18 02 2022

Փաշինյանը ստել է նաև «Ստամբուլյան խարտիայի» վերաբերյալ, ինչպես միշտ, բնականաբար

Փաշինյանը ստել է նաև «Ստամբուլյան խարտիայի» վերաբերյալ, ինչպես միշտ, բնականաբար

Ստի փուչիկը որքան էլ շատ փչեն, այն, միևնույն է, չի դադարում՝ ա) սուտ լինել, բ) շարունակում է մնալ փուչիկ: Կա նաև «գ» կետը. Այդ ստի փուչիկը վաղ թե ուշ պայթում է, որպես կանոն՝ իրականության ասեղի կամ այլ կտրող-ծակող ճշմարտության ի հայտ գալուն պես:
Չնայած դրան, նման ստերը երբեմն այնպես են կարծրանում, հատկապես քարոզչական ու նաև ստահոդ այլ կաղապարներով մշուշված ոմանց գլուխներում, որ էլ ասելու չէ: Թերևս, Օրուելի ականջը կանչի, էն որ «1984»-ում (երևի ավելի կսազեր «2020»-ը) ասում է. «Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, տգիտությունն ուժ է»: Եթե հանճարեղ հակաուտոպիստը Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ոներին հետազոտելու առիթ ունենար, ապա, անկասկած, կհավելեր և չորրորդ կուսակցական կարգախոսը. «Սուտը ճշմարտություն է»: Դա իսկը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի համար է:

Ահավասիկ ևս մեկ կոնկրետ ու թարմ պայթած ստափուչիկի նմուշ, ի դեմս «Ստամբուլյան խարտիայի» ու դրա առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների կողմից նախագահ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված մերկապարանոց մեղադրանքների ու հայտարարությունների: Հիշեցնենք այդ ստահոդ մեղադրանքների, իսկ ըստ էության՝ նպատակային զրպարտանքների բովանդակությունը այն է, թե հիշյալ փաստաթուղթն ստորագրելով, նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս 1999 թվականին գործնականում ընդունել է (ստորագրել է այն բանի տակ), որ Արցախի հիմնախնդիրը կարգավորվի Ադրբեջանի կազմում կամ՝ չխախտելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված այդ զրպարտչական հայտարարությունները Նիկոլ Փաշինյանը շրջանառել է դեռ 2010 թվականին, իր «ընտանեկան» թերթոնում, իսկ փողոցային հեղաշրջմամբ զավթելով ՀՀ պետական իշխանությունը, հանդես գալով արդեն ՀՀ վարչապետի կարգավիճակում, կրկնել է նույն սուտը, ավելին, այն արծարծել է վերջին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ի լրումն, Փաշինյանի սուտը կրկնել են նաև նրա խոնարհ ենթակաները, օրինակ՝ Ալեն Սիմոնյանը:

Ամեն դեպքում, նույնիսկ ԵԱՀԿ 1999թ. գագաթաժողովում ստորագրված «Ստամբուլյան խարտիային» ծանոթ չլինելով, դժվար չէր հասկանալ, որ նախագահ Քոչարյանին ուղղված մեղադրանքները ոչ միայն անհեթեթ են, այլև ցինիկ, անտրամաբանական և ուղղակի զրպարտչական: Դե անհեթեթ է, էլի նման բանի մեջ մեղադրել մի պետական գործչի, ով 1988-ից մինչև օրս ամբողջ կյանքն ու ջանքերը դրել է Արցախի պաշտպանության ապահովման և անկախության, ինքնորոշման իրավունքի իրացմանը հասնելու համար, ու մեկ էլ բռնել ու «ոտքի վրա», այն էլ՝ Ստամբուլում ստորագրել է մի թուղթ, որը առոչինչ է դարձնում բոլոր այդ ջանքերը:

Ավելին, չնայած տվյալ խարտիան ստորագրվել է 1999 թվականին, 2022-ի փետրվարի 17-ին պարզվեց, որ գրեթե ոչ ոք այն... չի կարդացել: Ըստ էության, այն չեն կարդացել հատկապես այդ փաստաթուղթը որպես ծանր մեղադրանք վկայակոչողները: Հաստա՛տ չեն կարդացել:
Ամենայն հավանականությամբ, միայն Նիկոլ Փաշինյանն է կարդացել, ընտրովի վերցրել փաստաթղթի կետերից մեկը, որտեղ բառացի ո՛չ մի խոսք չկա Արցախի ու, առավել ևս՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, յուրովի «խմբագրել» է իր կարդացածը և միտումնավոր չտեսնելու տվել նույն փաստաթղթի այն կետը, որն ուղղակիորեն Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին է և որտեղ ո՛չ մի խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու, առավել ևս, իբր դրա շրջանակներում խնդրի կարգավորման վերաբերյալ: Դա էլ, ի դեպ, ի հակառակ մի շարք այլ հակամարտությունների վերաբերյալ կետերի, որոնցում նման նշումներ կան: Ցանկացողները կարող են մեկ անգամ ևս համոզվել՝ ծանոթանալով փաստաթղթի տվյալ հատվածներին։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 17-ի ասուլիսում անդրադարձավ այդ իրողություններին, նաև տարակուսելով, թե ինչպե՞ս է, որ մեղադրողներից շատերը կամ այդ մեղադրանքները շրջանառողները չեն փորձել ինքնուրույն ծանոթանալ փաստաթղթին, պարզել. միգուցե Նիկոլ Փաշինյանը, որ մշտապես ստում է,  կյանքում գոնե 1 անգամ սուտ չի՞ ասել:

Պարզվեց, որ՝ ո՛չ, Նիկոլ Փաշինյանը էլի ստել է: Ինչպես միշտ, բնականաբար: Սուտը նրա կրեդոն է, խառնակչությունն ու զազրախոսությունը նրա գործելակերպն է, հիստերիան՝ տարերքը:

Կարճ ասած՝ նիկոլական ստի մի գերփչված փուչիկ էլ պայթեց: Հուսանք, անդառնալիորեն: Հուսանք նաև, որ հնարավորինս շուտ անցյալի գիրկն ու պատմության աղբանոցը կնետվի նաև նիկոլական աղետաբեր իշխանությունը՝ իր ստերով, կեղծիքներով, ներքին ատելության սերմանմամբ, գլխակերությամբ ու երկրաքանդությամբ հանդերձ:

Արմեն Հակոբյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ