«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարությունը 10 ավտոմեքենա է գնել, որոնց համար պետական միջոցներից ծախսել է 222 մլն 600 հազար դրամ կամ ավելի քան 542 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունը պայմանագիրը կնքել է «Կարկոմավտո» ընկերության հետ եւ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար վճարել է 22 մլն 260 հազար դրամ գումար:
Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ ավտոմեքենաները հատուկ նշանակության են՝ նախատեսված դատապարտյալների եւ կալանավորված անձանց տեղափոխման համար: Բացի այս, նշենք, որ այդ ավտոմեքենաները «Ֆորդ» մակնիշի են, նոր են՝ 2022 թվականի արտադրության, եւ չշահագործված: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՔԿՀ-ներում ավտոմեքենաների քանակի խնդիր կա. ՔԿՀ-ներում բանտարկյալներին ուղեկցող ավտոմեքենաներ քիչ են եղել, եւ մի դատապարտյալին դատարան տեղափոխելուց հետո մյուս դատապարտյալը ստիպված է լինում ժամերով սպասել ավտոմեքենային՝ իր դատական նիստին մասնակցելու համար:
Այդ ավտոմեքենաները զուրկ են տարրական պայմաններից. դատապարտյալի ինքնազգացողության վատթարացման ժամանակ պայմաններ չեն եղել, որպեսզի առաջին բուժօգնություն ցուցաբերվի: Եղել են դեպքեր, երբ դատապարտյալին դատարան տեղափոխելու ժամանակ մեքենան անսարք լինելու պատճառով խափանվել է:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը