23 09 2021

«...Բա հիմա ի՞նչ կասեն զոհվածների հարազատները»

«...Բա հիմա ի՞նչ կասեն զոհվածների հարազատները»

Վերջին մոտ մեկ տարվա ընթացքում սա երևի ամենից հաճախ հնչած (գրված, շրջանառված) արտահայտություններից մեկն է: Երևի՛ ամենից հաճախ կրկնվածը, եթե հաշվի չառնենք սոցցանցերում, պարզապես բակերում կամ, ասենք, որևէ խանութում, հերթի մեջ կամ կանգառում ռեպլիկային տարբերակով նիկոլական իշխանության ու դրա ներկայացուցիչների հասցեին արված հայհոյախառն արտահայտությունները, որոնք Նիկոլն ու իր «քայլախմբոնը» լիուլի վաստակել են, իհարկե:

Վերադառնանք սակայն դիտարկման բուն առարկային. «...Բա հիմա ի՞նչ կասեն զոհվածների (գերեվարվածների, հաշմվածների) հարազատները»: Այս արտահայտությունը սովորաբար հնչում ու նաև զանազան հրապարակումներում, սոցցանցային ակտիվ ու չ-նիկոլական օգտատերերից շատերի գրառումներում հանդիպում է գրեթե ամեն անգամ, երբ Նիկոլի իշխանությունը հերթական խայտառակ, անընդունելի, թշնամու շահերն սպասարկող որոշումն է ընդունում կամ Հայաստանի դեմ ուղղված քայլն անում, կամ պարզապես աչքի ընկնում ցինիկ ու անբարո դրսևորմամբ, լինի դա «զոհերի հիշատակին նվիրված գունագեղ տոնակատարության» նման մի հիմար բան ասելը, թե հունական լողափնյա պարահրապարակներում ուրախ-զվարթ տժժալը: Իսկ նման առիթներ Նիկոլն ու իր մերձավոր շրջանակը տալիս են գրեթե ամեն օր, լինում է՝ օրը մի քանի անգամ:

Դժվար չէ նաև նկատել, որ դիտարկվող՝ «...բա հիմա ի՞նչ կասեն զոհվածների հարազատները» հուզական ու, ըստ իս՝ ոչ կոռեկտ շեշտադրումը առկա է նաև առանձին քաղաքական գործիչների և անգամ՝ քաղաքական ուժերի ելույթների կամ հայտարարությունների «զինանոցում»:

Ինչո՞ւ «հուզական շեշտադրում»: Սա, կարծում եմ, ակնհայտ է, քանզի նման շեշտադրումը հիմնականում ուղղված է նախ, այսպես կոչված՝ «իշխանության ներկայացուցիչներին», որոնք, ըստ շեշտադրողների մոտեցման, պետք է որ զգաստանան, չափավորեն իրենց անզուսպ ցինիզմն ու հոռի պահվածքը, այսպես ասած՝ «քաշվեն իրենց վարքից», ամաչեն և այլն, և այդպես շարունակ: Այսինքն, մեծ հաշվով, տվյալ շեշտադրման թիրախը իշխանության գտնվողների անհատական կամ կոլեկտիվ հուզական, բարոյական կամ արժեհամակարգային հնարավոր ընկալումներն են, ելնելով կանխավարկածից, որ Նիկոլն ու իր նիկոլախմբոնի ներկայացուցիչները ևս օժտված են մարդ-արարածին սովորաբար բնորոշ նման հատկանիշներով: Մի բան, որ ծայրահեղորեն այդպես չէ, առնվազն ամոթի, բարոյական կամ արժեքային համընդունելի կողմնորոշիչների առումով:

Մյուս կողմից, դիտարկվող շեշտադրումը հասցեագրված է նաև, բնականաբար հենց զոհվածների հարազատներին, այն առումով, թե ի՛նչ ռեակցիա կտան իշխանության այս կամ այն այլանդակ պահվածքին, ինչ կասեն կամ ինչ կանեն:

Եվ, իհարկե, շեշտադրումն ուղղված է հասարակությանը (եթե ներկայիս երեսպաշտական ու կռապաշտական մոլորությունների մեջ ընկղմված խալխին կարելի է հասարակություն համարել), որը կարծես պիտի որ վրդովմունքից եռար ու հախուռն ապստամբեր՝ տեսնելով գործող իշխանության բազմազան այլանդակություններն ու իր մաշկին զգալով դրանց գլխակեր, տնաքանդ, դառնաղի ու արնաթաթախ հետևանքները:

Բա՛յց: Ինչո՞ւ կոռեկտ չէ այդ շեշտադրումը: Ո՞րն է խնդիրը:

Եթե խիստ ու հակիրճ, ապա՝ խնդիրը այն չէ, թե Նիկոլի իշխանության ու դրա ներկայացուցիչների հերթական տխմար կամ միտումնավոր այլանդակ որոշման (քայլի, դրսևորման) վերաբերյալ ինչ կասեն կամ ինչ կանեն պատերազմում զոհված մեր տղաների հարազատները, ազգականները, հորեղբայրները, քեռիները, հորաքույրները կամ նույնիսկ կնքահայրերը: Բո՛ւն խնդիրը կամ հարցն այն է, թե դուք՝ ինքնե՛րդ կամ ավելի ճիշտ՝ մե՛նք, ինքնե՛րս որքանով ենք զոհվածներին մեր հարազատը համարում:

Այսինքն, թե՛ հուզական ընկալման տեսանկյունից, թե՛ քաղաքական առումով սխալ է սպասել կամ սեփական վարքը փոխպայմանավորել զոհվածների հարազատների վարքով: Մարդիկ առանց այն էլ՝ անդառնալի ու մեծ կորստի պատճառած վշտի ու ցնցման մեջ են, խոցված, ու մի հատ էլ իրենց արձագանք է պատվիրակվում, թե՝ «դե մի բան արեք (ասեք):

Դա, տողերիս հեղինակի կարծիքով, սխալ մոտեցում է: Մեր զոհված տղաների հարազատների, ծնողների շարքերում ամենատարբեր տեսակի անձինք կան, տարբեր մակարդակի ընկալման ու գիտակցության տեր մարդիկ: Ու դա, ի դեպ, փերեզակի իրենց «շուստրիությամբ» բոլորից արագ գլխի են ընկել ու կիրառում են հենց Նիկոլն ու իր խմբոնը՝ գտնելով նմանների հետ գործարքի գնացող, զավակի արյունը փակված վարկով կամ «տաքսավատ անելու օպելով» ծախող անձանց ու այդ կատեգորիային ի ցույց դնելով զանազան «ազատա-փերֆեքթ» «ֆակտորներով», ինչը հանրության մի մասին լրացուցիչ շոկի մեջ է գցում:

Հարկավ, զոհվածների հարազատների շարքերում կան բազմաթիվ արժանապատիվ ու հստակ հարցեր առաջադրող հայրենակիցներ ևս, որոնք և՛ չեն լռում, և՛ պահանջներ են դնում, և՛ իրենց զավակի շիրիմին մոտեցող գլխակեր-կեղծավորին էլ են վանում: Բայց կրկնեմ՝ մյուս բոլորի(ս), առաջին հերթին՝ քաղաքական գործիչների և ուժերի գործողությունները, ասելիքը ու հատկապես անելիքը չպետք է փոխպայմանավորել նրանով, թե՝ «...հիմա ի՞նչ կասեն զոհվածների հարազատները», որովհետև ընկալումն ու ելակետը պետք է լինի այն, որ մեր զոհված տղաներից յուրաքանչյուրը մե՛ր հարազատն է առաջի՛ն հերթին: Ու մեծ հաշվով՝ մե՛նք բոլորս ու մեզանից յուրաքանչյուրն է զոհվածի հարազատ:

Հա, գուցե կա ինչ-որ «իքս հայրենակից», ով շնորհակալ է Նիկոլից, որ մեր բոլորի վճարած տուրքերով ձևավորված պետական միջոցների հաշվին իրեն մի քանի միլիոն դրամի փոխհատուցում է տվել՝ իր զավակի գլուխն ուտելու դիմաց: Բայց դա տվյալ անհատի, նրա անձնական բարոյա-արժեքային ընկալման հարց է: Իսկ հասարակության բարոյա-արժեքային ընկալման, առավել ևս՝ հավաքական դրսևորման գո՛րծը գլխակերին պատասխանատվության ենթարկե՛լն է, որպեսզի մեր զոհվածների շիրիմներին մոտենալու երեսատեղ ունենանք: Գոնե:

Արմեն Հակոբյան         

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ