«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության որոշմամբ, ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից թոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս այդ գործարքների հանրագումարից կարող են 10 % հետվճար ստանալ: Այս մասին մեծ հանդիսավորությամբ հայտարարվեց կառավարության նիստի ժամանակ, թեպետ այդ ժամանակ դեռ հայտնի չէր, թե քանի բանկ է իրականում մասնակցելու ծրագրին: Այժմ ընդամենը 3 բանկ է ներգրավված ծրագրում: Որոշումն արդեն շուրջ 7 օր է՝ ուժի մեջ է ու արդեն քաղաքացիների մոտ անորոշություններ և մտահոգություններ կան: Վերջին մի քանի օրերին «Փաստ» օրաթերթը թոշակառուներից, նպաստառուներից զանգեր է ստանում: Նրանց հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ ծրագրից օգտվելու ցանկություն կա, բայց ստիպված են այդ դեպքում այլ բանկի շահառու դառնալ, ինչը, որոշ մարդկանց համար, իրենց խոսքերով, ոչ այդքան ցանկալի, նաև հավելյալ անհարմարություն առաջացնող գործընթաց է: Ի դեպ, մեզ հետ զրույցում նրանք նշում էին, որ որևէ կառույցից հստակ պատասխան չեն ստանում ու չգիտեն՝ ի՞նչ անել այս դեպքում:
Հարցի առնչությամբ փորձեցինք հասկանալ, թե բանկերի՝ ծրագրին միանալու գործընթացը շարունակակա՞ն է, այլ բանկեր նախատեսո՞ւմ են արդյոք միանալ ծրագրին, և այս տեսանկյունից ի՞նչ սպասեն թոշակառուներն ու նպաստառուները: ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին: ԿԲ-ից հայտնել են նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նշել է, թե այդ անվանացանկը պարբերաբար կթարմացնի՝ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։ Իսկ թե ի՞նչ անեն այս դեպքում թոշակառուներն ու նպաստառուները, նշեցին, որ հարցի հասցեատերը ՀՀ ԿԲ-ն չէ՝ առաջարկելով դիմել նախարարություն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը մեզ հետ զրույցում ևս ընդգգծեց, որ այս պահի դրությամբ 3 բանկ է միացել ծրագրին. «Ինչպես նախապես ծանուցել ենք քաղաքացիներին, պետությունը՝ ի դեմս նախարարության, պատրաստակամ է համագործակցել մյուս բոլոր բանկերի հետ ևս, եթե իրենց կողմից ևս լինի պատրաստակամություն: Այն, որ հուլիսի 1-ից մեկնարկել է ծրագիրը ու այս պահին համագործակցող բանկերը 3-ն են, դա դեռ չի նշանակում, որ այդ ցանկը համալրման շարունակականություն չի ենթադրում: Ցանկացած պահի, եթե այլ բանկ հետաքրքրություն կունենա մասնակցել պետություն- մասնավոր հատված համագործակցության, նախարարությունը պատրաստակամ է իրենց ևս ընդգրկել այս համագործակցության շրջանակում: Ինչ վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այլ բանկի քարտապան են, նախապես ծանուցել ենք և հիմա էլ շարունակում ենք ծանուցել, որ յուրաքանչյուր պահի, եթե ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակները կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ու մի քանի օրվա ընթացքում դառնալ այլ բանկի քարտապան»:
Դիտարկմանը՝ իսկ եթե ցանկություն չկա բանկը փոխելու, մնում է սպասե՞լ մինչև մյուս բանկերը կա՛մ կմիանան, կա՛մ չեն միանա ծրագրին, Զ. Մանուչարյանն արձագանքեց. «Այդպես է ստացվում, որովհետև այլընտրանքային տարբերակը դա է: Ամեն դեպքում, քաղաքացիներն իրենք են որոշում. եթե ուզում են օգտվել ծրագրից, ապա կարող են մոտենալ ու ցանկացած պահի փոխել իրենց սպասարկող բանկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը