05 01 2022

Միջանցքնե՞ր, ճամփանե՞ր, կոմունկացիաների ապաշրջափակո՞ւմ…

Միջանցքնե՞ր, ճամփանե՞ր, կոմունկացիաների ապաշրջափակո՞ւմ…

Այնպիսի ուժգին տպավորություն է, որ մակերեսայնությունն ու անլրջությունը ժանգի պես կերել-կրծել են «էս ազգի» եղած-չեղածը:

Խայտառակություն է, իհարկե ու համազգային խարանի նման մի բան, բայց, ցավոք փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը տակավին ներկայանում է որպես Հայաստանի օրվա իշխանություն, Հայաստանի ներկայացուցիչ ու շարունակում է զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը:

Եվ ահա, այդ անձը, արդեն մի տևական շրջան է, ինչ խոսում է այսպես կոչված «խաղաղության օրակարգից», տարածաշխրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից, այսպես ասած՝ «ճանապարհներ» բացելուց, իրականում՝ արևելյան ու արևմտյան թուրքերին ՀՀ սուվերեն տարածքի հաշվին «միջանցքներ» տրամադրելուց:

Անգամ նոր երկաթուղուց էր խոսում, «չերեզ Ադրբեջան, չերեզ Իրան ու չերեզ Թուրքիա» դեպի Ռուսաստան, դեպի Սև ծովի նավահանգիստներ, ինչ իմանաս, գուցե դեպի Պարսից ծոցի ափեր, միգուցե նաև Բանդար-Աբբաս հասնելու հեռանկարների մասին:

Ու կարծես ոչ մեկը չի ուզում մտորելու մղող հարցեր հնչեցնել, տո՛ թեկուզ՝ հռետորական:

Ամենից առաջ, նկատենք, որ վերջին 25-30 տարիներին (մինուս 2018-2021թթ) Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն փորձում և իրականացնում էին Հայաստանի արտաքին կոմունիկացիոն շրջափակումը: Այդ ստրատեգիական ծրագրի առավել ցայտուն արտահայտությունը Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային կապի ապահովմանն ուղղված ահռելի ջանքերն ու միջոցների ծախսն էր: Ոչ ավելի ցայտուն՝ հույներից, նաև հայերից դատարկվող` Վրաստանի հարավային (Հայաստանի հյուսիսային սահմանին մերձակա) բնակավայրերը հնարավորինս թյուրք-ադրբեջանական տարրերով բնակեցնելու ընթացքը:
Մեծ հաշվով, Թուրքիան ու Ադրբեջանը միմյանց հետ երկաթուղային կապ ունեին և ունեն նաև առա՛նց Հայաստանի, ավտոճանապարհային կապ ունեին և ունեն նաև առա՛նց Հայաստանի տարածք մտնելու, թե՛ «չերեզ Վրաստան», թե՛ «չերեզ Իրան»: Եվ, անգամ եթե Իրանի հետ հարաբերություններում թե՛ Ադրբեջանը, թե Թուրքիան ունեն իրենց վաղեմի խնդիրները, ապա Վրաստանը վաղուց արդեն լիովին պառկած է թյուրքական կապիտալի և ազդեցության տակ:

Այո, եթե նայես քարտեզին, հասկանալի է, որ «չերեզ Հայաստան» թուրք-ադրբեջանական հաղորդակցության ուղիներն ավելի կարճ են ստացվում, լինի երկաթուղագիծ, թե ավտոճանապարհ: Բայց մի՞թե հենց միայն ճանապարհը «կարճելն» է թուրքերի խնդիրը:

Բնականաբար՝ ո՛չ:

Առնվազն մեկ-երկու տասնամյակ թուրքերը փորձեցին արտաքին տնտեսական ու կոմունիկացիոն բլոկադայով ծնկի բերել Հայաստանը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որդեգրած տնտեսաքաղաքական մոտեցումներով գործնականում ապացուցեց, որ այդ թշնամական քայլը՝ բլոկադան, որքան էլ տհաճ ու խոչընդոտող հանգամանք լինի, միևնույն է,  ոչ միայն չի կարող մեզ ծնկի բերել, այլև հակառակը, կարող է խթանել՝ այլ լուծումներ գտնելու և արդյունավետ տնտեսական աճ, այն էլ՝ թռիչքային աճ ունենալու առումներով:

Բայց այդ հրաշալի ժամանակներից ահագին ժամանակ է անցել:
Ու ոչ միայն սոսկ իրողություններ են փոխվել, այլ փոխվել են արմատապես. Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության, կործանել է Հայաստանի տնտեսությունը, բանակը, անվտանգային ձևավորված համակարգը, թուրքերին է նվիրել Արցախն ու շարունակում է նվիրել ստրատեգիական նշանակություն ունեցող ամբողջական հատվածներ արդեն ՀՀ բուն՝ «միջազգայնորեն ճանաչված» տարածքից և ամեն կերպ ձգտում է հաճոյանալ ալիև-էրդողան տանդեմին, օրումեջ էլ՝ Պուտինին...

Միջանցքնե՜ր, ճանապարհնե՜ր, ապաշրջափակո՜ւմ: Գիտե՞ք, մի այդպիսի պետություն կար, ԽՍՀՄ էր կոչվում, եթե հիշում եք: Ահա՛, այդ պետությունը, որի հանրապետություններից էին նաև Հայաստանն ու Ադրբեջանը, ճանապարհներ ու կոմունիկացիաներ էր կառուցել ու կառուցում: Եվ  Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը ճանապարհներով ու երկաթուղագծերով լավ էլ փոխհաղորդակցված էին, ինչը փոխշահավետ էր:

Ու՝ ի՞նչ: Իսկ այն, որ բավական էր մեկ «կայծ», բավական էր, որ հայերը սեփական ինքնության ու կենսական շահերին անմիջականորեն առնչվող հարց բարձրացնեին այդ երբեմնի «ընդհանուր պետության» պայմաններում, երբ բոլոր այդ կոմունիկացիաները դարձան հայերի վրա ճնշումներ գործադրելու, հայությանը ծնկի բերելու լծակներ:

Ոմանք իրենց չգիտես ինչի տեղ են դրել կամ միգուցե իրո՞ք մոռացել են, թե ինչպես էին սովետակա՛ն Ադրբեջանում թալանում սովետական Հայաստանի համար նախատեսված երկաթուղային էշելոնները, ջարդում վագոնները, հնարավորինս վնասներ պատճառում: Մոռացել են, թե ինչպես էր օրումեջ պայթեցվում կամ վնասվում Հայաստան մտնող գազատարը, մոռացել են, որ նույնիսկ բարեկամական համարվող Վրաստանի տարածքով հացահատիկի շարժակազմերը հնարավոր էր միայն զինված ջոկատների ուղեկցությամբ տեղ հասցնել:

Եվ հիմա կան սուբյեկտներ, ըստ որում՝ այսպես կոչված՝ «իշխանության» վերին էշելոններում, որոնք կարծում են, թե միջանցքենր ու ճանապարհներ են «բացում», իբր՝ նոր հնարավորություններ են ստեղծվելու և այլն: Ստեղծվելը՝ ստեղծվելու են, բայց միայն արևելյան ու արևմտյան թուրքերի համար: Մե՞զ ինչ: Ավելին, այդ այսպես կոչված «տարածաշրջանային հաղորդակցության ուղիները», կոնկրետ՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներով անցնող ճանապարհներն ու երկաթուղագծերը, եթե չեք կռահում, դառնալու են Հայաստանի մնացորդների վրա տնտեսաքաղաքական ճնշումներ գործադրելու հավելյալ լծակներ:

Այնպես որ, առնվազն առկա իրողությունների պայմաններում բոլոր այդ թրքահոտ միջանցքները կամ «ճանապարհները» ոչ թե «կոմունիկացիոն ապաշրջափակում» են բերելու, այլ ավելացնելու են Հայաստանի անվտանգության ռեալ սպառնալիքները, որքան էլ թվա, թե էլ ավելացնելու տեղ չկա:

 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ