31 01 2023

Պատճառը քաղաքական է․ ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միության ատենապետը՝ իր մուտքը ՀՀ արգելելու մասին․ «Հրապարակ»

Պատճառը քաղաքական է․ ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական միության ատենապետը՝ իր մուտքը ՀՀ արգելելու մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտմիության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի հետ, ում մուտքը Հայաստան ՀՀ իշխանությունների կողմից արգելվել է: 

- Ինչպե՞ս բացահայտվեց Հայաստան Ձեր մուտքի արգելքը: 

- Մենք ունեինք ինֆորմացիա եւ հարցում արեցինք ԱԱԾ-ին: Ստացանք գրություն, որտեղ չկա ոչ մի փաստարկ, ոչ մի հիմնավորում: Մեզ համար պարզից էլ պարզ է, որ պատճառը քաղաքական է: Դա փաշինյանական իշխանության ոստիկանական ու հակաժողովրդավարական դիմագիծն է: 

- Ձեր կարծիքով, նման արգելքներով Փաշինյանն իր իշխանության անվտանգությո՞ւնն է ապահովում, թե՞ թուրքերի եւ ադրբեջանցիների առջեւ պարտավորություններն է իրականացնում: 

- Բոլոր տարբերակներն էլ հավանական են: Խնդիրը միայն ներքաղաքական չէ: Թուրքերի հետ կեղծ բարեկամության ֆոնին ուզում են, որ դաշնակցական հայրենասերներ չլինեն Հայաստանում: Մենք բավականին ակտիվ ենք ե՛ւ Արցախում, ե՛ւ Ֆրանսիայում: Մենք մեծ աշխատանք ենք կատարել, պայքար ենք մղել թուրք-ադրբեջանական լոբբիի մեջ եւ հաջողել ենք: Բայց Հայաստանի ներկա իշխանությունների ԱԳՆ-ի ներգրավվածությունն այս հակաթուրք աշխատանքի մեջ զրոյական է: 

- Վերջին շրջանում Եվրոպայում ակտիվացել են «Գորշ գայլերը»: Ֆրանսիայում առճակատումներ լինո՞ւմ են: 

- Մենք կարողացանք կասեցնել «Գորշ գայլերի» գործունեությունը Ֆրանսիայում: Բայց ներքին ինֆորմացիա ունենք, որ թուրքական իշխանությունն ուզում է, տարբեր ձեւերով վերանվանելով, նրանց գործունեությունն ակտիվացնել: Դրան զուգահեռ, Ֆրանսիայի ՆԳ նախարարությունից պահանջում են «ՀՅԴ նոր սերնդի» կազմաքանդումը եւ լուծարումը:

- Ֆրանսիական իշխանությունը կգնա՞ նման քայլի։

- Չեմ կարծում, թե կգնան: Թեեւ ֆրանսիական նավերը երբեք չեն բարձրանա մեր սարերը, Արցախը չեն ազատագրելու եւ այդքան էլ որոշիչ դեր չեն կատարելու, այդուհանդերձ, Ֆրանսիայում հանրային կարծիքի եւ պետական ընկալման մեջ Հայաստանն ունի առանձնահատուկ դեր:

- Իրավական գործընթացների կգնա՞ք՝ Ձեր մուտքի արգելքը վերացնելու ուղղությամբ: 

- Այո, կգնանք: 

- Վերջին անգամ ե՞րբ եք եղել Հայաստանում:

- Վերջին մեկուկես տարում 4 անգամ եղել եմ: Ամռանը մոտ երեսուն հոգանոց երիտասարդների խումբ բերեցինք Արցախ, բոլորը, լինելով առաջին անգամ, սիրահարվեցին Արցախին: Երկրորդ անգամ նոր տարին նշել եմ Ստեփանակերտում: Եղել եմ Ասկերանում, Մարտունիում, Անդրանիկ Չաուշյանի օջախում՝ Աղավնոյում, որն արդեն էլ չունենք: Հետո եղել եմ մարտին, ապրիլին, երբ փակվել էր Արցախի գազամատակարարումը: Ես այստեղից գումար հավաքեցի եւ 650 գազի բալոններ բաժանեցի Արցախի գյուղերի անապահով բնակիչներին: Չորրորդ անգամ եղել եմ եւ մասնակցել եմ դիմադրության շարժմանը: 

- Գուցե դրա համար էլ դարձել եք անցանկալի ա՞նձ:

- 2021-ին, երբ Փաշինյանն այցելեց Փարիզ, մենք այդ ժամանակ էլ հայտնել ենք մեր մերժումը, մեր վերաբերմունքը: Այդ ժամանակ ձերբակալվեցինք եւ մեկուկես օր անցկացրինք ոստիկանությունում: Բայց դրանից հետո չորս անգամ եղել եմ Հայաստանում եւ դուրս եմ եկել: Կարծում եմ, արգելքի պատճառն ավելի շատ այլ է…»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ