09 12 2022

Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա․ «Ժողովուրդ»

Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին եւ դուրս կբերվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: Այս պարագայում վարչապետին նոր լիազորություն է տրվելու, եւ ՊՊԾ պետ առաջադրելու իրավասություն հենց Նիկոլ Փաշինյանն է ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխության արդյունքում կբարձրանա նաեւ ՊՊԾ պետի եւ նրա տեղակալների աշխատավարձը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորի եւ ղեկավարի աշխատավարձը բարձրացնում է: Բանն այն է, որ այժմ, երբ Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է ԱԱԾ-ի մաս, պետը ստանում է Ազգային ժողովի պատգամավորին, մարզպետին, դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին, քրեակատարողական ծառայության պետին հավասար աշխատավարձ (661 հազար 400 դրամ՝ հարկերը ներառյալ):

Նոր փոփոխություններով Պետական պահպանության ծառայության ղեկավարը ստանալու է ԱԱԾ տնօրենին, Ոստիկանության պետին, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահին հավասար աշխատավարձ (793 հազար 680 դրամ՝ ներառյալ հարկերը). նրա աշխատավարձն ավելանալու է 132 հազար դրամով: ՊՊԾ պետի տեղակալն էլ կստանա այնքան գումար, որքան ստանում են Ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրենի տեղակալները (562 հազար 190 դրամ՝ ներառյալ հարկերը):

Այս փոփոխություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իր լիազորություններն է ավելացնում եւս մեկով, այլ իր պահպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար բարձրացնում է թիկնապահների աշխատավարձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ