«Հրապարակ»-ը գրում է․ Փետրվարի 11-ին գրել էի, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության թեւերի «սինխրոն» գործունեության ապահովմանը «բան չմնաց»՝ շուտով շատ ներդաշնակ ու մի հրահանգով աշխատող մարմիններ եւ պաշտոնյաներ կունենանք։ Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի աչալուրջ ղեկավարման ներքո կգործի կառավարելի Սահմանադրական դատարան։ Ինքնուրույն ու հայրենասեր Արման Թաթոյանին կփոխարինի գլոբալիստ նիկոլական Քրիստինե Գրիգորյանը, համեմատաբար սեփական դեմք ունեցող Արմեն Սարգսյանին՝ անդեմ ու ճկվող Վահագն Խաչատուրյանը, սկզբունքներ ու տեսակետներ ունեցող Ռուբեն Վարդազարյանին՝ միանգամայն կառավարելի կենսաթոշակառու Գագիկ Ջհանգիրյանը։ Նախարարների պաշտոններում կլինեն բացառապես անմռունչ ենթարկվող էակներ եւ այլն։ Այս բոլորն արդեն իրողություն է։ Դեռ մի բան էլ ավելի։ Սրան պետք է ավելացնել այն, որ Ազգային ժողովից արմատախիլ արեցին ընդդիմությանը եւ հիմա ընդդիմադիրներին ավելի շատ նեղելու պլաններ են մտմտում։
Օրենքներում հնարավոր բոլոր փոփոխություններն արեցին եւ անում են, որ ՏԻՄ-երում բացարձակ հաղթանակ տանեն, երբ ուզեն, Երեւանի ընտրություններ նշանակեն կամ անհնազանդ դատավորներին, ՄԻԵԴ-ում պարտությունների հիմքով, պատժեն։ Մի կեսքայլ էին արել՝ Քրեական օրենսգրքից հանելով հայհոյանքի համար պատիժ սահմանող հոդվածը, այն էլ արդեն հրազենով են պատժում հայհոյողներին, եւ իշխանական շուրթերից կես ներողություն, զղջման խոսք կամ ափսոսանք չհնչեցին։ Թերեւս մտածում են՝ վախի մթնոլորտն իրենց ձեռնտու է, հայհոյելու ցանկություն ունեցողները մի քանի անգամ շուրջները կնայեն, նոր բերանները կբացեն։ Բայց անգամ եթե տասնապատիկ ավելի մեթոդներ մտածեն եւ օրը 3 անգամ ոստիկաններին շնորհակալություն հայտնեն, միեւնույն է՝ իշխանությունը, մազից կախված, երերում է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը