15 12 2021

Հայաստանի հոգեվարքը... տոնածառով, սալյուտով, տաշի-տուշիով, բլինչիկով...

Հայաստանի հոգեվարքը... տոնածառով, սալյուտով, տաշի-տուշիով, բլինչիկով...

Սալյուտ էին խփում:
Չէ, ժամը 21-ի կողմերն էր: Երևի ինչ-որ մեկը ծնվել էր: Հետո մի հատ էլ 22:30-ի կողմերը «ննջարանային» արվարձանի բարձրահարկերի միջակայքը պլպլաց հրավառության լույսերով ու թեթևակի ցնցվեց դմփդմփոցից ու դրա հարուցած ավտոմեքենաների «սիգնալիզացիաների» նվագակցությունից: Երևի էլի ինչ-որ մեկը ծնվել էր, իսկ միգուցե... պաշտոն ստացել կամ նոր ստացած պաշտոնի պրեմիան, այն է՝ պարգևավճարը:

Այն, ինչ համարվում էր «թանգարան՝ բաց երկնքի տակ», արդեն դարձել է «գերեզմանոց՝ բաց երկնքի տակ»: Իսկ ո՞վ է ասել, թե գերեզմանոցի վրա «սալյուտ չեն խփում»: Կամ ո՞վ է ասել, թե մահացածների ու սպանվածների ոսկորների կամ հենց դիերի վրա չեն պարում:

Տո՛ «սալյուտ» էլ կխփեն, տաշի-տուշի էլ կանեն, խորոված-խաշլամա...

Հրապարակում Նոր տարվա տոնածառ են տնկում: Երևի արդեն տնկել են: Պատմության թանգարանի շենքի գլխին էլ տոնական լուսարձակներ էին տեղադրում: Դե իհարկե, պետք է, չէ՞ ամեն ինչ իրավիճակին համահունչ լինի: Ռուսերեն ասած՝ светопреставление: Ի՛սկը: Սիրուն բառ է, չէ՞: Բայց այն առանձնապես լույսի ու ներկայացման հետ կապ չունի, ու светопреставление-ի հայերեն թարգմանությունն ավելի ընկալելի ու դիպուկ է հնչում. աշխարհի վերջ, աշխարհակործանում, վերջին դատաստան:

Հա, ի՞նչ, ո՞վ է, ի վերջո, ասել, թե հոգեվարքը պարտադիր պետք է հոգոց-հևոցով լինի: Նույն ռուսերենում էլի մի դիպուկ թևավոր խոսք կա. «Помирать, так с музыкой!»:

Հայկական տարբերակով և մեր իրողուղություններին համահունչ արտահայտություն էլ կա, թեպետ նույնքան պաթետիկ չի հնչում, այն է. «Մեռնել՝ մեռնելն է, գոնե կուշտ փորով հաց ուտենք»:

Եվ ուտում են:

«Քայլիստները»՝ երկիրն են ուտում, այսինքն, արդեն մի ահագին կտոր կերան, Հադրութը կերան, Շուշին կերան, Քաշաթաղն ու Ակնան կերան, Ջրականն ու Վարանդան կերան, Քարվաճառը կերան: Հիմա Սյունիքն են ուտում և ահագին կրծկրծորել են:

Էս սալյուտ խփող, կենտրոնական հրապարակում տոնածառ տնկող, Նոր տարվա «առուտուր» անող շնչավոր մեռելներին արժե՞ հիշեցնել, որ «քայլիստները» 1998-2000-ի, 2000-2002-ի սերնդի լուսավոր տղերքին կերան՝ անթաղ մնացած, գեղի հիվանդանոցների փտած նկուղները նետած ոսկորներով հանդերձ:

Կերան ու ժանտաշունչ բղկացին՝ հուրախություն արևելյան ու արևմտյան թուրքերի, որոնց հետ հավեսով «հարաբերություններ են կարգավորում»: Այնքան վստահ են, որ վերը նշված-կերածը լրիվ մարսել են, արդեն չեն էլ թաքցնում, որ ուղղակիորեն սպասարկում են թուրքական շահերը, Թուրքիայի ցեղասպանական ծրագրերը:

Այն օրը անգամ ԼՏՊ իշխանության շրջանից հայտնի մի մումիայի էին հոգեդարձ արել ու նետել ասպարեզ, որպեսզի ասի, թե՝ թուրքերի կողմից հայերին վտանգ չի սպառնում...

Հա, էլի, ի՜նչ վտանգ, ի՜նչ «Ալթայ» գաղտնազերծված ծրագիր, ի՜նչ Ցեղասպանություն, ի՜նչ հայրենազրկում: Հոգով բոշաներն ինչպե՞ս կարող են հայրենիք ունենալ:

Նրանք կերել են, նրանց կռապաշտողներն էլ ուրացել են. ուրացել են իրենց անձնագրային ազգությունը, ուրացել են Արցախը, ուրացել են հարյուրամյակների կորուստներից հետո վերջապես մի թիզ Հայրենիք ազատագրելու համար թափված սուրբ արյունը, տո՛ ազատագրողներին էլ են ուրացել, ուրացել են «եռաբլուրված» լուսավոր տղերքին, ուրացել են պապերին ու պապերի հավատը...

Ու այդքան ուրացումներից հետո դուք, ի՞նչ է, ուզում եք քայլող ստամոքսները, որ իրենց 15 տարվա ավտոյի թիթեղը խազվելու համար կարող են իրար փոր թափել, որ իրենց 2 կոպեկի համար կոկորդ կպատռեն, բայց երկրի ու պետության համար, կներեք, քամակները բազմոցից չեն պոկի, ահա այդ զանգվածն ուզում եք որ ի՞նչ անի:

Բնականաբար, այդ զանգվածն անում է այն, ինչ տեսնում եք շուրջբոլորը, սկսած՝ սալյուտներ խփելուց ու մեծ սալյուտի սպասումից, մայթա-սեղանիկային «Նոր տարվա առուտուրից», վերջացրած՝ բաստուրմա-սուջուխային մտմտուքներով ու...

Բա հոգեվարքը հո պոզով-պոչով չի՞ լինում:

Հայաստանի հոգեվարքը շքեղ է. սալյուտով, տոնածառով, տաշի-տուշիով, բլինչիկով-բանով, բրյուսելյան կաղամբն էլ ձեզ՝ «փեշքեշ»:

 

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ