Մեր վիճակն իրոք ծանրագույն է։ Ունենք ավելի մեծ խնդիրներ, քան կարող ենք տանել։ Այդ խնդիրներն ունենք, որովհետև անգամ մանր հարցերը լուծել չկարողանալով՝ այս մարդիկ խելքից դուրս բաներ ասացին ու արեցին։ Փաստում ենք՝ Հայաստանի իշխանությունն անադեկվատ է։
Հայաստանի քաղաքացին՝ սահմանադրությամբ ու օրենքներով պաշտպանված քաղաքացին, ասում է՝ շորերով ենք քնում, որովհետև կարող է ամեն պահի արտագաղթենք, ադրբեջանցիները կրակում են, անհնար է ապրել այդ պայմաններում։ Քաղաքացու անվտանգությունն իշխանությունը չի լուծում, բայց ասում է՝ քանի որ կրակում է Երասխի ուղղությամբ, եկեք տանք-պրծնենք, Կութի վրա՞ են կրակում, եկեք դա էլ տանք, որ մեզ հանգիստ թողնեն։ Մենք խաղաղության ենք ձգտում։ Բայց ուղղակի միամիտ հիմար են բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե Երասխը, Վարդենիստը, Շորժան, Կապանը տալուց հետո իրենց հանգիստ կթողնեն։ Հերթով տալով գալու եք։
Նիկոլն ասում էր մենք երկարատև խաղաղության դարաշրջան բացելու մանդատ ենք ստացել, մեկ օր անց ասում է, թե հնարավոր է նոր պատերազմ։ Այդ պատերազմը, ժողովուրդ, արդեն տեղի է ունենալու Հայաստանի սահմաններից ներս։ Էդ մարդու գլխավորած պատերազմն էլ բոլորս գիտենք ինչ ավարտ է ունենում։ Ադրբեջանն ամեն օր պատերազմով է սպառնում, մենք ունենք անվտանգության ճգնաժամ, ու Նիկոլն այս ամենը չտեսնելու է տալիս։
Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք, Կապան, Վարդենիս, Շորժա, Նիկոլի հետ հանդիպմանը Եվրոպական ամենաբարձր պաշտոնյաներից մեկը Հայաստանի տարածքը համարում է վիճելի, ու Նիկոլը կողքը կանգնած՝ ձայն չի հանում։ Նույն պահին նույն տարածքից ոստիկանությունը ուժով, գլուխը գետնին խփելով՝ բերման է ենթարկում Գեղամ Նազարյանին, որի որդին զոհվել է այդ հողերը պաշտպանելիս։ Հիմա ինձ ասեք՝ Գեղարքունիքը Նիկոլի համար վիճելի տարա՞ծք է, թե՝ չէ։ Սյունիքը վիճելի տարա՞ծք է, Իջևանը, Նոյեմբերյանը։ Նիկոլը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր ակտիվորեն պաշտպանում էին հայրենիքը, ովքեր ըմբոստանում են հողերը հանձնելու դեմ։ Նա համախմբելու փոխարեն գլխատում է մարզերը, ժողովրդին զրկում դիմադրությունից։
Պատերազմի թեժ օրերին Նիկոլը բունկերում բանաստեղծություններ էր գրում «հաղթելու ենք» ոճի, Ալիևին տողեր էր ձոնում, իսկ Սյունիքի համայնքապետերը զենքը ձեռքներին՝ սահմանին էին։ 90-ականներին, երբ պատերազմ սկսեց, Փաշինյանի հայրենի Տավուշն էլ էր վտանգի մեջ, բայց Նիկոլը չմնաց պաշտպանելու, էլի թռավ։ Հիմա այդ համայնքապետերը կալանքի տակ են։ Կալանքի տակ են, որովհետև խորհրդարանական կեղծված ընտրություններից հետո դատավորների մեծ մասը վերադարձավ Փաշինյանին ընդունելի «վնգստոցի» միջավայր։ Չի եղել կալանքի միջնորդություն, որը չբավարարվի՝ կլինի պրոֆեսոր, համայնքապետեր, ազատամարտիկներ, թե հայրենասեր այլ մարդիկ։ Ու կալանավորված անձանց ընդհանրությունն այն է, որ ակտիվ պայքարել են, որ թուրքը չմտնի Սյունիք, ընտրվել են ժողովրդի կողմից, վայելում են ժողովրդի հարգանքը, «Հայաստան» դաշինքի անդամ են։
Փաշինյան-Ալիև զույգը հարձակում է սկսել Սյունիքի վրա, ու պայքարող տեսակին մաքրում են ճանապարհից։ Ալիևը Սյունիքն ուզում է վերցնել, Նիկոլն ազատում է դիմադրողությունից։ Ու Նիկոլին օգնում են իր ստեղծած վնգստացող դատավորները։ Ես հրաժարվում եմ մտածել, որ էդ համայնքապետերին կալանավորել են հայ դատավորները, սա ադրբեջանական ձեռագիր է։
Սրա մեջ ես ապրում, ժողովուրդ։ Մեկ հույս կար՝ Սահմանադրական դատարանը, նա էլ դուխ չունեցավ։ կարող է՝ դատավորները ահաբեկվել էին, նրանց դեմ գուցե կային կոմպրոմատներ, հազար ու մի հարցեր կարող են լինել, բայց փաստ է՝ այս մղձավանջին կարող էր վերջ տալ ՍԴ-ն, որը, սակայն, չարեց դա, խաչ քաշեց պետության վրա։
Գիտե՞ք, Հայաստանում պատերազմի ու կապիտուլյացիայի արդյունքում ներքին ու ներքաղաքական ճգնաժամ էր ստեղծվել։ Դա պետք է հաղթահարվբեր ընտրություններով։ Այդ ընտրություններին մասնակցում էր հինը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Նա առաջարկում էր, որ երկրում ամեն ինչ մնա վերջին երեք տարվա կատարվածի պես, դրան ավելանա արդեն բացահայտ ապօրինի ձերբակալումներն ու բեսպրեդելը։ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում էր այս հնից դուրս գալ, առաջարկում էր ապահովություն, անվտանգություն, ներդրումներ, քեզ առաջարկում էր նոր վիճակ։ Դու գնացիր հնի հետևից։
Փաշինյանը առաջին անգամ է, որ կատարում է իր խոստումները, իսկ նա քեզ միայն չագուչ է խոստացել, ընտրել ես ու հիմա աջ ու ձախ չագուչում է։
Այո, ժողովուրդ, մեր երկրում հաղթեց նախկինը և ամեն ինչ այնպես է, ինչ ընթանում է վերջին երեք տարվա տրամաբանությամբ․ էլի օրը ցերեկով ամենուր կրակոցներ են, Երևանի կենտրոնում արյունահեղություն է ու տալիս են իշխանական օլիգարխի բարեկամների անունները, էլի Երևանի կենտրոնում խմբով մուրացկաններ են նստած, էլի աղքատությունը խորանում է, էլի սահմանին զոհեր ենք ունենում։ Դա մե՛նք ենք ընտրել։ Էն մարդը դա էր առաջարկում ու դուք գնացիք ընտրեցիք։
Այո, ժողովուրդ, Հայաստանում հաղթեց նախկինը։ Ու երկիրը ամբողջությամբ զրկվել է ինքնիշխանությունից։ Հիմա դու քո իշխանությունը քո մասին, քո երկրի մասին որոշում չի կարողանում կայացնել։
Կարճ ասած՝ Սահմանադրական դատարանի որոշումը ընդդեմ ընդդիմության չէր, ընդդիմադիր դաշինքների չէր։ ՍԴ որոշումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության էր, Հայաստանի ապագայի։ Մի կողմը քեզ առաջարկում էր հզորանալ, դառնալ բարեկեցիկ, գլուխը բարձրացնել, դառնալ տարածաշրջանային խաղացող, մյուս կողմը քեզ առաջարկում էր ընդամենը ապրել․ դուք ընտրեցիք դա ու արդեն թշնամին է որոշում, թե ոնց ես ապրելու։
Եվ ուրեմն, այս ամենով՝ մեր երկրում խորանալու են բոլոր տիպի ճգնաժամերը, որ կան, ոչ մեկն էլ չի լուծվելու։ Ուրեմն պետք է առավել թափով, նոր լիցքերով պայքարել Հայաստանի թշնամի այս իշխանության դեմ։ Եթե ուզում ենք ունենալ Հայաստան պետություն, պետք է ռադ անել այս իշխանությանը։ Նիկոլով Հայաստանը մենք տեսանք ինչ է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը