24 01 2023

Հատակից անդին. ինչո՞ւ և ինչպե՞ս այսքան ընկանք. «Փաստ»

Հատակից անդին. ինչո՞ւ և ինչպե՞ս այսքան ընկանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Որոշակի շրջանակներ տարիներ շարունակ շատ կազմակերպված, շատ հետևողական կերպով ամեն ինչ արել են մեր ժողովրդի ազգային արժեհամակարգն աղճատելու, հասարակության մտածողությունը համահարթեցնելու, այն շրիշակի մակարդակի իջեցնելու, մտածելու ունակությունը մաքսիմալ վերացնելու, մանիպուլյացիան կենսակերպ դարձնելու ուղղությամբ։ Զուգահեռ հնարավոր ու անհնար միջոցներով հանրային խոսույթի, վիճաբանության «մշակույթը» հասցվել է հայհոյանքի, վիրավորանքի, էժանագին պոպուլիզմի ու կեղծիքի մակարդակի: Սա վերաբերում է թե՛ քաղաքականությանը, թե՛ ընդհանուր հանրային, հասարակական հարաբերությունների այլ ոլորտներին:

Այս գործում «ավանգարդ» դերակատարություն են ունեցել Հայաստանում ներկայում իշխանավարողները և նրանց մերձակա որոշ շրջանակներ, այդ թվում՝ տարիներ շարունակ արևմտյան ֆինանսական աղբյուրներից սնվողները: Իսկ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, այս գործելակերպը առավել մեծ թափ է ստացել։ Հասկանալի է՝ նրանք հիմա ունեն ավելի մեծ ռեսուրսներ, այդ թվում՝ պետական, տեղեկատվական, որոնց շնորհիվ ահռելի լծակներ են գործի դրել մարդկանց մոլորեցնելու, խաբելու և մտածողության ամենաստորին մակարդակին պահելու համար։ Արդյունքում, որքան էլ ցավալի լինի, այս ամենը որոշակիորեն տվել է իր «արդյունքները». այսօր հասարակության մի որոշակի հատվածի համար հայհոյանքը, վիրավորանքը և անմակարդակ խոսույթը դարձել են ոչ միայն ընկալելի, այլև առաջնային, կիրառելի երևույթ։

Որքան էլ սարսափելի է, արդյունքում ունենք կանայք, որ հայհոյում են ամենավերջին խուլիգանի պես ու սոցցանցերով մեկ լուտանքներ տարածում իրենց հետ չհամաձայնողների կամ Նիկոլի հասցեին թթու խոսք ասողների հասցեին։ Ունենք մի վիճակ, որ մեր հանրության մի շերտի համար առավել ընդունելի է պոպուլիստական ակնհայտ սուտը՝ համեմված հայհոյանքով կամ ականջահաճո ձևակերպումներով, ինչ-որ մեկին պատժելու, «գնդակահարելու» խոսույթով, քան փաստարկված խոսքը կամ սեփական աչքի տեսածը: Արդյունքում ստացվում է՝ ով ավելի մեծ սուտ ասի ու մեղադրանք հնչեցնի, նա էլ գերակա դիրքերում կհայտնվի։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ հասարակության որոշակի շերտեր դարձել են պերֆեկտթիվիների ու դոգերի ունկնդիր։

 

Սարսափելի է անգամ մտածել, որ կան նաև այնպիսիք, որոնք ոչ միայն հետևում են հավաքական առումով նշյալ սուբյեկտներին, այլև հավատում են ցանկացած ստի ու մանիպուլյացիայի՝ ինչ թեմայի շուրջ էլ լինի՝ քաղաքականություն, Եկեղեցի, բիզնես, պատերազմ և այլն: Մեծագույն ողբերգություն է, որ պերֆեկտթիվիներն ու դոգերը մեր երկրում կարող են կարծիք և օրակարգ ձևավորել, թեպետ, հանուն արդարության պետք է նաև հավելել, որ վերջին շրջանում գնալով նվազում են ոչ միայն նրանց հավատացողները, լուրջ ընդունողները, այլև հետևողները: Դե, գոնե մի դրական բան կա: Սակայն մեզ համար, որպես ազգ ու հասարակություն, պետք է վիրավորական լինի, երբ Պարգև Սրբազանի նման մարդն այսօր արդեն ստիպված է լինում հատուկ անդրադառնալ այսպիսի «տեղեկատվական» հարձակման։ Իրականում ցանկացած նման արձագանք ավելի է «լեգիտիմացնում» տվյալ պահի որոշակի «նպատակահարմարությունից» կամ շահագրգռությունից բխող հարձակումը, տեղեկատվական մանիպուլյացիան, որը գուցե հենց այդ նպատակով էլ արվում է:

Խոսքը միայն կոնկրետ, առանձին երևույթների կամ միավորների մասին չէ, այլ գլոբալ առումով հատկապես սոցցանցային հարթակում տիրող «մթնոլորտի»: Մի խոսքով, տարիներ շարունակ ամեն ինչ արվել է, որ անընդհատ ու անընդմեջ ընկնենք, իջնենք: Ու ամեն անգամ, երբ թվում է, թե հասել ենք հատակին, մեկ էլ ու... ներքևից նորից ինչ-որ ձայներ են գալիս: Ու նորից մեզ քաշում են ներքև, ներքև, ներքև... Երևի թե միակ մխիթարանքն այն է, որ քաշողները միշտ ավելի ցածում են, քան նրանց հետևից իջնողները։ Միշտ։ Որովհետև նրանք քաշում են ոչ հորիզոնական (դա իրենց ուժերից ու մակարդակից վեր է), այլ ուղղահայաց։ Ներքևից... Բայց ինչքան ներքև են քաշում, շատ ավելի իրենք են իջնում... Նրանց վերև քաշել երևի չենք կարող, բայց ձեռքներս պոկել նրանց ձեռքերից գուցե թե կարող ենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ