18 10 2022

Սասուն Խաչատրյանի եղբոր և ԲԴԽ նախագահի հարաբերությունները լարված են. «Ժողովուրդ»

Սասուն Խաչատրյանի եղբոր և ԲԴԽ նախագահի հարաբերությունները լարված են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ լարված են ԲԴԽ անդամ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատրյանի և ԲԴԽ նորանշանակ նախագահ Կարեն Անդրեասյանի հարաբերությունները:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 7-ին նախագահ է ցանկացել դառնալ նաև Սասուն Խաչատրյանի եղբայրը` Դավիթ Խաչատրյանը: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը Դավիթ Խաչատրյանի նշանակմանը կողմ են եղել երեք դատավոր անդամներ, իսկ մյուսներն իրենց ձայնը տվել են կառավարությունից ԲԴԽ գործուղված Կարեն Անդրեասյանին:

Այս և այլ գործոններն էլ հենց պատճառ են դարձել, որպեսզի ԲԴԽ-ում լարված մթնոլորտ ձևավորվի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին, իր սկանդալային բովանդակությամբ դիմումի համաձայն, ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական տվեց Գրիգոր Բեքմեզյանը՝ հայտարարելով. «Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձությունները, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդը այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և Դատական օրենսգրքով»:

ԲԴԽ-ում ստեղծված անառողջ մթնոլորտի, ինչպես նաև Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատրյանի հետ ունեցած լարված փոխհարաբերությունների մասին մեկնաբանություն խնդրեցինք անձամբ Կարեն Անդրեասյանից: «Չեմ մեկնաբանում»,- հակիրճ ասաց պարոն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն Ազգային ժողովում ընտրվեց ԲԴԽ անդամ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Անդրեասյանը արդեն ԲԴԽ-ում կայացած գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ