13 12 2021

Վեդիում հետընտրական կրքերը չեն հանդարտվում. Կուլիսներում ակտիվ պրոցեսներ են ընթանում

Վեդիում հետընտրական կրքերը չեն հանդարտվում. Կուլիսներում ակտիվ պրոցեսներ են ընթանում

Վեդիում  ընդդիմության հաղթանակով ավարտված ՏԻՄ ընտրությունները նոր ու ավելի ինտրիգային երանգավորում է ստանում. Yerevan.Today-ին աղբյուրները հայտնում են, որ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյան համառորեն  չի ուզում հանձնվել: Հիշեցնենք, իշխանությունն այստեղ կռիվ էր տալիս Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանի դեմքով, բայց պարտվեց:

Ասում են՝ այս  օրերին Վեդիում ակտիվ ստվերային գործընթացներ են ընթանում, իշխանությունը երեք տարբեր սցենարներ է մշակել, որ ամեն գնով ընդդիմադիր Սպարտակ Թարթիկյանին  զրկի  Վեդու համայնքապետ դառնալու իրավունքից՝ չնայած հավաքած 8668 ձայներին:

Իսկ այդ հարցում իշխանության միակ հույսը Փաշինյանին ամեն ինչում սատարող Արամ Զավենիչն է, նրա  թիմի հետ կոալիցիա կազմելու շանսը դեռ կա:

Վազգեն Սարգսյանի եղբար Արամ Զավենիչի կուսակցությունը Վեդու ՏԻՄ ընտրություններում հավաքել էր ամենանվազ ձայները՝ 3346: Բայց իրավիճակն այնպես է դասավորվել, որ  Սպարտակ Թաթիկյանը չի կարող միայնակ դառնալ Վեդու խոշորացված համայնքի ղեկավար, նա չի հավաքել 50 %+ ձայն․ դա նշանակում է, որ ակամայից իրավիճակի տերը դարձել է «Վեդեցի Գոջը»,  այս մականունը կրող երիտասարդը՝ Գագիկ Հակոբյանը, ընտանիքի անդամներով  կազմած ավագանու ցուցակով և հեղինակությամբ կարողացավ հավաքել 3346 ձայն ու ամբողջ խաղաքարտերն հավաքել իր ձեռքում:

Հիմա վճռորոշը ինքն է՝ իր սկզբունքայնությամ, կամ Զավենիչի քաղաքական կամքն ու առևտուրը՝ կառավարության հետ, նայած ով ում կհաղթի և որ ուժին կբերի Վեդիում համայնքային իշխանության: Փաստացի, «Գոջի» որոշմանն է սպասում և ընդդիմությունը և իշխանությունը…

Խնդիրը միայն Արամ  Զավենիչի կուսակցության քմահաճույքից կախվածությունը չէ: Ողջ ինտրիգան իրականում հենց «Հանրապետություն» կուսակցության ներսում է հիմա՝ «Գոջը» կատեգորիկ դեմ է ու հրաժարվում է աջակցել Գարիկ Սարգսյանի համայնքապետ դառնալուն, երիտասարդն համառորեն չի ենթարկվում Զավենիչի քաղաքական կամայայականություներին: «Գոջի» հիմնավոր պնդումն  այն է, որ իր հեղինակությամբ վաստակած ձայները մտադիր չէ փոշիացնել հանուն կոկորդիլոսագետ  Գարիկի, և սա, ըստ վեդեցիների, շատ օբյեկտիվ մոտեցում է:

Բայց ահա մյուս կողմից Զավենիչն է կանգնում փաստի առաջ․ ստացվում է՝ եթե իր պրոիշխանական կուսակցությունը չի օգնում Փաշինյանի թիմին, ուրեմն Վեդիում հաղթանակը մնում է ընդդիմադիրի ձեռքում ու ավտոմատ Սպարտակ Թարթիկյանը դառնում է  Վեդու խոշորացված համայնքի ղեկավար:

Yerevan.Today-ին աղբյուրները հայտնում են, որ Գոջի վրա ամեն օր, ամեն ժամ իշխանությունն ամենատարբեր ձևերով բարոյահոգեբանական ճնշումներ է գործադրում, ըստ որում՝ առաջարկների, գրավիչ գործարքների, ընդհուպ սպառնալիքների հոգեբանական պարտադրանքի զանազան ձևերով: Գարիկ Սարգսյանին մեր զանգերն ավանդաբար անպատասխան մնացին: Գագիկ Հակոբյանը իր տեսակետն արդեն իսկ հայտնել է հրապարակային ելույթով:  Առայժմ «Գոջն», ըստ աղբյուրի, անդրդվելիորեն պահում է իր հրապարակային արած սկզբունքային դիրքորոշումը՝ չմիանալ ամեն գնով, իսկ թե դեկտենմբերի 17-ին նախատեսված ավագանու առաջին նիստին ինչ քվեարկությամբ այս «քաղաքական բազառը» կփակվի, ցույց կտա ժամանակը:

Առայժմ ակտիվ շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ «Գոջը» հրաժարվել է դառնալ Սոցապի տարածքային ծառայության պետ, փոխարենը համաձայնություն է տվել դառնալ Վեդու համայնքի իշխանության հետ միասնական թեկնածու միայն մեկ պայմանով, որ ինքը Վեդու կոմպրոմիսային համայնաքապետը կլինի, բայց Վեդի քաղաքին խոշորացումով միացված գյուղական բոլոր 16 համայնքներում իշխանական ՔՊ-ն պիտի իր մարդուն դնի ղեկավար:

Ըստ աղբյուրի՝ քննարկվող տարբերակներից  երկրորդն այն է, որ դարձյալ իշխանության  հետ կոալիցիա կազմելով, ՔՊ-ին բերի Վեդիում իշխանության, բայց ինքը դառնա համայնքապետ, իսկ երկու տեղակալները լինեն ՔՊ-ի թեկնածուները՝ «Փռի Լյովա» մականվամբ հայտնի Լյովա Գալստյանի որդին՝ Ազատիկը, ով ՔՊ ավագանու ցուցակի 5-րդ համարն էր, ու երբեմնի ՀՀԿ-ական Կառլեն Հակոբյանի որդի Ռաֆիկ Հակոբյանը, ով այսօր էլ իշխանության կամքով նշանակված է Վեդու քաղաքապետի ժպ:

Հիշեցնենք, Վեդու խոշորչացված համայնքում ՏԻՄ  ընտրություններն ավարտվեցին հետևյալ պատկերն արձանագրելով՝ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությունը, ի դեմս Սպարտակ Թաթրիկյանի, 8668 ձայն, ՔՊ-ն Գարիկ Սարգսյանի դեմքով՝ 7706 ձայն ու «Հանրապետություն» կուսակցությունը 3406 ձայն:

Yerevan.Today-ն ավելի վաղ գրել էր, որ Փաշինյանի համար Վեդիում իշխանություն իր ձեռն առնելու պատճառները միայն քաղաքական չեն, բնականաբար՝ այստեղ առանձնակի գայթակղության թեմա է հանքերն իրենց մեծությամբ ու ֆինանսների շրջանառությամբ:

Ընդգծենք՝ իշխանության գայթակղությունը այստեղ բազմաթիվ հանքերն են: Ի վերջո, Վեդի քաղաքին միացող 18 գյուղերի վարչական տարածքներում են գրանցված մի շարք հանքեր՝  մարմարի, ավազի, քարի, ինչպես նաև մի քանի խոշոր խմիչքի գործարաններ, կաթնամթերքի արտադրական ընկերություններ և հյուրատներ, սննդի կենտրոններ, այլ բիզնեսներ, իսկ դրանք հարկատուներ են նաև համայնքային բյուջեի համար, ինչը նշանակում է, որ  Վեդիում ՔՊ-ի հաղթանակելու դեպքում՝ հենց հաջորդ օրվանից վարչապետի սանիկի ձեռքում կկենտրոնցվի մարզի ողջ գործարար կապիտալն ու կապերը, նորընտիր քաղաքապետը ձեռքերը կթաթախի լուրջ փողերի շրջանառության մեջ ու իր վերահսկողության տակ կառնի այս ընկերությունների ֆինանսական շարժը՝ անկախ Գարիկ Սարգսյանի ունակությունների հանգամանքից:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ