Օրերս Շուշիի խաչմերուկում հողատու-կապիտուլյանտների հակահայ գործունեության հետևանքով հայտնված ադրբեջանական անցակետի մոտ միջադեպ եղավ: Մի հայ տղամարդ նռնակ նետեց թուրքերի ուղղությամբ: Միջադեպի հետ կապված աղմուկ-աղաղակը նռնակի պայթյունի ձայնից հարյուրապատիկ ուժեղ էր: Բայց ավելի կարևոր բան էլ կա․ այդ նռնակը հօդս ցնդեցրեց Նիկոլ Փաշինյանի տարփողած «խաղաղության դարաշրջանի» փուչիկը: Դա թերևս առաջին նռնակն էր, սակայն հաստատ վերջինը չի լինելու: Ի վերջո, «թուրքը թուրք է մնալու», այնքան, մինչև հայերին չհիշեցնի, որ հայ են: Ամեն դեպքում, թուրքն իր թրքությունն անելու է, իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ, հայերիս մնալու է մի-մի նռնակ նրանց վրա նետելը կամ նռնակով հանդերձ՝ նետվելը:
Առհասարակ, շատերը նիկոլականության վարակի այս եռամյա տարածումը համեմատում են «քաջնազարության» հետ: Զուգահեռները չափազանց շատ ու ակնհայտ են, իսկը՝ «Քաջ Նազար»-ի պատմությունն է: Ամենահայկական հեքիաթներից մեկը, երբ դռան ճռռոցից վախեցող ու թախտի տակ մտնող մեկի վրա գյուղի տերտերը «բոցվում է», իսկ նա գյուղից գնում է ու... հո՛պ, որպես «փիարված քաջ», մեկ էլ «վիշապ խեղդող» «ակունք իմաստության է»: Ոչնչություն լինելով, դառնում է թագավոր ու՝ «գյադեք էս յան անցեք» կամ՝ «ծա՛փ տվեք, արա՛...»:
Հա՛ բայց եթե Նիկոլի՝ իշխանություն դառնալը «Քաջ Նազարի» պատմության հետ է զուգահեռվում, ապա նրա հայտարարած «խաղաղության դարաշրջանը» կարելի է զուգահեռել «Կիկոսի» պատմության հետ: Այն, որ չծնված՝ մեռավ: Հիմա սրանն է: Թե բա՝ «խաղաղության դարաշրջան»: Երևի «վիշապ հաղթող» էնիքի սիրտը մի հատ էլ «Խաղաղության նոբելյան մրցանակ» է ուզում, եթե նա սիրտ ասվածն ունի, ընդհանրապես: Չշեղվենք:
Ակնհայտ է, որ երբ Արցախ, Հադրութ, Շուշի, Շուռնուխ ու Որոտան, Ճակատեն ու Սև լիճ հանձնած «գերագույն գլխավորը», երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյատիվ ակտ ստորագրողն է խոսում «խաղաղության դարաշրջանից» դա քաղաքական շիզոֆրենիա է: Բայց ինքը դրանում մեղավոր չէ, մեղավոր են իրեն լսողները: Թե ինքն ո՛վ է ու ի՛նչ է անում, առավել քան ակնբախ է: Իսկ այ, ովքեր են ու ինչ են անում իրեն լսող-պաշտողները...
Ամեն դեպքում, «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելու, առավել ևս՝ արևմտյան ու արևելյան թուրքերի հետ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելու համար դու առնվազն պետք է Զինված ուժեր ունենաս: Խաղաղությո՞ւն ես ուզում՝ պատերազմի պատրաստվիր: Առկա «իշխանությունը» ոչ միայն պատերազմ է հրահրել ու տանուլ տվել, ոչ միայն «պատերազմ» բառից լեղապատառ է լինում, ոչ միայն պատերազմի չի պատրաստվում, այլ ամեն ինչ՝ բանակ, տնտեսություն, անվտանգություն, պատասխանատվություն, իրավունք, բարոյականություն ոտնատակ տված պատրաստէ միայն մեկ բանի՝ «քաջնազարական» տարբերակով զավթած իշխանությունը հնարավորինս երկար պահելուն... Նման պայմաններում չի կարող խաղաղություն լինել, ոչ մի կերպ չի կարող:
Նիկոլ Փաշինյանն ու ՊՆ-ում նշանակված նրա կամակատարները թե՛ վերջին երեք տարում, թե՛ հատկապես այս «հետպատերազմական» մեկ տարվա ընթացքում գերազանցապես այն են արել, որ կազմաքանդել ու հոգեբանորեն, կներեք, սլենգի դիմելու համար՝ «զաչմարիտ են արել» բանակն ու զինված ուժերը: Դրա ամենից վառ ապացույցններն այն են, որ «գերագույն գլխավոր» կոչվողը բացեիբաց խոստովանում է՝ ի՛նքն է հրաման իջեցրել, որ զորքերը դիրքերը թողնեն թշնամուն, որովհետև հակառակ դեպքում թշնամին սպառնում էր պատերազմ վերսկսել: Պարզից էլ պարզ է, որ այդ ի՛նքն է ՊՆ կամակատարների միջոցով հրամաններ տվել ու տալիս, որպեսզի դիրքերում կանգնած հայ զինվորականները կրակ չբացեն թշնամու վրա: Ինչն ըստ էության նշանակում է, որ թշնամին շվշվացնելով, քայլելով կարող է գալ ու գալիս, գրավում է Հայաստանը՝ կտոր առ կտոր:
Նման պայմաններում ի՞նչ գրողի տարած «խաղաղության դարաշրջան»:
Դա անհնար է նաև այն պարզ պատճառով, որ դիմացինդ թուրքն է: Այն թուրքը, որի ռազմավարական նպատակը եղել ու մնում է Հայաստանի՝ որպես պետության վերացումը, հայի՝ որպես ազգության բնաջնջումը:
Հետևաբար, ինչ միջանցքներ էլ ուզում եք՝ պայմանավորվեք, չի լինելու ոչ մի խաղաղություն, այլ լինելու է թուրքերի կողմից հայերի «սողոցող» ցեղասպանություն:
Նիկոլի կառավարած երբեմնի պետական կառույցները, օրինակ, ԱԱԾ-ն դարձել է ՀՀ տարածքում ադրբեջանական նորանոր անցակետերի տեղակայման մասին ազդարարողը: Երևի իրենք այդպես են հասկանում Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անգտանգության ապահովումը, գումարած՝ «որ գերի ընկնեք, զանգեք էս համարին» ծաղրանքը:
Հա ու քանի որ Հայաստանի իշխանություն համարվողը գործնականում հրաժարվել է Հայաստանի բնակչության կյանքի ու անվտանգության ապահովումից, «քաջնազարական» իշխանապետը թուրքերին «էստի համեցեք» է անում, նրանք էլ անցակետ անցակետի հետևից են դնում, նռնակներ սկսելու են ավելի ու ավելի շատ պայթել: Դա շատ պարզ է՝ թուրքը չի կարող թրքություն չանել: Եվ, չնայած ներկայիս անկումնային տրամադրություններին, մի օր էլ մի հայ մարդ, չկամենալով նվաստանալ կամ զզված այդ ամեն ինչից՝ նռնակ է նետելու, մեկ ուրիշը կրակելու է, երրորդը պարտիզանություն է անելու: Կարճ ասած՝ ով ինչպես կարող է, ով ինչի հնարավորություն կունենա:
Պարզ է նաև, որ ոչ մի «խաղաղության դարաշրջան» էլ չի լինելու: Դա մեռելածին է ու արդեն մեռած է: Շուշիի խաչմերուկում մեռավ:
Պարզ չէ միայն մեկ բան. թե ե՞րբ է Նիկոլի ու նրա իշխանության գլխին պայթերլու պատկերավոր ասած՝ «համբերության նռնակը»: Չնայած, կարծես օղակը վաղուց արդեն քաշած է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը