21 12 2023

«Կարճ ասած»․ Աննախադեպ որոշում․ 30 տարի էսպիսի բան չի եղել



Դեկտեմբերի 17-ին կառավարությունն աննախադեպ որոշում կայացրեց Հայաստանի 30 տարվա անկախ պատմության ընթացքում․ երկրի մի տարածքից գործարան տեղափոխեց մյուս տարածք՝ Ադրբեջանի պահանջով։ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ին Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ գյուղում պողպատի գործարանի կառուցման թույլտվություն տրվեց։ Հիմնավորման մեջ լիքը բան են գրել՝ ինչքան կարևոր ներդրում է, ռազմավարական նշանակություն ունի, ամրաններ է արտադրելու, Հայաստանը աշխարհագրական հարմար դիրք ունի, շուրջ 30 մլն դոլար ներդրում է, շուրջ 500 աշխատատող կունենան և այլն։ Տեղն էլ ընտրել են Երասխ համայնքին մերձակա տարածքներից մեկը, որը հարմար է։ Այսքանը։ Ամենակարևորը չեն նշել․ այդ գործարանը կառուցվել էր Երասխում․ բայց հունիս ամսից Ադրբեջանն ասաց թույլ չեմ տալու, սկսեց կրակել գործարանի վրա։ Որպես հարցի լուծում, սրանք հայտարարեցին, որ մենք էլ գործարանի վրա կդնենք ԱՄՆ դրոշը, քանի որ ամերիկյան ներդրողներ էին, դե հո Ալիևը Ամերիկայի վրա չի՞ կրակի։ Արևմուտքի համար կյանքը տվող Արամ Զավենի Սարգսյանը վազեց եթերներ ու հայտարարեց, թե՝ այ կտեսնեք, հենց Ամերիկայի դրոշը դրեցին, էլ Ադրբեջանը չի կրակի։ Գոնե սպասեր դնեին նոր իր՝ երբեք չկատարվող կանխատեսումներն աներ։ Լոպազ-լոպազ խոսեց, հաջորդ օրը տարան դրոշը դնելու, Ադրբեջանը կրակեց, միջոցառումը տապալեց։

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը․ ասում է՝ ինձնից պետք է թույլտվություն ստանաք։ Ո՞նց էր Նիկոլին ասում ինձնից պետք է թույլտվություն ստանաս Ղարաբաղ գնալու համար ու Նիկոլի ոտքը էլ Ղարաբաղ չմտավ դրանից հետո, նույն էլ սա էր, ինձնից պտի թույլտվութուն ստանաս, որ քո երկրում գործարան բացես։ Չմոռանամ ասել, որ եվրադիտորդներն էլ հատուկ գործարանի անվտանգությունն էին հսկում։ Բայց․․․ Գործարանը, միևնույն է, տեղափոխեցին։

Սա մեր պետության համար ողբերգական է։ Չէ, ինձ սխալ չհասկանաք, նոր չէ, որ իմ համար ողբերգական է, շուտվանից է, բայց եթե որոշների համար ինչ-որ պատրանքներ կային, դրանք պետք ա որ հօդս ցնդեն՝ վերջնակնապես հասկանալու համար, թե իրականում ինչի մեջ ենք։  

Նիկոլն ասում էր՝ Ղարաբաղը հեչ, ես Հայաստանի 29,800-ի տերն եմ, պարզվում ա՝ դրա տերն էլ չէ, 29,800-ից 200-ն էլ արդեն տվել ա, մնացածի վրա էլ իր խոսքը չի անցնում, այլ թշնամունը։ Էդ 29,800-ի վրա մի տեղ գործարան պետք է բացեն, դա էլ չենք կարողանում։ Ասենք վաղը մի ներդրող ուզում է դրսից փող բերի գործարան բացի, նա տեսնելու է, որ այս երկիրը լրիվ ինքնիշխանությունը կորցրել է, թշնամի պետություններն են թելադրում ինչ անել, անվտանգություն չկա, ներդրումները երաշխավորված չեն, ի՞նչ է անելու, մտածելու է՝ ավելի լավ չէ՞ Հայաստանի փոխարեն գնամ Ադրբեջան, եթե Ադրբեջանն է Հայաստանին թելադրում։ 

Բայց, ախր էս մարդիկ են չէ՞, առավոտից իրիկուն իրենց պատռում ինքնիշխանությունից խոսելով։ Ժողովուրդ, էլի ասեմ, իրենք ինչից խոսում են, ուրեմն հակառակ իրականությունն է։ Նիկոլը սիրում է հիշեցնել ՀՀ պետական օրհներգի բանաստեղծությւոնը՝ առանց փոփոխության ու արտասանում է՝ «Մեր հայրենիք թշվառ անտեր, յուր թշնամուց ոտնակոխ»։ Այ էդ թշվառը, անտերը, ոտնակոխը հենց իր պահած երկիրն է։ Եթե ժամանակին մտածել ու փոխել են էդ բառերը, հիմա ազնիվ կլինի՝ հետ փոխեն։

Գործարանի տեղափոխման որոշում կայացրած կառավարությունը մեկ անելիք ունի էս երկրում՝ հրաժարական, ուրիշ էլ անելիք չի կարող ունենալ, վերջացած է, ձախողած է։ Որովհետև եթե փողը կա, ներդրողը կա, աշխատուժը կա, ամեն ինչը կա, ու դու, որպես կառավարություն, ընդամենը պետք է ապահովես քո երկրի տարածքում գործարանի անվտանգություն, դա էլ չես անում, ո՞ւմ ես պետք։ Հլը պատկերացրեք՝ էս վիճակով էլ ուզում է ադրբեջանցիների հետ ախպերություն անի։ Որ նրանց հետ թշնամի եղած ժամանակ ինչ ասում են անում ես, բա իբր բարեկամ եղած ժամանա՞կ ինչեր կանես։ Ունես օրենք սահմանամերձ շրջաններում բիզնեսը հարկերից ազատելու մասին, բայց սահմանամերձ շրջաններում թուրքը կրակում ա, մարդիկ բիզնես չեն կարողանում անել, քեզնից հասնում ա մի հատ անվտանգություն ապահովես, չես կարողանում։

Կարո՞ղ ես մի դեպք հիշել նախկին ժամանակներից, ընդամենը մեկ դեպք, որ մի հատ բան սարքելու համար թուրքի կարծիքը հաշվի առնեին։ Մի դեպք ընդամենը թվարկի, որ դրսի փայտե զուգարան սարքելու լինեին, Ադրբեջանը կրակեր, առնեին փախնեին նապաստակի պես։ Հլը պատկերացրեք էդպիսի բան լիներ ու լուրը հասներ Նիկոլին, ի՞նչ էր կասեր։ Ու ամենածիծաղելին էն ա, որ պատկերավոր հաճախ է ասում՝ մենք ինքնիշխանություն չենք ունեցել, ուրիշը պետք է թույլ տար, որ բանակ ունենայինք, անկախություն ունենայինք, նախկինները վիզը ծռած թույլտվության էին սպասում։ Վիզը ծռածը էս ա, Նիկոլ։ Պետությունդ, պետականություններս մազից ա կախված, դու դեռ խոսում ե՞ս։ Այ էդ գործարանի օրինակով էլ վաղը բնակչությունդ ես տեղափոխելու։ Վարչապետ ես կոչվում, քո երկրում մի ՍՊԸ չես կարողանում ամուր տեղակայես, եսիմինչերից ես խոսում։

Ու էս խայտառառակ որոշումը կայացնող կառավարությունը դրանից երկու օր հետո դարի սալյուտն է խփում Հանրապետության հրապարակում։ Շատերն են զարմացել ու հարցնում՝ ինչի՞դ վրա ես սալյուտ խփում, էդ ի՞նչ լուրջ բան ես արել մի տարի շարունակ, որ սալյուտով ամփոփում ես։ Տարին սկսել ես զոհերով, հենց առաջին ամիսը բանակում ունեցել ես զոհեր, շարունակել ես զոհերով, շարունակել ես Արցախը բլոկադայի մեջ, հետո հանձնելով, տարին ավարտում ես քո երկրի ներսում թշնամու պատճառով գործարանի տեղափոխմամբ, բայց նենց սալյուտ ես տալիս, ոնցոր աշխարհը բերել-կպցրել ես Հայաստանին։ Գի՞ժ ենք, ինչ ենք։ Իմաստը կասե՞ս, ինչիդ վրա էր սալյուտը։ Ուռա, Ղարաբաղը հանձնի՞նք։ Ուռա, ղարաբաղցի փախստականներ ենք ընդունել պադվալներու՞մ։ Մի տարվա ընթացքում ի՞նչ ես արել, որ քո երկիրն ավելի ուժեղանա, անկախությունը ամրապնդվի, ինքնիշխանությունը։ Ի՞նչ ես արել մեկ տարում։ Պարտքերը խեղդում են, երկիրդ լցված ա բռնագաղթածներով, պարտքեր չանես, թոշակ չես կարողանում տալ, թուրքը հողիդ մեջ մտած, նախագահները թուրքի բանտում նստած սալյուտ ես խփում, որ ի՞նչ։ Ասա էլի, հասկանանք, ո՞րն է մեր ձեռքբերումը, որ պիտի ուրախ-ուրախ նոր տարի անենք։

Թե բա երեխեքի համար է․ ո՛չ, ամոթ էլ չունեք։ Էդ երեխեքին անվտանգություն տուր, խաղաղություն տուր, հաց տուր, ապագա տուր, դու դրանք ես խոստացել, պարտք վերցրած փողերով սալյուտ չես խոստացել։ 2 ամիս առաջ 1000 զոհ տվեցինք, հլը անթաղ զոհեր ունես, քո երկրի ներսում թշնամու զինվորն ավելի շատ է, քան քոնը, սալյուտդ ո՞ւմ համար է։ Կառավարության էսօրվա նիստում հին անեկդոտներ էր պատմում, ծիծաղում ամեն անիմաստ բանի վրա, իսկ Ալիևը էլի Շուշի էր գնացել, Ստեփանակերտի ստադիոնում ֆուտբոլ էր խաղում։ Էն ստադիոնում, որտեղ մի քանի հարյուր հոգու հարսանիք տեղի ունեցավ, Արցախում կյանքի շարունակման խորհրդանիշ։ Էդ տղերքից քա՞նիսին վարի տվեցիք, ձեր խելքից։ Դրա համար է՞ սալյուտը։ Հասկանում եմ, որ ուրախացել եք, բայց մի քիչ թաքցրեք ձեր երջանկությունը։

Նախորդ տարի, երբ սալյուտ էիր խփում, նոր էր բլոկադան, ՄԱԿ-ի դիմաց նստացույց էր, 50 մետր էս կողմ՝ սալյուտ։ Մի տարի անցավ դրանից, էդ մի տարվա ընթացքում չհասկացաք, որ պիտի խելքի գաք, թե  չէ՝ կկորցնենք։ Ու խելքի չեկաք։ Հիմա էս սալյուտդ ինչի՞ համար էր, էդ կորցրածների՞ թե՞ նրանց, որ կորցնելու ես հաջորդ տարի, եթե մնաս։

Կարճ ասած՝ մեր վիճակը, ժողովուրդ ջան, անպատմելի է, աննկարագրելի է, աշխարհում չկա։ Առաջին անգամ եմ տեսնում ազգի, որ էսպես հանդարտ, էսպես հանգիստ, առանց տրտնջալու, առանց դիմադրելու, սենց գնա կոտորվելու՝ ուրախ, զվարթ, սալյուտներով և իր՝ ամեն բան տապալած, բայց մնացած իշխանության առաջնորդությամբ։ Այլ ազգ չկա։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ