26 11 2021

Տոհմածառ հիշեցնող ցուցակով Վեդիում կմրցեն կոկորդիլոսագետի ու երկրապահի հետ

Տոհմածառ հիշեցնող ցուցակով Վեդիում կմրցեն կոկորդիլոսագետի ու երկրապահի հետ

Դեկտեմբերի 5-ին Վեդիում ու Մասիսում կայանալիք  ՏԻՄ ընտրություները խոստանում են Սյունքից հետո հաջորդ՝ ամենաինտրիգայինը լինել: Եթե Գորիսում ինտրիգը Առուշ Առուշանյանի անձով ու նրա՝ կալանավայրից ռեժիմի դեմ պայքարի գործոնով էր պայմանավորված, իսկ Կապանում իրավիճակն այնպիսին էր, որ Գևորգ Փարսյանի դեմքով սյունեցիների կռիվ տվեցին Սունիքը հանձնող ռեժիմի դեմ, ապա լրիվ ուրիշ պատկեր է Արարատի մարզում:

Վեդիում ողջ ինտրիգը հենց իշխանական թեկնածուն է՝ իր կերպարով ու մականունով հանդերձ:

Խոսքը Արարատի նախկին  մարզպետ, ներկայիս Պետգույքի կառավարիչ , Փաշինյանի սանիկ Գարիկ Սարգսյանի մասին է, ով իր կուրիոզ ելույթներով ու իրեն առնչվող  սկանդալային  պատմություններով բազմաթիվ անգամներ է դարձել սոցցանցում զվարճալի հերոս:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը կոկորդիլոսագետ սանիկի դեմքով ուզում է զավթել Արարատի մարզի կեսը: Նա է Վեդու խոշորացված համայնքում իշխանության թեկնածուն:

Իշխանության գայթակղությունը այստեղ բազմաթիվ հանքեր են: Ի վերջո, Վեդի քաղաքին միացող 18 գյուղերի վարչական տարածքներում են գրանցված մի շարք հանքեր՝  մարմարի, ավազի, քարի, ինչպես նաև մի քանի խոշոր խմիչքի գործարաններ, կաթնամթերքի արտադրական ընկերություններ և հյուրատներ, սննդի կենտրոններ, այլ բիզնեսներ, իսկ դրանք հարկատուներ են նաև համայնքային բյուջեի համար, ինչը նշանակում է, որ  Վեդիում ՔՊ-ի հաղթանակելու դեպքում՝ հենց հաջորդ օրվանից վարչապետի սանիկի ձեռքում կկենտրոնցվի մարզի ողջ գործարար կապիտալն ու կապերը, նորընտիր քաղաքապետը ձեռքերը կթաթախի լուրջ փողերի շրջանառության մեջ ու իր վերահսկողության տակ կառնի այս ընկերությունների ֆինանսական շարժը՝ անկախ Գարիկ Սարգսյանի ունակությունների հանգամանքից: 

Կոկորդիլոսը թռչունի հետ նույնացնող Գարիկ Սարգսյանը Վեդիում  կմրցի երկրապահ ընդդիմադիր թեկնածուի հետ, այստեղ հրաժարվել է պայքարի մեջ մտնել նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, բայց նորաստեղծ «Հզոր համայնք՝ մի ընտանիք» կուսակցությունը իշխանության հետ թեժ պայքարի մեջ է մտել՝ երկրապահ Սպարտակ Թարթիկյանի դեմքով:

Այս երկուսի մյուս մրցակիցը, ըստ քաղաքական կոնյուկտուրայի կանոնների, պրոիշխանական ուժ է․ Արամ Զավենի Սարգսյանը, ով բոլոր դեպքերում  համարվում է Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքական ուժի ղեկավար, Վեդիում «Հանրապետություն» կուսակցության անունից առաջադրել է  «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանին։ Ամենաուշագրավը, սակայն, այս երիտասարդի գլխավորած ավագանու ցուցակի կազմն է….

Արամ Զավենիչի առաջադրած Վեդեցի Գոջն ավագանու ցուցակը կազմել է տնավարի, բարեկամների, խնամիների հետ կոնսենսուսի գալով: Սա բավականին ծիծաղելի վիճակում է դրել «Հանրապետություն» կուսակցությանը․ բուռն քննարկումների թեմա է, ինչպես վեդեցիները կասեին՝ «մի օր բանակի քեֆին երևի նաֆարով խմել-որոշել են, որ պիտի դաշինք կազմեն՝ մտնեն քաղաքականություն, գան-զավթեն Վեդու քաղաքապետարանի շենքը, որպեսզի բարեկամների մյուս քեֆերն այնտեղ շարունակեն»: Բանն այն է, որ կադրային կրիզիսն այնքան տպավորիչ վիճակում է Զավենիշի թիմում, որ Վեդիում ֆորմալ մասնակցությունն ընտրություններին մի կերպ ապահովել են տնավարի դաշինքի թիմ ցուցակագրելով։

«Հանրապետություն» կուսակցության Վեդիում առաջադրված ցուցակի առաջին տասնյակն ունի այսպիսի զվարճալի պատկեր՝ ավագանու ցուցակի առաջին տասնյակում են «Վեդեցի Գոջի»  մորաքրոջ երկու աղջիկները (քույրեր), քրոջ ամուսինը, կինը, քեռին, քեռու թոռը, զոքանչը և էլի բարեկամներ:

 Нет описания.

Այս փաստը վկայում է, որ  իշխանական թեկնածու կոկորդիլոսագետ Գարիկի հետ իրականում Արամ Սարգսյանի կուսակցության ավագանու առաջադրումը մտնելու է կեղծ պայքարի մեջ:  Փաստորեն, «Վեդեցի Գոջն» իրականում իր մասնակցության օգնելու է ձայների փոշիացմանը, որպեսզի իշխանությունը թեկուզ ձայների նվազ քանակ հավաքելու դեպքում «Հանրապետություն» կուսակցության հետ կարողանա  գոնե կոալիցիա կազմելու գնով իշխանությունը խլել ընդդիմության ձեռքից ու Գարիկ Սարգսյանին հաստատել Վեդու քաղաքապետ:

Նշենք՝ Վեդում  խոշորացված համայնքի կազմում են ընդգրկվել  Վեդի քաղաքը, Այգավան, Արալեզ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Լուսաշող, Լուսառատ, Նոր Կյանք, Նոր Ուղի, Ոսկետափ, Ուրցաձոր, Սիսավան, Վանաշեն, Տափերական և Խոր Վիրապ եկեղեցու Փոքր Վեդի համայնքները:

 

«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն գլխավոր նկարի աջ կողմում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ