«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբան Տիգրան Մուրադյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին։ Իր դիմումի մեջ նա, մասնավորապես, նշել է.
«Տեսչական մարմնի իրավասու պաշտոնյաները, հասկանալով, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնը գտնվում է բարձր ռիսկայնության խմբում և բացահայտված խախտումներով պայմանավորված՝ մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին բարձր ռիսկայնության վնաս հասցնելու վտանգ է ներկայացնում, հանդուրժել և որևէ միջոց չեն ձեռնարկել «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Փոխարենը, խախտումները վերացնելու ժամկետ տրամադրելով, «Սուրմալու» առևտրի կենտրոնը շարունակել է իր գործունեությունը, որով, ըստ էության, ստացվում է, որ հնարավորություն է տրվել շրջանցել այդ խախտումները և շարունակել գործունեությունը:
Ուստի, այս և այլ հանգամանքներով պայմանավորված, անհրաժեշտ է նախաձեռնել քրեական վարույթ և միջոցներ ձեռնարկել, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի Տեսչական մարմնի իրավասու պաշտոնատար անձանց վարքագծին, և վերջիններիս նկատմամբ իրականացվի օբյեկտիվ ծառայողական քննություն»:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ ու պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին, որի հետևանքով ունեցանք 1 անհետ կորած, 60 վիրավոր և 16 զոհ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը