30 06 2022

«Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. «Փաստ»

«Խաղաղությունն» ու «ժողովրդավարությունը»՝ դոլարով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց մի համաձայնագիր, որով ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ից 120 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհ է ստանալու: Ինչպես կառավարության նիստին ընդամենը 2-3 րոպեի ընթացքում զեկուցեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, դրամաշնորհը տրամադրվում է «ՀՀ-ում ժողովրդավարության խթանման» և «տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ» իրականացնելու նպատակով։ Նշվածից բացի, որևէ խորքային հիմնավորում և վերլուծություն չի նշվել, թե ինչի համար ու ինչպես է այդ գումարը «ծախսվելու»։

Թեման, ի դեպ, չի վրիպել ռուսների «աչքից»։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այս փաստը ռուսական որոշակի շրջանակների համար լուրջ անհանգստության ու մտահոգությունների տեղիք է տվել։ Ավելին, մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմի արձագանքը չի ուշանա։ Ի դեպ, հավելենք նաև, որ այս շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն բավական ինտենսիվ քննարկում են ոչ միայն այս հարցը, այլև տեղեկությունը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է «Track II» մրցույթ 400 հազար դոլար մրցանակային ֆոնդով, որը կարող է տրամադրվել նրանց, ովքեր կարող են... հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին։

Նշվում է, որ մեկ տարվա համար նախատեսված նախագծին կարող են մասնակցել երիտասարդները, լրագրողները, գիտնականները և հասարակական կարծիքի այլ առաջնորդները։ Ռուսական լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների կարծիքով, գրանտային ծրագիրը և դեսպանատան կողմից անցկացվող առնվազն տարօրինակ այս մրցույթն ուղղակիորեն փոխկապակցված են և միտված են մի կողմից՝ տարածաշրջանում ԱՄՆ դերակատարության մեծացմանը, մյուս կողմից՝ հակառուսական տրամադրությունների խորացմանն ու Ռուսաստանի դերակատարության նվազմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ