29 09 2022

Իշխանությունները կապիտուլյացիայի քարոզ են անում. այն ավելի վատ հետևանքների է բերելու․ «Փաստ»

Իշխանությունները կապիտուլյացիայի քարոզ են անում. այն ավելի վատ հետևանքների է բերելու․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այն, որ ՀՀ իշխանությունը ամբողջովին է ձեռքերը լվացել Արցախից, պարզ էր դեռ 2021- ի հունիսից, երբ ներկայացրին նախընտրական ծրագիրը, որին հետո հաջորդեց կառավարության ծրագիրը, որտեղ նվազ անդրադարձ կար Արցախին:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն է հիշեցնում՝ այս համատեքստում ընդգծելով, որ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ հաջորդած հանդիպումներում հնչեցված հայտարարություններն արդեն չպետք է զարմանք առաջացնեին: Ըստ Թևան Պողոսյանի, պետք չէր զարմանալ, հատկապես, երբ այդ ամենին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթը, որից հետո հանրությունը փողոց դուրս եկավ: Ինչ վերաբերում է, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի, կարծում է՝ «Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել», նա ընդգծեց ստեղծված աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնի մասին:

«Աշխարհաքաղաքական՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ինչ-որ գործընթացներ են գնում, և ես վստահ չեմ, թե մենք բոլորս ճիշտ տեղեկություններ, ճիշտ հաշվարկներ ունենք այն մասին, թե, մասնավորապես, մեր երկրի համար հետևանքներն ինչպիսին կարող են լինել: Ու այստեղ է մեծագույն վտանգը: Հայաստանի իշխանությունները պետք է զբաղվեին ազգային միասնության ձևավորմամբ, որի առաջին քայլն ինքնակամ, գիտակցված հեռանալը պետք է լիներ: Կամ գոնե պետք է զբաղվեին անվտանգության խնդիրներով, զենք-զինամթերք գնելով, բանակը վերազինելով, այն ոտքի կանգնեցնելով, ինչը կոգեշնչեր հանրությանը: Փոխարենը կապիտուլ յացիայի քարոզ են տանում, որը, բնականաբար, մարդուն թողնում է անորոշության մեջ, իսկ անորոշությունը՝ դեպրեսիայի, և ստացվում է ոչ թե պետություն, այլ ամորֆ հասարակություն»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թ. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է ելքերին, Պողոսյանը նկատեց. «Ես մի բան գիտեմ՝ աշխարհում անհնարին բան չկա, ինչը նշանակում է, որ ելքեր միշտ էլ կարելի է գտնել: Այսօրվա գործող իշխանություններն իրենք էին հանրությանը ժամանակին համոզում, թե ելք ամեն տեղ կա: Բայց հիմա, կարծես, մոռացել են, թե ինչ էին ասում: Փոխարենն ասում են՝ «եկեք կապիտուլացվենք», «մենք ունակ չենք ելք գտնել»: Բայց անգամ իրենց այս ասածից հետո հասարակությունը չի կարողանում ընկալել, որ այս մարդիկ չեն պատրաստվում ելքեր փնտրել, և իրենք պետք է այլ խնդիրների հետևից գնան:Բայց այնպես չէ, որ ելքեր չկան: Օրինակ է բանակը վերազինելը, որն օրուգիշեր, քրտնաջան աշխատանք է պահանջում: Հիմա եթե ունենանք այդ տեսակը, որը պատրաստ է ոչինչ չասելով օրուգիշեր աշխատել, չասել՝ «ինչն էլ կա, տանք, պրծնենք», այլ իրավիճակ կունենանք: Իսկ ասելով՝ «ինչն էլ կա, տանք, պրծնենք», այդպես ամեն ինչն ենք տալու, Երևանն էլ հետը: Ելքը կա, որի դեպքում առաջին պայմանը այդ ելքին հավատալն է, հետո խոսքին հավատալը, հետո սկսում ես պայքարել, մարզվել, չարչարվել, աշխատել ու դրանով իսկ ելք ապահովում»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Թևան Պողոսյանը կարծում է, որ կապիտուլ յացիայի քարոզի տրամաբանության մեջ է նաև այն վարքագիծը, որը իշխանությունները դրսևորում են անգամ հերթական պատերազմական գործողություններից հետո՝ շարունակելով խոսել «խաղաղության պայմանագիր», «խաղաղության օրակարգի» մասին: «Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու: Բոլոր այն մոտեցումները, թե «մենք ոչինչ չունենք», «ոչ մի բան այլևս չենք կարող անել», ավելի վատ հետևանքների են բերելու: Նման անորոշությունների, անկարողությունների մասին մտքերը պարզապես ավելի խոր դեպրեսիոն իրավիճակ են ստեղծում: Ամենաառաջնային՝ բարոյահոգեբանական ճգնաժամը, որը կա թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետություններում, նշվածի հետևանքով չի հաղթահարվելու: Իսկ եթե այն չի հաղթահարվելու, ապա ոչ մի բան էլ տեղից չենք կարողանալու շարժել»,-ընդգծեց Թ. Պողոսյանը:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում արտաքին դաշտից եկող ազդակներին, մասնավորապես՝ Արևմուտքի ակտիվությանը, Ադրբեջանին ուղղված հասցեական գնահատականներին, Թ. Պողոսյանը շեշտեց, որ հիմքում բացառապես սեփական շահն է, ինչը կապված է Ռուսաստանի վիճակի հետ: «Վերոնշյալ պատճառով են տարածաշրջանում ակտիվացել ու որոշել են, որ սա Ռուսաստանին տարածաշրջանից հանելու լավագույն շանսն է: Նրանց ազդակները, հայտարարությունները, ակտիվությունը ոչ թե մեր գեղեցիկ աչքերի, հայ ազգի համար է, այլ իրենց սեփական շահերի: Իսկ թե նույն հավաքական Արևմուտքը ինչպես է վերաբերվում հայ ազգին, ինձ թվում է, դա ոչ թե հիմա պետք է տեսնեինք, այլ թե՛ 1918-ին, թե՛ դրանից հետո և անգամ 1988-ի շարժմանը: Այդ ժամանակ ոգևորություն կար, և մեզ թվում էր, թե մարդիկ նույն արժեքներով են ապրում, բայց իրականությունը վերջում հակառակն ապացուցեց: Իրենց այն ժամանակ իրավիճակը որպես հնարավորություն էր հետաքրքրում, որը կարող էին օգտագործել Խորհրդային Միության դեմ՝ փլուզման պայքարի համատեքստում»,-ընդգծեց Թ. Պողոսյանը:

Արցախյան շարժմանը, Խորհրդային Միության փլուզմանը, անկախություններին հաջորդած ժամանակահատվածում ու 1994-ի մեր հաղթանակից հետո, Թ. Պողոսյանի խոսքով, ամբողջ աշխարհում առնվազն 7-8 երկիր է ճանաչվել. «Մինչդեռ Արցախը՝ ոչ, թեպետ Արցախն արժեքային դաշտում ավելի շատ ժողովրդավար է եղել, քան, օրինակ՝ նույն Ադրբեջանը: Բայց արդյոք աշխարհին դա հետաքրքրե՞լ է: Ոչ»: Այնպես որ, ըստ մեր զրուցակցի, միջազգային հանրության վարքագիծն ընկալելու համար պետք է դիտարկենք դեռ 100 տարի առաջ դրսևորած կեցվածքը: Այս համատեքստում, անդրադառնալով իշխանության կողմից մասնավորապես Ռուսաստանին ուղղված ազդակներին, քաղաքական կուրսի փոփոխության հնարավորությանը, նա նկատեց.

«Թե ինչ քաղաքականություն է վարում այս պարտված իշխանությունը, չեմ կարող ասել, բայց արդյունքն այն է, որ սպասարկում է թշնամիների շահերը: Ես մի բան գիտեմ. եթե մեզ համար ընտրությունը պետք է դրվի Արևմուտք-Արևելքի միջև, ապա քաղաքական վեկտորներն Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելուն պետք է ուղղել: Արևմուտքի հետ կապերը պետք է կարողանալ պահել այն մակարդակի, որ տեխնոլոգիաներից օգտվենք: Միևնույն ժամանակ, պետք է հասկանանք, որ անվտանգության դաշտում մեծ ընտրություն չունես: Ունես Արևմուտք և Հյուսիս: Արևմուտքը Թուրքիան է, Հյուսիսը՝ Ռուսաստանը: Հյուսիս/Հարավն էլ կարող ենք դիտարկել, որովհետև Իրանի հետ էլ կարող ենք համագործակցել, թեպետ արդեն հարց է՝ կհամագործակցե՞ն, թե՞ ոչ, որովհետև բանակցային այնքան հնարավորություններ են բաց թողել: Ըստ այդմ, այլևս վստահ չեմ, որ Իրանի հետ համագործակցության դաշտեր ձևավորելու հնարավորություն են ունենալու, կարողանալու են բանակցել պրոհայկական լուծումների շուրջ»:

Ամփոփելով ու անդրադառնալով վերոնշյալ իրողություններից բխող հիմնական մարտահրավերին՝ Թ. Պողոսյանը նշեց, որ այսօր ամենակարևորը անվտանգային օրակարգն է: «Այսօր պետության կորստի առաջ ենք: Յուրահատուկ չեմ գտնվի՝ կրկին հիշելով Մոնթեի խոսքերը. «Կորցնելով Արցախը՝ կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Հիմա Արցախին տեր չկանգնելով՝ սկսել ենք շրջել հայոց պետականության վերջին էջը: Մեր այսօրվա իրական մարտահրավերը պետականության կորուստն է: Իսկ ի՞նչ է պետք անել: Պետք է մտածել՝ ինչպես նորից ամեն ինչ վերականգնել, հասցնել այն մակարդակի, որ Արցախի համար պայքարը կրկին դառնա նպատակ, երազանք և դրանով իր տեղը դնենք արդեն մատներով բռնած, մի կողմից մի քիչ բարձրացրած վերջին էջը ու սկսել հակառակն անել…»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ