22 07 2022

Ահազանգ. Գեղամասարում խմելու ջուրը կեղտոտ է․ «Ժողովուրդ»

Ահազանգ. Գեղամասարում խմելու ջուրը կեղտոտ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն ահազանգում են՝ խմելու ջրից երեխաներն առողջական խնդիրներ են ունենում: Այս խնդրով «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Գեղամասարի 8-րդ փողոցի բնակիչները: Նրանցից Գոհար Հարությունյանը բողոքեց՝ նկատելով. «Ջուրը ցեխոտ է, մեջը ճիճուներ են, որդեր… Մենք սարսափելի վիճակում ենք հայտնվել, մեր երեխաները հիվանդացել են, որովհետեւ օգտվում են գետի ոռոգման կեղտոտ ջրից: Ստամոքսն է ցավում, փորլուծություն ունեն, ընդհանրապես հնարավոր չէ որեւէ տեղից մաքուր ջուր վերցնել: Թաղամասում կան մարդիկ, որոնք ունեն խմելու նորմալ ջուր, սեփականաշնորհել են ու չեն տալիս մեզ»: Մեզ ահազանգած բնակիչների խոսքերով՝ այս խնդրին տեղյակ են ե՛ւ Վարդենիսի քաղաքապետարանում, ե՛ւ Գեղարքունիքի մարզպետարանում:

Այս համայնքի բնակիչները 2019 թվականից պայքարում են խմելու որակյալ ջուր ունենալու համար, բայց այդպես էլ հարցը չի լուծվում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ եւ նրան փոխանցեց Գեղամասարի բնակիչների բողոքը: Մարզպետին ուղղված մեր զանգից հետո համայնքի ղեկավարը հանդիպել է «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացու հետ: «Պարզվում է, որ 8 ընտանիք խմելու ջրի խնդիր ունի։ Առաջիկա ծրագրերում դա իրականացվելու է, իսկ վերեւի կապտաժի մաքրման աշխատանքները հանձնարարել եմ, որ կատարեն: Ասում են, որ կեղտոտ ջուր է գալիս, բայց իրականում կեղտոտ չէ, մաքուր ջուր է, ուղղակի կապտաժը մաքրման կարիք ունի: Ասել եմ, որ հիմա սկսեն մաքրման այդ աշխատանքները կազմակերպել»,- «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց մարզպետ Սարգսյանը, որն, ի դեպ, Ջրային կոմիտեի նախկին ղեկավարն էր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ