07 04 2022

Ադրբեջանը լայն թափով այլընտրանքային ճանապարհ է կառուցում․ «Հրապարակ»

Ադրբեջանը լայն թափով այլընտրանքային ճանապարհ է կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանը լայն թափով լծվել է Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Սյունիքից մեզ հայտնում են, որ այլընտրանքային ճանապարհը, որը պետք է անցնի Տեղի, Խնձորեսկի տարածքով, գրեթե ավարտին է հասնում, մոտ մեկ ամիս առաջ էլ Խնձորեսկ համայնքի տակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում, ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, մի փոքր հեռու էլ մաքսակետ են կառուցում։

Այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է եռակողմ հայտարարության պայմաններով։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ: 

Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Այլընտրանքային այդ ճանապարհի մասին պատերազմից ամիսներ անց ադրբեջանական կողմն ակտիվ քննարկում էր, սոցցանցերում անգամ լուսանկարներ էին տեղադրում կատարած աշխատանքների մասին։ Համաձայն ադրբեջանական աղբյուրների՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի Գայգի ավանով, Հին Շենի, Նոր Շենի, Աղավնոյի կողքով եւ լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։ Իսկ ի՞նչ առավելությունների է փորձում հասնել Ադրբեջանն այդ ճանապարհի կառուցմամբ։ Բանն այն է, որ Լաչինի միջանցքն անցնում է հենց Լաչին քաղաքով, իսկ ռուս խաղաղապահների մի մասը տեղակայված է շրջկենտրոնում։ Այլընտրանքային ճանապարհի շինարարության նպատակներից մեկն այն է, որ այն չանցնի Լաչինով։ Այդպիսով Ադրբեջանը կարող է խաղաղապահներին դուրս բերել քաղաքից եւ ինքը դառնալ Հայաստանն Արցախին կապող միջանցքի տերուտնօրենը։

Հենց այս նպատակով էլ ադրբեջանցիներն ակտիվ աշխատանքներ են տանում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում, դա հենց այն տարածքն է, որտեղից եռակողմ հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածության արդյունքում, դուրս եկան հայկական զորքերը, եւ տարածքի նկատմամբ վերահսկողություն ստանձնեցին ադրբեջանցիները։ Այս հատվածում աշխատանքները գրեթե ավարտին են հասնում, շուտով մոտենալու են Արցախի այն գյուղերին, որոնցով պետք է անցնի այդ ճանապարհը։ Այստեղ աշխատանքները պետք է իրականացնի հայկական կամ ռուսական կողմը։

Բանն այն է, որ եռակողմ հայտարարության մեջ չի ամրագրվել, թե որ կողմն է իրականացնելու ճանապարհի կառուցման ծախսերը։ Ադրբեջանը, ինչպես նշեցինք, շահագրգիռ է այդ ճանապարհի կառուցման հարցում։ Իսկ Արցախում սկսե՞լ են ճանապարհի կառուցման աշխատանքները․ մեր հարցին ԱՀ նախագահի գրասենյակից չցանկացան պատասխանել։

Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմն իր վրա է վերցրել այս հարցի ողջ պատասխանատվությունը, մեզ ասացին, որ մինչ այս պահը այլընտրանքային ճանապարհի կառուցման մասով ԱՀ իշխանություններին հանձնարարական չեն տվել, ռուսական կողմն ամեն ինչ անելու է, որ պահպանի իր ներկայությունը Լաչինի միջանցքում, ինչի այլընտրանքը կնշանակի Արցախը նվիրել Ադրբեջանին։

Այս պատճառով էլ Արցախի իշխանությունները հնարավորինս խուսափում են թեմային անդրադառնալուց։ Մենք փորձեցինք խոշորացված Տեղ համայնքի ղեկավարից պարզել՝ իրենց համար տեսանելի՞ են ադրբեջանական կողմի աշխատանքները, եւ ինչո՞ւ են ադրբեջանցիները վերջերս հենակետ տեղադրել Խնձորեսկի մոտ։ Սակայն համայնքի ղեկավարի փոխարեն հաջողվեց կապ հաստատել ավագանու ընդդիմադիր անդամներից մեկի՝ Մասիս Զեյնալյանի հետ, ով «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչն է։

Զեյնալյանը հաստատեց հենակետ տեղադրելու մասին տեղեկությունը, նաեւ տարակուսանք հայտնեց․ «Բա ասում են՝ խաղաղության դարաշրջան ենք բացում, եթե բացում եք, ինչո՞ւ են մեր քթի տակ նոր հենակետ տեղադրել կամ ուզում նոր զորամաս սարքել»։ Զեյնալյանն ասաց, որ ակտիվ աշխատանքներ են տանում, եւ ճանապարհը գրեթե պատրաստ է․ «Էդ ճանապարհներից մեկը գալիս ա դեպի Աղավնո, մի հատը գնում է երեւի Ղափան՝ Կոռնիձորի տակով, կամ Խնձորեսկ։ Ես չեմ կարող հաստատ պնդել, բայց երեւում է։ Ասում են՝ Ստեփանակերտի ճանապարհն են Բերձորից հանում, Աղավնո-մաղավնո՝ սաղ մնում ա իրանց։ Դրա մասին պիտի Ադրբեջանը հստակ պատասխան տա, դա մի սովորական ճանապարհ չի, ասենք՝ զինվորական ճանապարհ… Ոնց որ մեր Երեւան-Արտաշատ մայրուղին է, նույն ձեւի մեծ մայրուղի են սարքում։ Պատերազմից հետո եղել ա զինվորական ճանապարհ, բայց հիմա հսկա ճանապարհ են գցել։ Դա էն տարածքն ա, որ պատերազմից հետո մնաց իրանց մոտ, ու հիմա գիշեր-ցերեկ ճանճի նման աշխատում են»։

Զեյնալյանի խոսքով, ճանապարհը գրեթե պատրաստ է, եւ ցանկացած պահի կարող են կտրել Լաչինը․ «Ասֆալտ արած չի, բայց պատրաստ ա, լավ գրունտային ճանապարհ ա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ