19 05 2022

Աղավնոյում բնակվողները ստիպված են լինելու լքել տները․ «Ժողովուրդ»

Աղավնոյում բնակվողները ստիպված են լինելու լքել տները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին, երբ ընդդիմադիրները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր ու բողոքի ակցիաներ են կազմակերպում Երևանի փողոցներում՝ այդպես փորձելով Հայաստանի ադրբեջանականացումը կանխել, Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն և Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կմ երկարությամբ ճանապարհն, ըստ երևույթին, ռուս խաղաղապահները կհսկեն: «Լաչինի միջանցքի» փոխարեն հաղորդակցային նոր ճանապարհ կառուցելու դրույթը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության մեջ է ամրագրված, ըստ որի՝ 3 տարվա մեջ պետք է նոր ճանապարհի նախագիծը հաստատվեր, այնինչ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2022-ի ամռանը (մի քանի ամսից) ադրբեջանցիները ամբողջ մայրուղու կարմիր ժապավենը կկտրեն, ինչից հետո Հայաստանը կորցնելու է Բերձոր քաղաքի, Աղավնո ու մի քանի այլ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին, ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի ապրիլի 23-ի համարում էլ ենք ահազանգել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ճանապարհի շահագործումից հետո տեղում բնակվողները ստիպված են լինելու լքել իրենց տները: Այս մասով փորձեցինք Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից մեկնաբանություն ստանալ, բայց՝ ապարդյուն: Թե՛ Աղավնոյի ու մյուս գյուղերի, թե՛, առհասարակ, Բերձորի ու Արցախի տարածքների հետագա ճակատագրի մասով առաջնային պատասխանատուների թվում հենց Բալսանյանն է, որն էլ, ըստ մեր տեղեկությունների, այս պահին ադրբեջանական կողմի հետ միակ բանակցողն է Արցախից:

«Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետը համոզմունք հայտնեց, որ գյուղը լքելու կամ տներն ազատելու մասին իրենց որևէ մեկը որևէ խոսք չի ասել, նախազգուշացում չի եղել: «Ամեն օր էլ տեսնում ենք ճանապարհի վրա աշխատող ադրբեջանցիներին, բայց մեզ ոչինչ չեն ասել, մենք էլ չենք պատրաստվում լքել մեր տները, եթե անգամ ասեն: Երևի գիտեն՝ եթե ասեն էլ, զենք ենք վերցնելու, մնանք: Ինչ վերաբերում է նոր կառուցվող ճանապարհին, ապա ավելի լավ, թող կառուցեն. ազատագրելիս հեշտ կլինենք»,- նշեց նա:
Թե իրականում ինչ կլինի Բերձորի ճակատագիրը, պարզ կլինի մոտ ապագայում՝ վերոնշյալ ճանապարահի շահագործումից հետո: Հստակ է մի բան՝ պատկան մարմինները, պաշտոնյաները ու, մեծ հաշվով, ՀՀ քաղաքացիները թմբիրից կարթնանան միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցած կլինի:


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ