17 11 2022

«Սև ամպեր»՝ պարեկային ծառայության պետի գլխավերևում․ «Փաստ»

«Սև ամպեր»՝ պարեկային ծառայության պետի գլխավերևում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ լրատվամիջոցներով կադրեր հրապարակվեցին, թե ինչպես են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետին սպասարկող ծառայողական մեքենայի վարորդն ու նրա կողքին նստած ՊԾ պետ Արթուր Ումրշատյանն առանց ամրագոտու երթևեկում: Անցել է մոտ երկու շաբաթ, և գոնե պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ տույժի է ենթարկվել Ումրշատյանը, կամ արդյո՞ք որևէ տույժի ընդհանրապես ենթարկվել է: Սակայն, ինչպես երևում է, պարեկային ծառայության պետի հետ կապված առաջիկայում նոր սկանդալներ են սպասվում: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Պետական վերահսկողական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում պետական բազմաթիվ գերատեսչություններում, այդ թվում՝ ավտոպարկերի հետ կապված:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ լուրջ չարաշահումներ են բացահայտվել նաև պարեկային ծառայությունում: Դրանցից մեկը, ըստ տեղեկությունների, վերաբերում է նրան, որ պարեկային ծառայության մի շարք ավտոմեքենաների կատալիզատորները հանվել ու վաճառվել են: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս պահին դեռևս հետևանքներ չկան, քանի որ ստուգումները լայնածավալ են ու առայժմ ընթացքի մեջ են: Դրանց ավարտից հետո լինելու են բավականին աղմկահարույց բացահայտումներ: Այս ինֆորմացիան, մեր ունեցած տեղեկություններով, դրվել է վարչապետի սեղանին, և չի բացառվում՝ այս ամբողջ սկանդալն ավարտվի Ումրշատյանի պաշտոնանկությամբ:

Այս թեման այնպիսի մեծ ընդգրկում ունի, որ պետական տարբեր կառույցներում հնարավոր են այլ պաշտոնանկություններ ևս: Հավելենք, որ թերթի տեղեկություններով, որոշ ուսումնասիրությունների արդյունքները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ