25 08 2022

Բյուջեի ծախսերի թերակատարման պատճառը ապիկարության, նաև փնթի կառավարման հետևանք է. «Փաստ»

Բյուջեի ծախսերի թերակատարման պատճառը ապիկարության, նաև փնթի կառավարման հետևանք է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․  Պետբյուջեի թերակատարումը բացասական երևույթ է մասնավորապես այն դեպքում, երբ վերաբերում է կապիտալ ծախսերին, որոնք 2022 թ. առաջին կիսամյակում մոտ 41 տոկոսով չեն իրականացվել: Անդրադառնալով 2022 թ. առաջին կիսամյակում ծախսերի թերակատարմանը՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 6 ամսվա կտրվածքով շուրջ 15 տոկոս թերակատարվել են այն դեպքում, երբ պետական բյուջեի եկամուտները պլանավորվածից մոտ 5 տոկոսով ավելի են հավաքագրվել: Ստացվում է՝ ծրագրվածից ավելի շատ հավաքագրվել, բայց ծրագրվածից ավելի քիչ ծախսվել է:

Այս տարվա համար մոտ 365 մլրդ դրամի կապիտալ ծախս էր նախատեսված, ինչով հպարտանում էին: Բայց փաստացի կատարողականի թերակատարումն էական է՝ մոտ կեսը չեն կատարել ու 365 մլրդ-ից ծախսել են 100 մլրդ դրամը: Այսինքն, փողը տնտեսությունից քաշում են, բայց չեն վերադարձնում, որպեսզի տնտեսական ակտիվությունը կայուն բնույթ ունենա: Իսկ առկա տնտեսական ակտիվության ավելացումն իրենց հետ որևէ կապ չունի. այն պայմանավորված է աշխարհաքաղաքական արտաքին գործոնով՝ մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմով ու ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս իրավիճակը կարճաժամկետ առումով դրական արդյունքներ է ապահովում ՀՀ տնտեսության համար:

«Թերակատարումների երկրորդ կարևոր պատճառն այն է, որ այս իշխանությունների օրոք պետական պարտքը մոտ 40 տոկոսով աճել է, ու մենք հատել ենք պետական պարտքի, նաև արտաքին պետական պարտքի ցածր ռիսկայնության շեմը: Ստիպված են այսօր զսպող քաղաքականություն իրականացնել, որովհետև երկիրը պարտքով են պահում, իսկ լրացուցիչ գումարները, ինչպես նշեցի, կարճաժամկետ են: Այս առումով զգուշավորություն կա: Եվ թերակատարումների երրորդ գործոնն իրենց պոպուլիզմն է: Իրենք տարեսկզբին գիտեին, որ այդ չափի կապիտալ ծախսեր չեն կարողանալու իրականացնել, բայց որպեսզի կարողանային քողարկել թոշակներն ու նպաստները չբարձրացնելու հանգամանքը, ասում էին՝ կապիտալ ծախսերով տնտեսական զարգացում են ապահովելու, և մարդկանց եկամուտներն այդ կերպ կավելանան: Հիմա էլ փաստացի տեսանք, որ պետական բյուջեում գրվածի անգամ կեսը չեն իրականացրել:

Թերակատարումների չորրորդ գործոնը կապված է իրենց ապիկարության և փնթի կառավարման հետ: Ընդհանուր առմամբ, կառավարման ձախողումները հիմնական ծրագրերը չկատարելու պատճառներից են»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ պետական ծրագրերը չեն կարողանում հավուր պատշաճի նախագծել, իրականացնել և հետևել դրանց իրականացման գործընթացին:

Անդրադառնալով ծախսերը չկատարելու հարցում պետական գնումների համակարգի վրա մեղքը բարդելու փորձերին՝ Թ. Ավետիսյանը շեշտեց, որ այս համակարգի խնդիրները ոչ թե լուծվել, այլ խորացել են վերջին 4 տարում. «Փաստն այն է, որ մրցակցային բնույթի գնումներն այս իշխանության օրոք էապես փոխարինվում են մեկ անձից գնումներով, ինչը բացատրում են տարբեր անհասկանալի պատճառներով: Մինչդեռ հիմնական պատճառն այն կոռուպցիոն ռիսկերն են, որոնք կան գնումների ոլորտում: Այսինքն, մեկ անձից գնում է կատարվում, ու հետո պարզվում է՝ այդ մեկ անձը իրենց սրտի օլիգարխն է կամ իրենց նեղ շրջապատից մեկը: Ակնհայտ է, որ կոռուպցիոն ռիսկերն ավելացել են պետական գնումներում, ու կառավարման անարդյունավետությունը խորացել է»:

Ինչ վերաբերում է կառավարության՝ գնումների նոր հայեցակարգ ներդնելու մտադրությանը, Թ. Ավետիսյանն ընդգծեց. «Դա ևս հերթական պոպուլիստական դրսևորումն է՝ պատասխանատվությունից խուսափելու հերթական մղումով: Մեխանիզմներին են մեղադրում, հետո պարզվում է՝ մրցույթն ուշ են հայտարարել, մրցույթը չի կայացել: Կարծում եմ՝ այստեղ իր դերն ունի թե՛ ապաշնորհությունը, թե՛ նաև շահագրգռվածությունը, որ գնումները մրցույթային հիմքով չկայանան, որը հետո հիմնավորեն մեկ անձից գնումներով, մեկ անձն էլ իրենցից հեռու չլինի»:

Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև սեպտեմբերի 1-ից թոշակների, նաև նպաստների ավելացման վերաբերյալ կառավարության երեկվա որոշմանը, որը մեր զրուցակիցը դիտարկեց մի քանի տեսանկյունից: «Այն օբյեկտիվ անհրաժեշտություն է, բայց խիստ ուշացած է: Այս տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ ինքս ավելի քան 10 առաջարկ եմ ներկայացրել: Մենք առաջարկել էինք նաև բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչն առնվազն կչեզոքացներ գնաճի այս ահագնացող սոցիալական բացասական հետևանքները՝ հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար: Առաջարկը, սակայն, կառավարությունը չընդունեց: Այն չափերը, որով հիմա նախատեսում են ավելացնել նվազագույն նպաստը, կենսաթոշակը, միջին կենսաթոշակը, բացարձակ համարժեք ու համադրելի չեն գնաճի հետ: Միայն այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը պատիկներով ավելի մեծ չափով է աճել, քան 3000 դրամ միջին կենսաթոշակի, 1900 դրամ նվազագույն կենսաթոշակի նախատեսվող ավելացումն է»,-ասաց Թ. Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո չի բարձրացվել կենսաթոշակի հիմնական չափը, չի բարձրացվել նաև անապահովության նպաստի չափը. «Եվ եթե համեմատենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքները այս ժամանակահատվածի հետ, ապա տարբերությունը մոտ 20-22 հազար դրամ է:

Այսինքն, մեզ մոտ մեկ շնչի հաշվով մոտ 30 տոկոսով կյանքը թանկացել է, մեկ շնչի հաշվով ամսական նվազագույն ծախսն ավելացել է ավելի քան 20 հազար դրամով, իսկ իրենք առաջարկում են աշխատանքային կենսաթոշակն ավելացնել ընդամենը 3000 դրամով: Ի դեպ, տարածաշրջանի երկրներում ևս բարձր գնաճ կա, և այդ երկրներում վաղուց գնաճին համարժեք բարձրացրել են թոշակներն ու նպաստները՝ ողջ ծավալով չեզոքացնելով գնաճի հետևանքները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ