Բանից պարզվում է, որ այդպիսի միջազգային իրավապաշտպան կազմակերպություն կա՝ «Ֆրիդոմ հաուս»: Չէ, միանգամից խոստովանեմ, որ տողերիս հեղինակը միտումնավոր թեթևակի խորամանկում է (քավ լիցի, պողոսակերպ նիկոլական չենք, ի վերջո)՝ ձևացնելով, թե երեկ չէ առաջին օրն է իմացել «Ֆրիդոմ հաուսի» մասին: Այն, ինչպես նշվեց, միջազգային իրավապաշտպան տիտղոսաթերթիկով, բայց ամերիկյան շարժիչով, վառելիքով ու անվադողերով կազմակերպություն է: Ինչևէ:
Տվյալ դեպքում էական հանգամանքն այն է, որ «Ֆրիդոմ հաուս»-ը օրերս ոչ միայն հիշել է մղձավանջի ճիրաններն ընկած մեր բազմաչարչար երկրի՝ Հայաստանի տեղը, այլև, նույնիսկ, պատկերացնո՞ւմ եք, նկատել ու արձանագրել է, որ ՀՀ իշխանություն համարվող նիկոլական ռեժիմի կողմից ընդունված «հայհոյանքի օրենքը» խախտում է ժողովրդավարական նորմերը, ՀՀ Սահմանադրությունը, ԵԱՀԿ-ի առջև դեռ «նախկինների» օրոք ստանձնած ժողովրդավարական պարտավորությունները, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի սկզբունքները, և պետք է չեղարկվի, որպես այդպիսին: Առհասարակ, այն խախտում է նաև ողջամտության բոլոր սահմանները, բայց դե Նիկոլ Փաշինյանի գլխավորած խայտառակ կառավարությո՞ւնն՝ ուր, ողջամտությունը՝ որտեղ:
Չէ, բայց սա իսկապես լուրջ իրադարձություն է: Կատակ բան չէ, ի վերջո:
Հայաստանում արդեն ավելի քան երեքուկես տարի, այսինքն, ինչ իշխանության ղեկին հայտնվեց փողոցային ինքնասիրահարված աղմկարարների «բրիգադը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ թե պարզապես խախտվում, այլ ուղղակիորեն ոտնատակ են արվում ու ոչնչացվում են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, սկսած՝ արդար դատաքննության, խոսքի ազատության, մամուլի ազատության իրավունքներից, վերջացրած՝ կյանքի իրավունքով: Չենք ասում արդեն իշխանության կողմից թիրախավորված «ատելության խոսքի» օրինակները, պարզապես ոստիկանական վայրագ բռնությունների ենթարկվելը, ապօրինաբար ազատությունից զրկելը, բանտային պայմաններում խոշտանգելը, զուտ քաղաքական հայացքների համար իշխանությունների կողմից հետապնդվելը:
Ինչպիսի՜ «բուկետ» է, չէ՞: Հատկապես «ժողովրդավարական պահանջներով» իշխանությունը զավթած խմբակի ու նրանց հաստիքավոր «իրավապաշտպանների» համար:
Եվ ահա, այս անիրավության, Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ ու քմահաճույքով բեսպրեդելի փորձադաշտ-լաբորատորիայի վերածված Հայաստանի վերաբերյալ ամերիկյան իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը «հանկարծ» նկատում է, որ, պատկերավոր ասած՝ Սամոսան միգուցեև իրենցն է, բայց ախր լրիվ համապատասխանում է այդ թևավոր խոսքում նշված բնորոշմանը»:
Եվ հետաքրքիր է, որ «Ֆրիդոմ հաուսի» նման գերտեղեկացված կազմակերպությունը, որը, անհնար է, որ չիմանար վերը նկարագրված այլևայլ վայրագությունների ու դրսևորումների մասին, որոշեց այս անգամ արտահայտվել: Չգուշակենք, թե դա ի՛նչ է հուշում, կամ արդյո՞ք կարելի է դրանից հետևություններ անել, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը խիստ թափանցիկ ակնարկներ է անում Նիկոլ Փաշինյանին:
Առայժմ արձանագրենք եղելությունը. այն բանից հետո, երբ զազրախոսական դրսևորումներով, փողոցային «բառամթերքով» ելույթներ ունեցող Նիկոլ Փաշինյանը որոշեց օրենքի ուժով արգելել, ավելին՝ քրեականացնել իր և իր գլխավորած իշխանության հասցեին քաղաքացիների կողմից «ջերմ արտահայտություններ» անելը, ավելին, երբ հայտնի դարձավ, որ արդեն այդ՝ «հայհոյանքի ու ծանր վիրավորանքի» նորաթուխ հոդվածով ավելի քան 260 գործ է հարուցվել, իսկ օրերս մի քաղաքացու վերաբերյալ էլ պատժելու որոշում եղավ, նույնիսկ «Ֆրիդոմ հաուսի» համբերության բաժակը լցվեց: Եվ Վաշինգտոնից ձայն տվեցին, թե՝ «էս ի՜նչ եք անում..., այդ օրենքը հեչ արեք»... (https://www.facebook.com/FreedomHouseDC/posts/10158545165912078 )
Ի՛նչն է հատկանշական: «Ֆրիդոմ հաուսի» սաստող հայտարարությունը փետրվարի 5-ին է հրապարակվել: Դրան հաջորդած օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած ռեժիմը հասցրեց էլի մի քանի կոպտագույն, բռնատիրական ռեժիմներին բնորոշ, «հյուսիսկորեական» դրսևորումներ ունենալ, մասնավորապես, կալանավորեց իշխանության կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող հայտնի հրամանատարին գրավի դիմաց ազատելու մասին որոշում կայացրած դատավորին: Դա, իր հերթին Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ուղղակի ազդանշան էր ավելի բարձր ատյանի դատարանին, որ վերստին կալանքի որոշում կայացնի նախկինում կալանված, ապա ազատված համայնքապետերից մեկի դեմ:
Հասկանալի է, չէ՞, որ թե՛ նման կոնկրետ դեպքերում, թե՛ առհասարակ ստեղծված կոյամղձավանջային մթնոլորտում շատ-շատերը պարզապես չեն կարող մի քանի «քաղցր խոսք» չասել վիճակի ու դրա հեղինակ Նիկոլ Փաշինյանի և նրա «թիմակիցների» հասցեին: Եվ հետաքրքիր է, թե ինչպիսի՞ արձագանք կունենան նույն «Ֆրիդոմ հաուսը» կամ ասենք՝ «Հյումն ռայթս ուոչը», եթե հանկարծ ոչ միայն հիշեն Հայաստանի տեղը, այլև մի քիչ ավելի մոտիկից ծանոթանան մեր մղձավանջային «լաբորատորիայի» խայտառակ անցուդարձին:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը