Էն խեղճ Նիկոլին ով չի ալարում, ինչ ասես՝ ասում է: Այ-այ-ա՛յ: Ոնց էլ չեն ամաչում: Ասել էր, չէ՞, որ Շուշին դժբախտ, դժգույն ու ադրբեջանական քաղաք էր: Ասաց ու տվեց, չէ՜, ուղղակի նվիրեց իր սիրելի Ալիևին: Հետո էլ ասում են, թե Նիկոլը ստախոս է, խոստումնազանց: Անամոթնե՜ր: Նիկոլը ինչ 20 տարի իր թերթում գրում էր, կոնկրետ՝ ադրբեջանական թուրքերի հետ ախպերանալու պահերով, ամեն ինչ կատարել է, դեռ մի բան էլ՝ գերակատարել: Նիկոլը 20 տարի շարունակ, Արցախի ու արցախցիների նկատմամբ մաղձ էր արտանետում, իսկ հիմա լիովին հագուրդ է տվել իր այդ պաթոլոգիկ, իսկ գուցե նաև՝ էթնիկ ատելությանը:
Նիկոլը, որ 25-30 տարի շարունակ թույն ու թարախ էր շնչում Հայաստանի պետական գոյության, Հայաստանի զինված ուժերի, անկախության ու անկախության վերականգնումից հետո, մինչև 2018 թվականն ունեցած բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների հանդեպ, վերջին երեք տարվա մեջ իր ու իր շրջապատի այդ ուլտրա-ատելությանն ու մաղձին լիովին հագուրդ է տվել:
Այնպես որ, Նիկոլը բացեիբաց խոստանում էր դժոխք, մահ, կործանում, սպանություններ, անտերություն, թշվառություն, օլիգարխիկ ու սրիկայական միջավայր, Նիկոլը խոստանում էր խայտառակ պարտություններ, Նիկոլը բացեիբաց հայտարարեց, որ հպարտանո՛ւմ է մեր զորքի նկատմամբ թշնամու հաղթանակով, հպարտանում է, որ հազարավոր հայ զինվորներ են իր ապիկարության հետևանքով սպանվել, հպարտանում է, որ հարյուրավոր հայկական բնակավայրեր տվել է թուրքին, հպարտանում է, որ Հադրութը նվիրել է թուրքին, հպարտանում է, որ Շուշին նվիրել է թուրքին, հպարտանում է, որ Սյունիքը վերստին դրել է թուրքական համակողմանի շրջապատման մեջ... և իր հետ հպարտացող 666 հազար կռապաշտ քվեարկում է նրա օգտին:
Մի խոսքով, Նիկոլին բան էլ մ՛ի ասեք. ինչ խոստացել է, ամենը կետ առ կատ կատարել է, դեռ մի բան էլ՝ ավելին:
Դիտարկում ես մերօրյա հոյակապ իրականությունը՝ բանակի ոչնչացումը, երեք տասնամյակի ունեցած բոլոր նվաճումների զրոյացումը, իշխող օտարահպատակ ցածրախավի կողմից այդքան ատելի Արցախի 75 տոկոսը թուրքին, իսկ մնացած 25 տոկոսը ռուսին նվիրելու իրողությունը, դիտարկում ես տասնյակ հազարավոր տնազրկված հայրենակիցներին, էլ ավելի տասնյակ հազարավոր հայրենակիցների, որ արագ-արագ փախչում-փրկվում են այս նիկոլադժոխքից, դիտարկում ես Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի բնակավայրերի՝ գրեթե ամենօրյա ռեժիմով գնդակոծումները...
Դիտարկում ես և չես կարող չհիանալ էս պայծա՜ռ, էս լուսավո՜ր (էն կլասիկ նիկոլաջեբոյի ականջը կանչի), էս թավշյա «ապագակա»-ով:
Ի դեպ, Արցախի մնացորդների մասին: Այն, որ չնայած Նիկոլի պրոթուրքական ջանքերին, ռուսները մի կերպ պլոկեցին՝ իրենց շահերից ու այնտեղ հենակետ ունենալու նկատառումներից ելնելով (ուշագնաց չէին լինում մեր «սիրուն աչքերի» համար, բնականաբար): Օրումեջ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություններ է տարածում առ այն, որ ռուսական խաղաղապահ ուժերը Արցախի այս կամ այն շրջանում ապահովեցին տեղի հայ բնակիչների շարժը Ա կետից Բ կետը, կամ, ասենք, Ասկերանի շրջանի հողագործների անվտանգությունը՝ ցորենի բերքը հավաքելու համար, կամ՝ Ամարաս գնացողների անվտանգությունը: Կամ ասենք՝ ռուսական խաղաղապահները այսինչ դպրոցն այցելեցին, այնինչ մանկական ճամբարը, մանկատունը... Գնացին՝ երեխեքին նվերներ տարան, բժիշկները մի հատ նայեցին...
Կարդում ես, տեսանյութերը նայում և հոգիդ փառավորվո՜ւմ է (կհիշեք, մեկը կար, դրա հոգին փառավորվել էր, որ 2008-ի մարտի 1-ին...): Ախր, ի՜նչ դժբախտ, ի՜նչ դժգույն էր Արցախը, ի՜նչ դժբախտ ու դժգույն էինք նախկինում բոլորս առհասարակ: Իսկ հիմա ի՜նչ երջանիկ ենք, ինչ ուրախ ու անհոգ. էդ Արցախից պրծանք վերջապես, էլ նիկոլապաշտների էրեխեքը Արցախ չեն գնում ծառայելու, այլ վերջապես լիակատար հնարավորություն ունեն՝ սպանվել իրենց իսկ տնամերձում, վար անելիս, կամ դաշտում՝ ձմերուկ հավաքելիս:
Ախր ո՜նց էինք կարողանում այդ անիծյալ ու խայտառակ նախկինում յոլա գնալ առանց ռուսական խաղաղապահների մարդասիրական ու մանկասիրական այցելությունների...
Ախր նախկինում ուղղակի ամոթ ու աններելի խայտառակություն էր, որ կարող էիր նստել քո անձնական օգտագործման ավտոմեքենան ու մի երեք-չորս ժամում հայտնվել Արցախում: Ինչպիսի՜ անպատկառություն էր, որ անիծյալ նախկինում Ստեփանակերտի ճանապարհին մի հատ էլ Շուշի էիր մտնում ու Ղազանչեցոցում մոմ վառում:
Իսկ այն, որ կարող էիր Վարդենիսով գնալ ու ճանապարհին էլ Արշակի մոտ մի կտոր հաց ուտել, պարզապես շատ, շա՛տ վատ էր: Հիմա լավ է՝ ո՛չ Արշակի «օբյեկտիը» կա, ո՛չ էլ էդ կողմով կարող ես գնալ, եթե, իհարկե, չես ուզում հանուն Նիկոլի հիվանդ պատկերացումների՝ հայտնվել ադրբեջանական գերության մեջ ու բանտում: Եվ դա պարզապես հրաշալի է:
Այ, որ նախկինում ասկերանցի հողագործները իրենց բերքուբարիքը առանց ռուս խաղաղապահների աջակցության էին հավաքում, շատ վատ էր: Հիմա՝ լավ է:
Ահավոր էր, երբ առանց որևէ մեկին հարցնելու կարող էիր նախկինում գնալ Դադիվանք: Իսկ հիմա... Հիմա ի՞նչ՝ փառք, քեզ, փառք, Նիկոլ հողատո՛ւ:
Ի դեպ, Արշակի օբյեկտի պահով: Մի շատ հայտնի ժողովրդական խոսք կա Հայաստանի մարզկենտրոններից մեկի ներկայացուցիչների վերաբերյալ: Ասում են, որ այդ մարզկենտրոնի ներկայացուցչի հաց ուտողը բալա չի ունենա: Հիմա Նիկոլինն է, բայց այլ մոտեցմամբ, այն է՝ իջևանցի Նիկոլին հաց տվողը տնից էլ կզրկվի, տեղից էլ, հացից էլ, օբյեկտից էլ, դեռ մի բան էլ հարկային տուգանքի տակ կընկնի:
Այնպես որ, վայելեք, վայելեք ձեր իսկ ձեռքով ձեր իսկ ստեղծած այս արնաշաղախ դժոխքը: Հիմարացած խալխին դա էլ է քիչ, չնայած՝ լիովին հասնում է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը