«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ օրս հայտնի չէ, թե երբ է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սովորաբար, դեսպանը ծառայության երկիր ժամանելու հաջորդ օրերին գնում է ԱԳՆ եւ հանձնում հավատարմագրի պատճենը, որից հետո՝ 1-2 շաբաթվա ընթացքում, դեսպանընկալ երկրի ղեկավարի աշխատակազմից հայտնում են, թե երբ է նա ընդունելու նոր դեսպանին:
Արդեն 8 ամիս է, ինչ ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում է, սակայն հավատարմագրերի ընդունման օրը դեռ ռուսական կողմից նշանակված չէ, եւ սա արտառոց դեպք է: Չնայած Լիլիթ Մակունցի հավատարմագրերը եւս ամիսներ անց ընդունեց ԱՄՆ նախագահը, ընդ որում` առցանց տարբերակով: Առհասարակ, երկրի նախագահը կարող է նոր դեսպանի հավատարմագիրը վերցնել նաեւ պետական այցերի ընթացքում: Երկու նման այց վերջին 8 ամսում արդեն եղել է․ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա՝ ապրիլին, եւ ՀՀ նախագահի այցը Սանկտ Պետերբուրգ՝ հունիսին, եւ այդ այցերի ընթացքում եւս Հայաստանի դեսպանը կարող էր հանձնել ագրեմանը, ինչը չի արվել: Ինչո՞վ է պայմանավորված նման վերաբերմունքը Վաղարշակ Հարությունյանի հանդեպ:
Դիվանագիտական շրջանակներում վարկած կա, թե այսկերպ ՌԴ նախագահը ցույց է տալիս իր «հատուկ» վերաբերմունքը ՀՀ վարչապետի կամ հենց դեսպանի նկատմամբ, որից մեծ դժգոհություններ ունեն ռուսական պաշտոնական շրջանակները: Մյուս վարկածի համաձայն, որը եւս շրջանառվում է, մերոնք են հատուկ ձգձգում Վաղարշակի ագրեմանի ընդունման գործընթացը, քանի որ այնքան էլ գոհ չեն նրա ծառայությունից եւ ուզում են այլ թեկնածու գտնել: Ասում են՝ դեսպանատան հատուկ ծառայություններին կից գործող աշխատակիցները զեկուցել են, որ մի շարք փակ հանդիպումների ժամանակ Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ ինքը Նիկոլի հետ կապ չունի, որ ինքը ռուսամետ է, համաձայն չէ նրա վարած քաղաքականությանը:
Սա, բնականաբար, չէր կարող դուր գալ Նիկոլին: Ոչ միայն ՀՀ վարչապետն է դժգոհ ՌԴ-ում ՀՀ դեսպանից, այլեւ ռուսաստանաբնակ գործարարները: Նրանք բողոքում են, որ դեսպանը մարդկանց բաժանել է նախկինների ու ներկաների, եւ նրանք, ովքեր կապեր ունեն նախկինների հետ, դեսպանատուն չեն հրավիրվում: Նաեւ պատմում են, որ ինչ-որ գործարարների դիվանագիտական համարներ են բաժանվում, մյուսներին դեսպանատունը մերժում է: Ճի՞շտ է արդյոք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն ավտոմեքենաների դիվանագիտական համարներ է բաժանում որոշ գործարարների, ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանել են, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը