07 02 2023

«Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ»

«Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Չորս տարի շարունակ իշխանությունները հանրությանն են հրամցնում այն իրողությունը, թե տարբեր ուղղություններով բազմաթիվ բարեփոխումներ են իրականացնում, շուտով դրական փոփոխություններ են սպասվում, վերացվելու են մի շարք ոլորտներում առկա ռիսկերը և թերությունները, օրենքի գերակայություն է հաստատվելու, յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված է լինելու, բարելավվելու է բնակչության ապահովությունը և անվտանգությունը։ Եվ այլն, և այլն... Բարեփոխումների իրականացումն ընդհանրապես միջազգային պրակտիկայում նախատեսում է փորձագիտական գնահատականների վրա հիմնված ու հստակ ռազմավարության համապատասխան հետևողականորեն իրականացվող գործողություններ, որոնք պետք է տեսանելի արդյունքներ ապահովեն։

Բայց Հայաստանում դրանք ավելի շատ ինքնանպատակ են, և այդ է պատճառը, որ «բարեփոխումների» իրականացման արդյունքում իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև գրեթե բոլոր դեպքերում ուղղակի վատթարանում է։ Օրինակ՝ կարող ենք դիտարկել իրավապահ ոլորտը, որտեղ տարբեր փոփոխությունների մասին են թմբկահարում իշխանություններն ու իշխանամերձ որոշ շրջանակներ։ Ըստ այդմ, ակնկալվում էր, որ դրանց արդյունքում պետք է արդյունավետ դառնար օրենքի կիրառումը, նվազեցվեր հանցավորության մակարդակը, իրավապահ մարմինների գործունեությունը միտված լիներ օրինականության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Բայց... չկան դրական տեղաշարժեր, չկան իրական փոփոխություններ մոտեցումների, լուծումների մեջ, միայն դատարկ խոսքեր ու հայտարարություններ, այնինչ ձևական շարժերով, ասենք՝ կառույցների միավորումով կամ անջատումով բովանդակային առումով ոչինչ չի փոխվում։ Ի հետևանս... 2022 թվականին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 24,4 %-ով:

Ու ուշագրավ է, որ այնպիսի խայտառակ դեպքեր են գրանցվում, որոնք նախկինում ուղղակի բացառիկ երևույթ էին։ Գրեթե ամենօրյա ռեժիմով լրահոսում են հայտնվում կրակոցների, դաժան սպանությունների և այլ ծանր հանցագործությունների վերաբերալ նյութեր։ Մի խոսքով, «բարեփոխումները» նպատակային չեն, արդյունք չեն տալիս, այլ հակառակը: Փոխարենը եթե առարկայական փոփոխություններ էլ իրականացվում են, ապա դրանք արվում են բացառապես իշխանությունների նեղ քաղաքական շահերը սպասարկելու համար։ Օրինակ՝ հենց այսպիսի տրամաբանության շրջանակներում էլ ներդրվեց ծանր վիրավորանքի քրեականացումը, և անցյալ տարի արդեն 997 նման դեպք է գրանցվել։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, ապա արդեն երկու տարի է, ինչ իշխանությունները խոշոր բարեփոխումների մասին են հայտարարում և նշում են, թե շատ կարևոր աշխատանքներ են կատարվել, սակայն ականատես ենք լինում ոչ մարտական պայմաններում մեծ թվով միջադեպերի, որոնց գագաթնակետն էլ Ազատ գյուղի կացարանի հրդեհն էր, ինչը բացահայտեց բանակի բարձիթողի վիճակը։

Ու ամենաառանցքային խնդիրները չլուծված մնալով հանդերձ՝ հիմա էլ իշխանություններն անցել են ՊՆ նոր համազգեստի ներդրմանը։ Արտաքին քաղաքականության բնագավառում իշխանությունները ժամանակին բարեփոխումներ կատարելու հարցը դարձրել էին մատի փաթաթան, բայց հիմա դեսպանների գերակշռող մեծամասնության ընտրությունը կատարվում է քաղաքական նշանակումների համատեքստում։ Դրան գումարվում է նաև այն, որ ԱԳ փոխնախարար կարող է դառնալ իշխանական այնպիսի ներկայացուցիչ, որը շատ հեռու է արտաքին քաղաքականության իրականացումից և միայն հայտնի է տարկետման իրավունքն օգտագործելու միջոցով բանակից խուսափելով։ Մի խոսքով, մեծ հաշվով համարյա թե չկան իրական բարեփոխումներ, որոնք գործող իշխանությունների օրոք կարող են նորմալ իրականացվել ու արդյունք տալ։

Կամ էլ ընդհանրապես կիսատ-պռատ ու իմիտացիոն գործընթացներ են։ Օրինակ՝ 2018 թվականից սկսած Փաշինյանն առաջ է մղում սահմանադրական փոփոխությունների և նոր սահմանադրության ընդունման թեման, իսկ դրա շրջանակներում սահմանադրական բարեփոխումների խորհուրդներ են ձևավորվում, նիստեր են անցկացվում, սակայն ամեն ինչ դրանով էլ սահմանափակվում է։ Նպատակը մեկն է՝ իշխանություններին պետք եղած ժամանակ փոխել Սահմանադրությունը և այն հարմարեցնել Փաշինյանի քաղաքական նախընտրություններին, իսկ հանրային շահերից բխող նախաձեռնություններ չկան։ Ու այս ամենը նրանից է, որ անկախ փորձագետների ու ոլորտի մասնագետների կարծիքները լսելի չեն դառնում, և իշխանությունների խելքին ինչ փչում է, կամ դրսից ինչ ծրագրեր պարտադրում են, առանց դիտարկելու այն հանգամանքը, թե որքանով են կիրառելի մեր պայմաններում, սկսում են իրականացնել։

Այդպես, օրինակ՝ ներդրվեց համընդհանուր պարտադիր հայտարարագրումը, սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե այն կոնկրետ հանրային շահերը սպասարկելու առումով, բացի նրանից, որ կարող է ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներ սկսելու պատճառ դառնալ, ինչ նպատակի է ծառայելու։ Հիմա էլ պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման մասին է խոսվում: Դա կարող է իսկապես շատ կարևոր նախաձեռնություն լինել, գաղափարն ինքնին լավն է և աշխարհի շատ երկրներում իրեն արդարացրած: Իհարկե, այստեղ էլ, բնականաբար, ռիսկեր կան, սակայն փորձագետները կարծում են, որ թե՛ այս դեպքում, թե՛ մնացյալ դեպքերում ամենամեծ ռիսկն այն է, որ տվյալ փոփոխությունը կյանքի է կոչելու այս իշխանությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ