24 03 2022

Արցախի հանդեպ մոռացություն ձևավորելու, էմպատիան վերացնելու քաղաքականություն են վարում. «Փաստ»

Արցախի հանդեպ մոռացություն ձևավորելու, էմպատիան վերացնելու քաղաքականություն են վարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Արդեն երկրորդ անգամ թշնամին Արցախի Հանրապետությանը զրկում է գազամատակարարումից: Շարունակվող սադրանքներն ու թշնամու սանձարձակ գործողությունները տեղի են ունենում Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների միջև առկա մի շարք գործընթացների ֆոնին: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը նախ հիշեցնում է թշնամու՝ նաև նախկինում վարած քաղաքականության մասին:

«Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը ժամանակին իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ամեն ինչ արել է Նախիջևանը հայաթափելու համար, իսկ հետո վարել է Արցախը հայաթափելու քաղաքականություն: Այնպես որ, այս մարտավարությունն ու քաղաքականությունը մեր թշնամիներն ընտրել են ոչ միայն այսօր, այլ շատ վաղուց՝ նաև Խորհրդային Միության ժամանակ: Այն ժամանակ կարողանում էին ինչ-որ այլ գործիքակազմերով ճնշել, դրանից հետո Սումգայիթ, Բաքվի ջարդեր, հետո էլ՝ 1991 թվականին պատերազմ սանձազերծեցին. այդ օրվանից մեր պատերազմը շարունակվում է, այն չի ավարտվել: Եվ այդ պատերազմական գործողություններում թշնամին նույն քաղաքականությունն է վարում՝ փորձում է հայաթափել Արցախի Հանրապետությունը: Այդ նպատակով ամեն ինչ անելու է, որ մարդկանց կյանքն այնտեղ դժվարանա: Կարճ ասած՝ թշնամի է, ասում է՝ «ես քեզ պետք է վերացնեմ»:Վաղը հոսանքն էլ է կտրելու, ջուրն էլ ու կրկին չի թողնելու գյուղատնտեսական աշխատանքներ կատարվեն: Սա կոչվում է պատերազմ՝ «ի՞նչ անել՝ գրավելու Արցախի Հանրապետությունը»: Բացի այդ, չի էլ թաքցնում մյուս նպատակները՝ հայտարարելով՝ «գալու եմ, Զանգեզուրն էլ վերցնեմ, Գեղարքունիքն էլ, Երևանն էլ»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով, այնպես չէ, որ Արցախի գազամատակարարման դադարեցմամբ ամեն ինչ ավարտվելու է. «Վաղն ամեն ինչ անելու են, որ կյանքը Երևանում ևս դժվարանա: Արցախի գազամատակարարումը դադարեցնելն իրենց համար ուղղակի այն հնարավորությունն էր, որը ձևավորվեց՝ հաշվի առնելով, որ իրենք, երևի, շատ յուրահատուկ ձևով դիտարկում են, թե որ ժամանակահատվածում ինչ է հնարավոր անել:Երբ եղանակը լավ էր, և գյուղատնտեսական աշխատանքներն սկսվել էին, սկսեցին դաշտերի վրա կրակել: Հենց հասկացան, որ նաև ցրտեր են լինելու, գազամատակարարումը դադարեցրին»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ից արձագանքներին, Թևան Պողոսյանը նախ նշեց, որ ՀՀ-ում կան շատ ու շատ հայեր, որոնք այսօրվա դրությամբ գումար են հավաքում, անհրաժեշտ պարագաներ են գնում և ուղարկում Արցախ: Թ. Պողոսյանի դիտարկումներով, այլ է պատկերը իշխանությունների պարագայում: «Ցավոք, Հայաստանի գործող իշխանություններն ինչ-ինչ պատճառներով որևէ գործողություն չեն ձեռնարկում: Խոսքը, մասնավորապես, իրենց պարտվողականության շարունակականության ու նշվածից բխող քայլերի մասին է: Երևի լսելով պահանջը՝ ստիպված ինչ-որ հայտարարություններ են անում, բայց կարելի է գնալ ու Ստեփանակերտում ստուգել՝ այդ հայտարարությունների գինն անդրադառնո՞ւմ է մարդկանց վրա: Պաշտոնական մակարդակով ոչինչ չի իրականացվում, մի բան էլ ասում են՝ եկեք սովորենք առանց այս կամ այն միջոցի ապրել: Օրինակ՝ դրանից հետո կարող էին լավագույնս օրինակ ծառայել՝ տեղափոխվել Արցախ ու այնտեղ ապրել, ասել՝ տեսեք, որ պայքարում ենք, նպաստում միասնությանը: Կարող էին ասել նաև՝ «եկել եմ այստեղ ու առանց գազ ապրելու եմ, միացեք, միակամ դառնանք»:

Եթե նման քայլ չի արվում՝ խոսքերի իմաստը ո՞րն է: Այս դեպքում հակառակն է ստացվում, այսինքն, միայն ու միայն ցավ ես պատճառում կողքիդ հային: Եթե անգամ փորձում ես ասել՝ «եկեք միասին մի բան անենք», կողքիդ հային ցավ պատճառելո՞վ ես դա անում: Ընդհանուր առմամբ, պարտված իշխանությունից նոր պարտություններ են լինելու, մինչև գիտակցաբար, ինքնակամ չհեռանան՝ հասկանալով, որ հանուն Հայաստանի և հանուն գալիք սերունդների իրենց գործողությունն այսօր հենց դա պետք է լինի: Պարտվածը բանակցային սեղանի շուրջ ի՞նչ է անելու, նստելո՞ւ է հաղթողի հետ…»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ այս ընթացքում իշխող ուժը կա՛մ տապալել, կա՛մ առհասարակ չի մասնակցել ՀՀ ԱԺ-ում Արցախի վերաբերյալ քննարկումներին, չի միացել ընդդիմության հայտարարություններին: Երեկ էլ ԱԺ-ն չընդունեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ որևէ արտահայտություն քրեականացնելու վերաբերյալ ընդդիմության նախագիծը:

Թևան Պողոսյանը չի կարծում, որ իշխանության նման կեցվածքը զուտ անտարբերության դրսևորում է: «Չէի ասի, թե անտարբեր են: Իրենք Արցախի Հանրապետության հանդեպ մոռացություն ձևավորելու, էմպատիան վերացնելու շատ լավ, տարբերակված քաղաքականություն են վարում: Նման քաղաքականություն են վարում, որ դրա հետ մեկտեղ նաև ասեն՝ «մենք ինչ կապ ունենք»: Այսօր այդ մարդկանց համար իրականության մեջ պարզվել է, որ Արցախը բեռ է: Մի մոռացեք, որ այդ բոլոր մարդիկ ժամանակին եղել են այն թիմի մեջ, որտեղ ասել են՝ «Սերգո ջան, քանի Արցախի հարցը չի լուծվել, վատ ես ապրելու»: Իրենց արժեքային համակարգը կոչվում է ֆինանսական միջոց, որտեղ հայրենիք չի մտնելու, կողքի հայի հանդեպ ցավ ապրելը չի մտնելու: Այս մարդկանց վարած քաղաքականությունն այսօր պարզապես ցույց է տալիս, որ Արցախի հանդեպ մտահոգություն չկա: Ըստ իրենց, ինչքան հարցից շուտ պրծնեն, այնքան ավելի լավ՝ հույս ունենալով, թե այսպիսով ամեն ինչ կավարտվի: Բայց ես հիմա նորից վերադառնում եմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատված, փորձում գործող վարչապետի՝ այդ ժամանակվա հարցազրույցները դիտարկել: Փորձում էր բացատրել, թե բանակցություններին Ադրբեջանը միշտ մեծ նկրտումներ է ունեցել, նույնիսկ ինչ որ առաջարկվել է, հաջորդ օրն ասել է՝ չէ, ավելի շատ եմ ուզում: Ի դեպ, հիմա ևս ադրբեջանցին չի փոխվել»,-ասաց Թ. Պողոսյանը՝ շեշտելով, որ պետք է հասկանալ նշվածից բխող հետևանքները՝ թշնամու ունեցած «ախորժակի» համատեքստում, որը միայն Արցախով չի ուզում սահմանափակվել:

 
Թևան Պողոսյանը նշեց՝ թող մարդիկ գնահատեն իրողությունները, օրինակ՝ երազանքն արդյո՞ք Սինգապուրի նման երկիր ձևավորելն էր: «Օրինակ՝ 2021-ի հունիսին ընտրությունների օրը ինչո՞վ են առաջնորդվել նրանք, ովքեր չեն գնացել ու չեն մասնակցել ընտրություններին, ընդհանրապես հայրենիքի մասին մտահոգություն ունեցե՞լ են: Իսկ այն 670 հազարը, որոնք գնացել ու մտածել են՝ եթե ընտրենք, կարող է պատերազմ չլինի, հիմա ո՞նց են զգում իրենց, երբ տեսնում են, որ այդ ընտրությունից գրեթե մեկ տարի անց պատերազմը չի դադարել, հակառակը՝ ավելի մեծ ճնշումներ են գալիս Ադրբեջանից: Մինչդեռ իշխանության մնալով՝ այս մարդիկ պարզապես իրենց խնդիրներն են լուծում, որովհետև պետք է գիտակցեին հեռանալու անհրաժեշտությունը: Կարող ենք դիտարկել նաև ժողովրդավարական արժեքների համատեքստում: Եթե քաղաքական գործիչն ինչ-որ բաներ է խոստանում ու դրանից հետո չի կատարում, պետք է հրաժարական տա: Մենք այդ մշակույթը չունենք, ուրեմն՝ ժողովրդավարություն էլ չունենք: Իսկ մնացած ամեն ինչն այսօր իրենց անգործությամբ է հիմնավորվում»,-հավելեց Թ. Պողոսյանը:

Այս պայմաններում իշխանություններն արդեն պարզ հայտարարում են, որ պատրաստ են քննարկել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու հարցը, Ադրբեջանի կողմից հրապարակայնացված պայմանների մեջ անընդունելի բան չեն տեսնում: Այս օրերին իշխանություններին ավելի շատ են մեղադրում հայկական շահը չսպասարկելու մեջ: Իսկ թե ինչ է սպասվում թշնամուն զուգահեռ հայկական շահը չսպասարկող իշխանություն ունենալու դեպքում, Թ. Պողոսյանը նշեց. «Պետականության կորուստ է սպասվում: Պետությունն առանց այն էլ երևի արդեն խարխլված է: Մենք ունենք կաթվածահար պետություն, որովհետև պետական ինստիտուտները չեն աշխատում: Առաջ գոնե ՄԻՊ գրասենյակն էր աշխատում, մնացածը՝ ոչ, հիմա ամբողջովին ոչինչ չի աշխատում: Մեր ազգային հերոսի խոսքերը կմեջբերեմ. «Կորցնելով Արցախը՝ կորցնելու ենք հայոց պետականությունը»:

Այլ ձևակերպումներն անիմաստ են: Արցախի Հանրապետության այն մասը դեռ կա, որը պահպանվում է 120 հազար արցախցիների կողմից: Եթե տեր չկանգնեցին այդ մասին, իսկապես շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Եթե կրկին չգիտակցենք այդ 120 հազար արցախցիների սխրանքը, որ այսօր ապրում ու պահում են Արցախը, իսկապես շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Խոսքը հայոց պետականության համար իրենց ստանձնած դերակատարումը գիտակցելու մասին է: Եթե հիմա էլ չգիտակցենք ու չհասկանանք, որ մեր վարքագիծը պետք է փոխենք, մեր կյանքի ձևը՝ ևս, որ մեր ազգային միասնությունը մեր ունեցած միակ ռեսուրսն է, ապա հասնելու ենք այն կետին, որտեղ իսկապես շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Երբ, ինչպես նշվեց, ոչ թե ազգային շահով են առաջնորդվում, այլ սպասարկում են թշնամիների շահերը, ի՞նչն է լինելու հետևանքը: Սցենարները կարող են տարբեր լինել, կկոչվի վիլայեթություն, թե մեկ ուրիշ բան, բայց արդյունքը բուն բովանդակությամբ դրան է բերելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ