«Հրապարակ»-ը գրում է․
Մի քանի օր է պետական մակարդակով կազմակերպվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր ու Աղավնո գյուղերի բնակիչների գույքի տարհանումը: Պետական գերատեսչության ավտոմեքենաները ողջ օրը բեռներ են փոխադրում։ Կան ընտանիքներ, որոնք արդեն տեղափոխել են իրենց գույքը, մի մասը՝ Արցախի այլ շրջաններ, մեծ մասը՝ Հայաստան, բայց վերջնականապես դեռ ոչ ոք չի տեղափոխվել: Երեք համայնքներում /երրորդը` Սուս համայնքը հայաթափվել է պատերազմից անմիջապես հետո/, ընդհանուր առմամբ, մոտ 100 ընտանիք է բնակվում, 350 մարդ: Արցախից մեզ ասացին, որ նախնական տվյալներով Արցախում հաստատվելու ցանկություն է հայտնել նշված համայնքների բնակչության ընդամենը 10-15 տոկոսը։
Արցախում այլեւս կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը, հակառակ պարագայում տարհանվողներին պարտադիր կվերաբնակեցնեին Արցախում, չէին տա ընտրության հնարավորություն` Հայաստան կամ Արցախ: Իսկ այս պարագայում մարդիկ նախընտրում են տեղափոխվել Հայաստան, քանի որ կարծում են՝ մի օր էլ Փաշինյանի դավադիր որոշման հետեւանքով Ստեփանակերտն ու Արցախի մյուս բնակավայրերն են հայաթափվելու։
Նշենք, որ իսկզբանե Արցախում խոսում էին, որ Աղավնոյի բնակիչների համար Հին Շենում են տներ վերանորոգում, սակայն ինչ-որ փուլում պլանը փոխվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը