15 11 2021

Գնդակահարության պատի տակ...

Գնդակահարության պատի տակ...

Ասում են, դա, ում անունը լրացուցիչ հիշատակել անգամ չեմ ցանկանում, էլի ասել է, որ եթե ժողովուրդը որոշի իրենց գնդակահարել, իրենք անմռունչ կկանգնեն գնդակահարության պատի տակ: Սա մի քանի անգամ էլ էր ասել: Հիմա ուրախ-զվարթ, դեմքի երջանիկ արտահայտությամբ, մի քիչ էլ՝ ծաղրական տոնայնությամբ կրկնում է:

Առհասարակ, երբ քրեաիրավական առումով մահապատիժն արգելած երկրում բանը հասնում է գնդակահարության պատատակին, նախ՝ «ժողովրդի որոշելուն» չեն նայում, երկրորդը՝ չեն գնում-կանգնում, այլ՝ տանում և կանգնեցնում են, երրորդը՝ գնդակահարողները թքած ունեն քո անմռունչ լինելու կամ մորթվող խոզի պես ճղճղալու վրա:

Առանցքային պահն այս դեպքում և այստեղ «գնդակահարության պատը» չէ սակայն: Առանցքայինը «անմռունչ կանգնելու» մասին էժանագին ֆրազը չէ: Հիմնականն այստեղ «եթե ժողովուրդը որոշի»-ն է:

Ո՞ր ժողովուրդը, բնականաբար հարց է ծագում: Օրինակ, «ֆեյսբուքներում» իմ ընկերացանկում համախմբված ժողովուրդը, կամ այդ ժողովրդի մեծ մասը, ներառյալ տողերիս հեղինակին, Նիկոլին ոչ միայն «գնդակահարության պատի տակ» է տեսնում, այլև շատ ավելի դաժան մահապատժի տակ:
Բայց չշեղվենք: «Եթե ժողովուրդը որոշի»: անկախ այն բանից, թե որքանո՞վ է Նիկոլը Մարկես կարդացել, կոնկրետ՝ «100 տարվա մենություն»-ը կամ ընթերցածը որքանո՞վ է մարսել, ինքը հաստատ Աուրելիանո Բուենդիան չէ, մեր իրականությունն էլ գիրք կամ կինո չէ, իսկ իր՝ «գնդակահարության պատի» տակ կանգնելու համար էլ վաղուց հայտնի օրինական եղանակներ կան՝ մեղադրանք, կալանավորում, քննություն, դատ, դատավճիռ:
Հիմարություն է ասել՝ «եթե ժողովուրդը որոշի»: Ո՞ր «ժողովուրդը»: Օրինակ, ամռանը ժողովրդի մի շոշափելի մասը, մոտ 30-35 տոկոսը որոշեց, որ՝ հա՛, գնա ու անմռունչ կանգնիր գնդակահարույթան պատի տակ: Պիտի ասեք 300-400 հազարը ժողովո՞ւրդ չեն: Բա ո՞վ է այդ դեպքում «ժողովուրդը»: Միայն «ապագակաապագա» բղավողնե՞րը:
Տողերիս հեղինակը «ժողովուրդ» ասված հավաքականության 1 միավորն է: Եվ ես, որպես ժողովրդիս ներկայացուցիչներից մեկը, կոնկրետ Նիկոլին տեսնում եմ կոնկրետ բանտում, կոնկրետ մեղադրանքով, կոնկրետ դատավճռով:
Ու հաստատ, ոչ միայն ես եմ այդպես տեսնում:

Կա ևս մեկ հարց, որը չի ասվում, բայց որը նրա ասած «գնդակահարության պատի տակի» ենթատեքստն է: Եթե նա խոսում է այդ պատի տակ կանգնելու մասին, ուրեմն ինքը գոնե այնքանը գիտակցում է, որ արել է բաներ, որոնց համար հենց նշված պատի տակ ժամանակին շարում էին ու գնդակահարում: Եթե այդքանը գիտակցում է, ապա կարող է անմռունչ հրաժարական տալ ու կամովին հանձնվել արդարադատությանը:

Բայց ինչի կամ ում մասին է խոսքը: Անպատասխանատվության մարմնավորմա՞ն: Նրա՞ մասին, որ իր անպատասխանատու և ցուցադրական բախտախնդիր վարքով ու հայտարարություններով արագացրեց պատերազմի վերսկսումը, որ հայտարարում էր, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա միայն այն է «երգում», թե՝ «Շուշին ադրբեջանական է, և վերջ», «Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական է, և վերջ…»:

Ի՜նչ «գնդակահարության պատ», ի՜նչ «անմռունչ կանգնել»:

Ի դեպ, մի քաղաքական մեկնաբան կար: Չգիտեմ, նա պատրա՞ստ էր կանգնել գնդակահարության պատի տակ, թե՞ ոչ: Բայց քիչ չէ՝ գնդակահարեցին, դեռ մի բան էլ տարան հրապարակում ոտքերից մարմինները կախեցին: Կարծեմ Իտալիայում էր դեպքը կատարվել: Իսկ ինչ վերաբերում է «ընտանիքի գնդակահարություն բեմադրալուն» ինչից Նիկոլը, իբր խիստ վատացել է, ապա բեմադրությունը Ռումինիայի կոմունիստական ղեկավար Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ գնդակահարության (1989թ.) վերաբերյալ էր: Ի դեպ, դեկտեմբեր ամիսն էր: Հիմա նոյեմբերն է:

 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ