28 09 2021

«Տարօրինակ պատերազմը», որպես «նիկոլիզմի» անխուսափելի հետևանք

«Տարօրինակ պատերազմը», որպես «նիկոլիզմի» անխուսափելի հետևանք

Ասում են, երբ սպառվում են դիվանագիտական միջոցները, սկսվում է պատերազմ: Ասում են նաև, թե պատերազմը նույնպես դիվանագիտություն է, բայց՝ այլ եղանակներով: Թեպետ, ինչ էլ ասվի, պատերազմն ամեն պարագայում աղետային երևույթ է՝ զոհեր, վիրավորներ, հաշմանդամներ, ավերված գյուղեր ու քաղաքներ, տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական պրոբլեմների թնջուկներ:
Մեկ տարի առաջ, սեպտեմբերի 27-ին, ըստ երևույթին, համոզվելով, որ 2018-ի մայիսից սկսած, ավելի քան 3 տարի Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած անպատասխանատու-անհաշվետու սուբյեկտների կառավարմամբ հասել է թուլության, անկազմակերպվածության ու անտերության պիկին, թշնամական Ադրբեջանի կառավարիչ Ալիև Իլհամը, իր հիմնական պարտնյոր Էրդողանի հետ վերսկսեց պատերազմական գործողությունները Արցախի, ասել է թե՝ Հայաստանի դեմ:
Թշնամին, ըստ ամենայնի, շատ լավ էր սերտել 2016-ին իր իսկ նախաձեռնած ու տապալված արկածախնդրության դասերը:  

Այս օրերին անխուսափելիորեն շատ է խոսվելու մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմի, մարտական գործողությունների բնույթի, տարօրինակությունների, սխալների մասին: Մենք ևս, առանձին հրապարակումներով կանդրադառնանք որոշակի դրվագների ու հարցադրումների: Իսկ այդ շարքում առաջիններից մեկը, եթե ոչ՝ ամենից առաջին ու կարևոր հարցադրումը այն է, որ պատերազմ, մեծ հաշվով, կարող էր չլինել:

Կարո՛ղ էր չլինել: Մինչդեռ, «փողոցով» Հայաստանի իշխանությունը զավթելուց հետո, Նիկոլ Փաշինյանի քայլերը, գործողությունները, հայտարարություն նպատակաուղղված են եղել այդ պատերազմը հրահրելուն, ավելի ճիշտ՝ այն անխուսափելի դարձնելուն:

Սկսենք այն բանից, ինչը սովորաբար անվանում են «ներքին քաղաքականություն»:

Նշենք հիմնական երևույթները: Այսպես կոչված «թավշյա իշխանափոխությունից»՝ 2018-ի ապրիլ-մայիսից սկսած, հավորդող 3 տարիներին, ընդհուպ՝ մինչև պատերազմը, նաև՝ պատերազմի ընթացքում և այս «հետպատերազմական» 1 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն հրահրել, սերմանել ու խորացրել է ներհասարակական պառակտումը, լինի դա երկրի բնակչությանը «սև-սպիտակ» սորտավորելուց լկտի ու հակահասահակական դրսևորումից, վերջացրած՝ «նախկինների», «պիցցայակերների» և նման այլ էպիտետներով քարոզչաքաղաքական տարանջատումներով: Դա, բնականաբար, առաջացրել է անխուսափելի հակազդեցություն, ինչը, նույնքան բնականաբար, ավելի է խորացրել պառակտումն ու հասարակական տարանջատումը, քայքայումը: Ասենք, պառակտումը որպես բնորոշում արդեն տեղին չէ, տեղին է խոսել նիկոլական իշխանության կողմից կիրառվող ներքին ֆաշիզմի և ներքին թշնամանքի մասին:

Արդեն ավելի քան 3,5 տարի շարունակվում են ամենասանձարձակ քաղաքական հետապնդումները, իրավական բեսպրեդելը, որոնց թիրախում բոլոր այն գործիչները և ուժերն են, որոնք այս կամ այն կերպ կարող էին կամ կարող են խոչընդոտել փաշինյանական իշխանությանը: Կոնկրետ տվյալ դեպքում քաղաքական հետապնդումների թիրախում հայտնվեցին Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանը, Միքայել Հարությունյանը, ՊՆ նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանը, ԳՇ նախկին պետ ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար (այդ պահին) Յուրի Խաչատուրովը:
Հատկանշական է, որ «տարօրինակ պատերազմի» ընթացքում փաշինյանական իշխանությունը գործնականում չեզոքացրեց կամ մեկուսացրեց վերջին 30 տարիների ընթացքում ձևավորված ռազմական վերնախավի առավել նկատելի ֆիգուրներին՝ գեներալ-գնդապետների, գործիչների, որոնց փորձն ու գիտելիքները կարող էին էապես օգտակար լինել: Բայց այդ մասին հետո:

Տնտեսական առումով Հայաստանը վերջին 3,5 տարիների ընթացքում գտնվել ու գտնվում է շարունակական ռեգրեսի, անկման, ցնցումների մեջ, գործնականում՝ ներդրումազուրկ վիճակում: Ու այդ ամենը՝ հիմնականում Նիկոլ Փաշինյանի անհավասարակշիռ և որևէ ողջամիտ ներդրողի վանող քաղաքական հայտարարությունների և վարած վայրիվերո քաղաքականության հետևանքով, լիներ դա բանկային գաղտնիքի զրոյացումը, հարուստներից խլելու և աղքատներին բաժանելու շաիկովիզմը, թե անընդհատ «խաղի կանոններ» փոխելու մարմաջը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական բաղադրիչին, ապա դա արդեն մի առանձին հոդվածի, եթե ոչ՝ հոդվածաշարի թեմա է: Ասենք հիմնական մի քանի կետ. Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուն պես, ամեն ինչ արել է՝ բանակցային գործընթացքը զրոյացնելու, փակուղի մղելու համար և, այո, հաջողել է այդ հարցում՝ հսկայական ծառայություն մատուցելով նույն Ալիևին:

Նույնպիսի հետևողականությամբ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները Իրանի հետ: Փչացրել է հարաբերությունները Վրաստանի հետ: Հիշենք թեկուզ այն միկրոդրվագը, թե ինչպես Արսեն Թորոսյանի միջոցով, պատերազմի մեկնարկից ոչ շատ առաջ, քովիդի հողի վրա Փաշինյանի իշխանությունը ինչ միջազգային սկանդալ հարուցեց հարևանի հետ, հայտարարեց, թե Վրաստանում կեղծում են քովիդի հետևանքների տվյալները:

Հետևողականորեն փչացրեցին հարաբերությունները ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ հենց Ռուսաստանի հետ: Իհարկե՝ անգնահատելի է այս հարցում «սորոսիկների» օգնությունը:

Հիմա, իհարկե, այդ ամենը խրախուսող Նիկոլը, կզած, լպստում է Պուտինի կոշիկները... Նույն Փաշինյանը, ցուցադրաբար, ԱԳ նախարար է նշանակում մեկին, ով ընդամենը 5 տարի առաջ Ռուսաստանի դրոշ էր պատռում կամ վառում դեսպանատան դիմաց, հակառուսական ցույցեր էր անում:

Ամեն պարագայում. Էականն այն է, որ արդեն 2020-ի օգոստոսի վերջի, սեպտեմբերի սկզբի դրությամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արել էր ամեն հնարավոր ու անհնար բան, որպեսզի Ալիև-Էրդողան տանդեմը լիարժեք հնարավորություն ստանա պատերազմ վերսկսել՝ «միջազգային հանրության» հնարավոր պասիվության և Հայաստանի ներքին առավելագույն թուլության պայմաններում:

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ