«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը մեզ հայտնեց, որ համայնքում յուրաքանչյուր ընտանիքից 5 հազարական դրամ են հավաքում՝ համայնքի փողոցները խճապատելու նպատակով․ «Այսքան տարի է՝ բնակվում եմ Տեղ համայնքում, բայց որեւէ անգամ գումար չեն հավաքել խճապատման համար, հիմա սահմանամերձ գյուղի բնակիչներից գումար են հավաքում»:
Նա ասել է, որ գումարը վառելիքի համար են հավաքում։ «Բայց սա դեռ ամենը չէ, խճապատման նյութը բերում են կողքի գյուղերից, այնինչ մեր համայնքում ավազի մեծ հանք կա եւ 7 գյուղի փողոցների խճապատմանը կբավականացնի։
Իսկ եթե վառելիքի համար է, ապա համայնքն ունի 500 տնտեսություն, եթե յուրաքանչյուր ընտանիքի հաշվով 5 հազար դրամով հաշվարկում ենք, 2.5 միլիոն դրամ է կազմում, այսինքն՝ մոտ 5 տոննա վառելիքի գումար են հավաքում»,- ահազանգել է ավագանու անդամը։ Նա տարակուսանք է հայտնել՝ բոլոր հիմնադրամներն աջակցում են սահմանամերձ համայնքներին եւ հատկապես Սյունիքին, մինչդեռ Տեղի համայնքապետն ինքն է մեծ գումարներ հավաքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը