07 09 2021

ՀՔԾ մեսիջը՝ բռնություն կիրառեք և ազատվեք պատասխանատվությունից

ՀՔԾ մեսիջը՝ բռնություն կիրառեք և ազատվեք պատասխանատվությունից

Չնայած բազմաթիվ տեսագրություններին ու վկայություններին, ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ: ՀՔԾ-ում որոշել են գործ հարուցել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին առնչվող միջադեպի մասով:

Հետաքրքիր է, որ հրապարակված տեսագրություններում շատ պարզ երևում են և՛իշխանական պատգամավորների լկտի պահվածքը, և՛անվտանգության աշխատակիցների բիրտ գործողությունները, բայց ՀՔԾ-ում երևի որոշել են, որ մեծ հաշվով խորհրդարանում տեղի ունեցածը, որի հետևանքով միտումնավոր կերպով տուժել են ընդդիմադիր պատգամավորները, արժանի չէ պատասխանատվության:

Նշենք, որ այդ տեսագրությունները համացանցում բազմաթիվ են և կարծես թե բոլորին էլ հասանելի են, այդ թվում իրավապահներին:

Ավելին՝ եթե նույնիսկ ՀՔԾ-ն չի կարողանում փնտրել և գտնել համապատասխան նյութերը գործ հարուցելու համար, համացանցում այդ մասին էլ բավականին համապարփակ ինֆորմացիա կգտնեն, որ օրինակ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանն առնվազն 2 անգամ ձեռքով և առնվազն մեկ անգամ ծնկով է հարվածել Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, Հայկ Սարգսյանը 1 անգամ Վահե Հակոբյանին և առնվազն 3 անգամ Գեղամ Մանուկյանին։ Հերթական ՔՊ-ական պատգամավոր, ոմն Նարեկ Գրիգորյանն առնվազն մեկ անգամ ոտքով և առնվազն երկու անգամ ձեռքով է հարվածել ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին, իսկ մեկ այլ ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն առնվազն 5 անգամ: Շատերն են մասնակցել պլանավորված ու կազմակերպված հարձակմանը, օրինակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը և Հակոբ Ասլանյան անունով մեկ այլ իշխանական ձեռքներով և ոտքերով հարձակվել և հարվածում էին Գեղամ Նազարյանին, որի որդին իրենց իշխանության «թեթև ձեռքով» բերված պատերազմի հազարավոր զոհերից մեկն է։ Ցանկը իհարկե կարելի է շարունակել, բայց ասյքանն էլ բավարար էր առնվազն ոչ թե մեկ, այլ մի քանի քրգործ հարուցելու համար: Թե ինչ սկզբունքով է առաջնորդվել ՀՔԾ-ն գործ հարուցելիս, դժվար է ասել․․․չնայած՝ պարզ է: Պարզ էր հենց սկզբից։ Որովհետև եթե պարզ չլիներ, իսկ այդ հարձակումների հրահրողներն ու մասնակիցները չիմանային, դժվար թե այդպիսի եռանդով լծվեին այդ խայտառակության իրականացմանը։

Նշենք նաև, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը) հոդվածի հատկանիշներով: Իսկ տվյալ հանցանքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Ընդամենը։

Ստացվում է ՀՔԾ-ն մեսիջ է հղում պատգամավորներին՝ ազատություն տվեք բռունցնքներին, բռնություն կիրառեք, հետո պատասխանատվությունից խուսափեք, կամ էլ գումար վճարեք: Սա նաև նախադեպ է, հաջորդ նման միջադեպերի առումով, այլևս պատգամավորները կարող են օգտվել այս նախադեպից՝ հարձակվել մի քանիսով մեկի վրա, բռունցքներին ազատություն տալ և փաստացի չպատժվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ