«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական համակարգում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:
Բացի այս, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կկատարվի, ըստ որի՝ պաշտոնաթող վարչապետներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով: ՀՀ պաշտոնաթող նախագահներին ՀՀ տարածքում կտրամադրվի անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով: Բացի այս, պաշտոնաթող վարչապետին կտրամադրվի ավտոտրանսպորտ եւ, իր ցանկությամբ, կահավորված գրասենյակ:
Գրասենյակի գործունեության ապահովման համար կտրամադրվի ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, ֆինանսավորումն էլ կիրականացվի Կառավարության սահմանած կարգով: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնաթող վարչապետի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը կհատուցվեն պետական բյուջեի միջոցների հաշվին: Նաեւ պաշտոնաթող վարչապետի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, կնշանակվի հատուկ կենսաթոշակ` վարչապետի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն իր հեռանալուց առաջ երաշխիքներ է ստեղծում հենց իր համար։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը