառվել այդ ընտրություններին տարբեր քաղաքական ուժերի մասնակցության և քաղաքապետի թեկնածուների առաջադրման առումով:
Ի մասնավորի, որպես հավանական թեկնածուներ են նշվում ՔՊ-ից՝ Տիգրան Ավինյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Մանե Թանդիլյանը, «Համախմբում» շարժումից՝ Ավետիք Չալաբյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Դավիթ Խաժակյանը և այլ անուններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը