15 06 2022

Մենք «Ազատության» դռները թակելով ենք մտել, իսկ 2018-ին Ռադիոտունը ջարդուփշուր էին անում․ «Հրապարակ»

Մենք «Ազատության» դռները թակելով ենք մտել, իսկ 2018-ին Ռադիոտունը ջարդուփշուր էին անում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 10-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն եւ իրենց հետ տարել հեռուստաընկերության նորանշանակ տնօրեն Բագրատ Եսայանին։ ԱԱԾ-ականները հեռուստաընկերությունում որեւէ գործողություն չէին կատարել, պարզապես Եսայանին տարել էին իրենց հետ։ «Հրապարակը» զրուցել է Բագրատ Եսայանի հետ:

- Ձեզ ձերբակալել էին, տարել ԱԱԾ՝ 2020 թվականի գործի շրջանակներում, երբ նոյեմբերի 9-ին Դուք այլ անձանց հետ մտել էիք «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություն։ Ինչո՞ւ հիմա հիշեցին Ձեզ:

- Պատասխանը հստակ է: Դա կապված է իմ գործունեության հետ, մասնավորապես՝ «Երկիր մեդիայում» տնօրենի պարտականությունները ստանձնելու եւ մանավանդ վերջին շրջանում «Երկիր մեդիայի» բովանդակության, լուսաբանման առանձնահատկությունների հետ: Սա խիստ անհանգստացրել է ոմանց, եւ, բնականաբար, սա իր արտացոլումն է տվել ոչ միայն իմ նկատմամբ, այլեւ հենց հեռուստաընկերության նկատմամբ որոշակի գործողություններ նախաձեռնելով: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը վարույթներ է սկսել, հանձնաժողովի նախագահն էլ դրա մասին հանրությանը տեղեկացրել է: Սա պատահական համարել չենք կարող: Նրանց համար, կարծես, անսպասելի էր, որ «Երկիր մեդիան» կարող է այդքան ակտիվորեն ներգրավվել ներքաղաքական գործընթացների լուսաբանման գործում:


- Հիմա գործն ի՞նչ փուլում է:

- Ստեղծվել է 44 հոգուց բաղկացած քննչական խումբ, ավելի քան 20 ամիս առաջ, կարծես, նոր` մեկ ամիս առաջ են գործը կտրուկ ակտիվացրել: Ինչպես գիտենք, հենց այս նույն գործով ձերբակալվել է նաեւ դաշնակցական Գերասիմ Վարդանյանը: 20 ամիս շարունակ մենք տեղյակ էինք, որ կա նման գործ՝ մեր դեմ հարուցված, բայց որ այս աստիճան կարող էր ակտիվանալ, որ կարող էին կալանքի սանկցիա կիրառել, զավեշտալի է: Ի պատիվ իմ փաստաբանների, մենք կարողացանք դատարանում ապացուցել, որ իսկապես՝ ծայրից ծայր այդ միջնորդությունն անհիմն է եւ ունի ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ:

- Իսկ գուցե այս ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների կողմից գործի հետ կապված դժգոհությո՞ւն է եղել:

- Ես այդ կազմակերպության մասին անգամ չեմ ցանկանում խոսել, չեմ ցանկանում անդրադառնալ նրանց: Դժվարանում եմ նույնիսկ դրան լրատվամիջոց անվանել: Ինձ նրանք ուղղակի հետաքրքիր չեն:

- 2018-ին հեղափոխականները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ջարդուփշուր էին անում Հանրային ռադիոյի շենքը, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը: Բայց նրանք պատասխանատվության չենթարկվեցին:

- Համեմատությունը շատ ուղիղ է: «Ազատություն» ռադիոկայանի դռները թակելով, պահակներին արթնացնելով են մուտք գործել, իսկ 2018 թվականին այս խմբավորումն ուղղակի քացով դռներ էր ջարդում, պետական պահպանությունից օգտվող կարեւոր ռազմավարական օբյեկտում, բայց այսօր այդ մասին, բնականաբար, որեւէ մեկը քրեական գործ հարուցելու ցանկություն չի դրսեւորում:

- Վերջերս էլ ԱԺ-ում նոր նախագիծ էին քննարկում. իրենց համար անցանկալի լրագրողներին զրկել հավատարմագրումից: Ինչո՞ւ է Փաշինյանն այսքան վախենում լրագրողական համայնքից:

- Սա շատ բնական եմ համարում, մանավանդ՝ դրանց առաջնորդի գործելակերպը բավականին կանխատեսելի է: Նախ գրավեց գործադիր իշխանությունը, հետո շանտաժով օրենսդիր իշխանությունը գրավեց, որից հետո կոչ արեց՝ շրջափակել դատարանները: Հավանաբար, բոլորիս հիշողության մեջ առկա է այդ խեղկատակությունը: Բնական է, որ այս ամենից հետո պետք է անցներ նաեւ չորրորդ իշխանությանը: Հենց այս տրամաբանության մեջ եմ գնահատում ՀՌՀ-ի աննախադեպ ակտիվացումը։ Աննախադեպ, որովհետեւ չի եղել այսպիսի բան, որ ՀՌՀ նախագահն ուղղակի ասի, որ իրեն դուր չի գալիս որեւէ հեռուստաընկերության եթերային քաղաքականությունը: Եթերային քաղաքականությունն ամբողջությամբ հեռուստաընկերության կողմից պետք է որոշվի:

- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այս ընթացքում «Երկիր մեդիայի» դեմ ի՞նչ կոնկրետ գործողություններ է արել:

- Հարուցված են վարույթներ, այդ վարույթներն ուղարկվել են մեզ, եւ պահանջվել է բացատրություն: Մենք տվել ենք բացատրություններ: Առաջին վարույթը վերաբերում է ուղիղ եթերում ոստիկանների անհամաչափ ուժի կիրառման ժամանակ քաղաքացու կողմից հնչած հայհոյանքին: Մեզնից պահանջում են բացատրել, թե այդ ամենն ինչու է եթեր հեռարձակվել: Մյուս վարույթն էլ վերաբերում է եթեր հեռարձակված «Կոռուպցիա» ֆիլմին: Ինչպես գիտենք, ՀՌՀ-ն հայտարարություն է տարածել՝ այդ ֆիլմի հետ կապված: Կոնտեքստից կտրված մի կադր դարձել է սուր քննարկման պատճառ, սակայն հեռուստատեսությունը բացարձակ կապ չունի այդ ֆիլմի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ